Սիրելի օլիմպիականներ: Չորս տարի դուք ամենօրյա քրտնաջան աշխատանքով հասել եք այնպիսի մակարդակի, որ մարզական աշխարհի ամենապատվաբեր մրցաշարին՝ Oլիմպիական խաղերին, մասնակցելու իրավունք եք վաստակել: Աշխարհի գերհզոր շատ երկրներ կնախանձեն ձեզ: Օլիմպիական խաղերի ճանապարհին դուք ձեր անձնական ու ազգային հավաքականների մարզիչների հետ միասին հրաժարվել եք առօրյայից, գիշեր ու ցերեկ մարզումներում, ուսումնամարզական հավաքներում, աշխարհի ու մայրցամաքային առաջնություններում, միջազգային ամենահեղինակավոր մրցումներում եւ օլիմպիական վարկանիշային մրցաշարերում հաղթահարել եք դաժան ճանապարհ ու հասել յուրաքանչյուր մարզիկի նվիրական երազանքի իրականացման շեմին:
Չորս տարի պետությունն իր հնարավորությունների սահմաններում արել է ամեն բան, որպեսզի դուք պատշաճ նախապատրաստվեք Օլիմպիական խաղերին: Սակայն հատկացված պետական միջոցները հասկանալի պատճառներով չէին կարող բավարարել բոլոր պահանջները: Այդ դժվար պահերին դուք ձեր թիկունքում մշտապես զգացել եք ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ներկայությունը, ով իր անձնական միջոցներով աջակցել է հավաքականներին ու անհատ մարզիկներին՝ մեծապես նպաստելով, որ Անկախ Հայաստանը Օլիմպիական խաղերի ռեկորդային թվով ուղեգրեր նվաճի:
Սիրելի օլիմպիականներ: Մենք՝ ՀԱՕԿ-ի եւ «Առավոտ» օրաթերթի ԶԼՄ-ների ավանդական մարզական խաղերի մասնակից 20-ից ավելի լրատվամիջոցների ներկայացուցիչներս, համայն հայության հետ միասին հետեւելու ենք Ռիո դե Ժանեյրոյում ձեր մրցելույթներին՝ վստահ լինելով, որ դուք կուրախացնեք բոլորիս, իսկ մեզ՝ լրագրողներիս, ձեր հաղթանակները լուսաբանելու հաճույքը կպարգեւեք:
ԶԼՄ-ների 3-րդ մարզական խաղերի մասնակիցներ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ