«Ինձ մոտ այսպիսի հարց է առաջանում՝ արժի՞ իր իշխանությունը այն մի տղայի աչքին, իր ամբողջ իշխանությունը, իր բոլոր գործերը համարժե՞ք են դրան՝ այն երիտասարդի հաշմանդամ դառնալուն: Իհարկե՝ ոչ: Ավելի լավ է 10 իր նման հրաժարական տա, քան թե մի անմեղ երեխա դառնա հաշմանդամ»,- մեզ հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսպիսի տեսակետ հայտնեց, երբ հետաքրքրքվեցինք, թե ինչ կարծիք ունի Սերժ Սարգսյանի՝ Սասնա ծռեր խմբի հետ կապված վերջին հայտարարության մասին:
Պարույր Հայրիկյանն ասաց, որ հայտարարության մեջ իր համար ամենատխուրն այն էր, որ չկար սեփական մեղավորության զգացում. «Մի թեթեւ ակնարկ է անում, թե մենք էլ խնդիրներ ունենք, ցանկացած երկիր ունի խնդիր, բայց դու կեղծել ես Սահմանադրության հանրաքվեն, դա ծանրագույն հանցագործություն է: Դու արել ես դա ու դեռ տեղ ունես խոսելո՞ւ»:
Ըստ Հայրիկյանի, ժողովրդի մի ստվար զանգված փողոց էր դուրս եկել արյունահեղությունը կանխելու համար, բայց նաեւ սատարում էր զինված խմբին. «Մի՞թե սա պիտի չստիպեր մտածելու երկրի գլխավոր պատասխանատուին, որ գուցե իր մոտ ինչ-որ բան այն չէ: Ես իր ճառագիրներից գոհ ու երջանիկ լինելու բան չունեմ՝ որպես քաղաքացի»:
ԱԻՄ առաջնորդը հիշեց մի դրվագ՝ երբ Ստեփան Զատիկյանի գործով ռուսական ԶԼՄ-ներից մեկին հարցազրույց է տվել, խստորեն դատապարտել է բռնի ուժը, ահաբեկչությունը. «Այդ ժամանակ Սերժ Սարգսյանն անձամբ զանգահարել է ու ասել՝ շնորհակալություն, որ տեռորիզմի մասին այդպես սկզբունքային գնահատականներ տվեցիր: Ուղղակի վերջում էլ ասեց՝ գիտես, շատ հավանեցի այդ հաղորդումը: Գիտեն, որ ես 50 տարի ուժի կիրառմանը դեմ եմ եղել»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ Ձեր՝ ներկայությունը հարթակում չէ՞ր նշանակում, որ Դուք ամեն դեպքում աջակցում եք Սասնա ծռեր խմբին՝ նա պատասխանեց. «Այս մարդիկ նախ քաղաքականապես են փորձել հարցերին ընթացք տալ: Հետո Վարուժանի մի ելույթից հետո ակնհայտ դարձավ, որ սահմանադրական հանրաքվեն իսկապես իրենց համար նույնպես վերջին կաթիլն էր: Իրենք հասկացել են, որ քաղաքական ճանապարհով անելու բան չկա, կամ իրենց համբերությունը չի հերիքել: Ես այդպես չեմ վարվել ու չեմ վարվի երբեք, բայց երկրի իշխանավորին պիտի՞ ստիպեր սա մտածել: Ոչ թե ձեւականորեն ասի՝ կարող են իշխանություններից դժգոհել: Չէ, դժգոհ չեն, դու անընդունելի ես՝ բոլոր առողջ մտածող մարդկանց համար, որովհետեւ դու ամեն ինչ ես ոտնահարել՝ ՀՀ ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը: Այսպես որ ուզում ես գնալ կոմպրոմիսային տարբերակով, հո անընդմեջ Պուտինը չի՞ լինելու դրության տերը: Պուտինն ամբողջ աշխարհին է պատերազմ հայտարարել»:
Սերժ Սարգսյանն իր ելույթում խոսում է ՀՀ անվտանգության մասին: Հայրիկյանը գտնում է, որ 31 ամպստամբները ավելին չեն վտանգել ՀՀ անվտանգությունը, քան Սահմանադրությունը հետին նպատակներով՝ «Հայաստանը ՌԴ-ի գուբերնիա դարձնելու նպատակով փոփոխող Սերժ Սարգսյանը»:
Նախագահը նաեւ իր ելույթում իր զզվանքն է հայտնում զինված խմբին ոգեւորողներին. «Ափսոս, որ անհիմն ոգևորողները, հստակ գիտակցելով, որ նպաստում են զինյալների կործանմանը, չկարողացան զսպել իրենց մեջ կուտակած մաղձը, լիուլի թափեցին այն՝ միայն թե քաոս լինի, միգուցե ալեկոծումները պատահաբար կեղտը մակերես հանեն: Զզվելի է»:
Մեր հարցին՝ ո՞ւմ նկատի ունի Սերժ Սարգսյանը՝ Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Նկատի ուներ նաեւ ինձ, որովհետեւ մենք ապստամբությունից ընդամենը 4 ժամ հետո հայտարարություն ենք ընդունել: Մենք ոգեւորել ենք իշխանություններին՝ զուսպ լինելու: Մարդիկ եթե արդեն գործողությունն արել են, էլ ի՞նչ ոգեւորելու մասին է խոսքը: Մարդիկ արդեն արել, վերջացրել էին»:
Ինչ վերաբերում է ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելու Սերժ Սարգսյանի առաջարկին՝ Պարույր Հայրիկյանն արձագանքեց. «96-ին էլ իրար հետ ենք մենք աշխատել, ինձ լսողը ինքն էր, բայց ինքը բոլոր չափերն անցել է: Միակ բանը, որ պիտի անի, պիտի ասի՝ ես իսկապես չափն անցա, ներող եղեք, ես գնում եմ: Ազգային համաձայնության կառավարություն ես կձեւավորեմ: Թող բարի լինի ասի՝ ես մեղավոր եմ, գնում եմ, Հայրիկյա՛ն, ձեւավորի՛ր: Ես էլ, քանի որ 50 տարուց ավելի է՝ քաղաքականության մեջ եմ եւ երբեւիցե քաղաքական ամբիցիաներով հանդես չեմ եկել, ես կձեւավորեմ ազգային համերաշխության կառավարությունը, թող ինքը ասպարեզից հեռանա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հայաստան երկիրը դատարկվել և ավերակների է վերածվել Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ջանքերով: Նրանք են մեր երկիրը տարել-հասցրել անդունդի եզր: Նրանք երեքն էլ կարող են համարվել մեր թշնամի տերությունների ամենազորեղ հերոսները: Նրանց անունները գրվելու է Թալեաթի և Էնվերի անունների կողքին: Հայ ժողովուրդը այլևս ոչ մի դրական ակնկալիք չի կարող ունենալ այս խամաճիկային իշխանությունից: Սա իշխանություն չէ, այլ իշի խանություն: