Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊՊԾ գնդի գրավման հետևանքով տեղի ունեցած իրադարձությունների դասերը

Օգոստոս 03,2016 07:47

Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը և նրա հետևանքով 15 օր շարունակ Հայաստանում ընթացող իրադարձություններն իրենց բնույթով, բացառիկությամբ նմանը չեն ունեցել ոչ միայն նորանկախ Հայաստանի վերջին 26 տարիների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների (ներառյալ՝ 1996թ.-ի. 2008թ. մարտի 1-ի իրադարձություններ) պատմության մեջ, այլև դրանք իրենց եզակիությամբ, ասելիքով և նշանակությամբ համարյա կարող են համեմատվել Մայդանում տեղի ունեցած իրադարձությունների հետ:

Չեմ ծանրանա այն իրողության վրա, թե այս 15 օրերի ընթացքում որքան ստրատեգիական և տակտիկական սխալներ թույլ տվեցին և իշխանությունները, և «Սասնա ծռերը», և ժողովուրդը, այլ կփորձեմ վերլուծել կատարվածի և դրա արդյունքում տեղի ունեցած իրադարձությունների դասերը, որոնք բոլորիս խորհելու հսկայածավալ նյութ թողեցին:

Թե տարիներ առաջ սկսված և այսօր էլ բոլոր ուղղություններով շարունակվող որքան վատ իրավիճակ է տիրում մեր երկրում, դա բոլորին է հայտնի, որի արդյունքում էլ իրականում եղավ այն, ինչ եղավ և այսօրվա գերխնդիրը դրանցից բխող դասերն են, որոնք իշխանություններն իրենց հերթին պետք է սերտեն, ժողովուրդն էլ՝ իր հերթին:

Ցանկացած իրադարձության արդյունքը հիմնականում լինում է այնպիսին, ինչպիսին պետք է լիներ և հարցադրում անել, թե «Սասնա Ծռերն» արդյոք ճիշտ վարվեցին, որ զենքը վայր դրին, իշխանությունները ճիշտ վարվեցին, որ նման մոտեցումներ որդեգրեցին, այդ բոլորն անիմաստ են, քանզի դրանք արդեն անցյալ են, իսկ անցյալից միայն կարելի է դասեր քաղել և ոչինչ ավելին:

Ակնհայտ է, որ որևէ բանական էակ չի կարող պնդել, որ որևէ երկրում, սովորական իրավիճակներում հնարավոր են նման արտասովոր իրադրություններ, ինչն այնուամենայնիվ մեր երկրում եղավ և ինչպես ասում են, չկա չարիք, առանց բարիքի ու այդ անցանկալի իրադարձությունների ֆոնի վրա ժողովուրդը մի քիչ ավելի ճանաչեց և իր իշխանություններին, և ինքն իրեն: Այն, ինչ կատարվեց, հստակ ցույց տվեց, որ ինչպես միշտ, այնպես էլ այսօր, մեր ժողովուրդը միասնական չէ (բացառությամբ 1988թ.-ի) և երկրորդ, արտակարգ իրավիճակներում իշխանությունները՝ մեղմ ասած, պատրաստ չեն ժողովրդի հետ ճիշտ հարաբերվելու:

Մեկ նախադասությամբ նշեմ նաև, որ քաղաքացիական պատերազմի վտանգով հղի այդ իրադարձությունների ժամանակ հստակ երևաց, որ Հայաստանում քաղաքական ուժեր (Ազգային Ժողով), պետական կառավարման և այլ մարմիններ իսպառ գոյություն չունեն: Մի՞թե հնարավոր է, որ քիչ ժամանակ հետո՝ 2017թ.-ի ապրիլի 2-ին մեր ժողովուրդը ների և մոռանա այս ամենը ու ԱԺ ընտրությունների ժամանակ թեկուզ մեկ ձայն տա այս կուսակցություններից որևէ մեկին:

Վերջին ձերբակալություններից և երկամսյա կալանքի որոշումներից հստակ պարզ է դառնում, որ իշխանություններն առայժմ չեն պատրաստվում դույզն անգամ նահանջել իրենց մշտական գործելաոճի ուղեգծից, որը վկայում է այն մասին, որ իրենք մտածելու բան չունեն: Մտածելու բան ունի միայն ժողովուրդը…:

Թե, իշխանություններն ինչ դասեր կքաղեն այս իրադարձություններից և ինչ քայլեր կանեն, դա իրենց գործն է, սակայն, եթե ժողովուրդը չօգտագործի և չխորացնի այս եզակի հնարավորությունը, համառորեն չզարգացնի իր համակարգված պահանջների ներկայացումն իշխանություններին, ապա ինքը միանշանակ արժանի է այս կյանքին:

Երկարատև լռությունից հետո, ստեղծվել է պարարտ հող, որի մեջ ժողովուրդը պետք է ցանի առողջ սերմեր և արդյունքում փորձի ստանալ առողջ պտուղներ: Եթե կկարողանա անել, փառք ու պատիվ իրեն, եթե ոչ, ապա հերթական անգամ նրա մեջքը կջարդվի, որից հետո կշարունակի գոյատևել շատ ավելի վատթար պայմաններում՝ փրկության հույսի հերթական չափաբաժնի կորստով: Կապիտալիստական երկրներում, մասնավորապես նաև Հայաստանում, ժողովուրդներին ոչինչ տվող չկա և նա միշտ պետք է հնձի այն, ինչ կցանի: Իսկ, որ բերքատվության համար եղանակն այս օրերին բարենպաստ է, դա կույրին էլ է տեսանելի:

Եթե ամփոփենք, ապա պարզից էլ պարզ է, որ այս եզակի իրադարձություններից ճիշտ դասեր քաղելու և հետագա քայլերը ճշգրիտ կատարելու դեպքում, ժողովուրդը կարող է հասնել էական արդյունքների: Հակառակ պարագայում, ամեն ինչ ավելի վատ է լինելու…: Ինչպես ասում են. Սերգո ջան, վատ ես ապրելու…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031