Մարուղենին՝ արջախաղողը, պատկանում է հավամրգիների ընտանիքին: Ծաղկում է մայիս-հունիս, իսկ պտուղները հասունանում են հուլիս-սեպտեմբեր ամիսներին:
Բուժական նպատակով օգտագործում են բույսի տերեւները:
Քիմիական կազմը։ Պարունակում է գլիկոզիդ, արուտինա, դաբաղող նյութեր, ֆլավոնոիդներ, օրգանական թթուներ եւ այլ միացություններ։
Բուժական ազդեցությունը։ Բույսը հրաշալի միզամուղ է, հակաբորբոքային եւ ախտահանող միջոց։ Այն ունի նաեւ ընդհանուր հանգստացնող, դաբաղող, հակալուծային, արյունահոսությունը դադարեցնող հատկություններ։ Հաջողությամբ կիրառվում է երիկամի ավազանի եւ միզապարկի բորբոքումների ժամանակ, ինչպես նաեւ ուրետրիտների, ցավոտ միզարձակման եւ ակամա միզարտադրության ժամանակ։ Այն օգտագործվում է նաեւ մարսողական օրգանների մի շարք լուծով ուղեկցվող հիվանդությունները բուժելիս։
Կիրառման եղանակները։ Եփուկ։ Պատրաստվում է 1:10 հարաբերությամբ՝ ընդունված եղանակով։ Խմել պարբերաբար մեկ ճաշի գդալ, օրական 3-4 անգամ։
Ջրաթուրմ։ Պատրաստել ընդունված եղանակով, նույն հարաբերությամբ, ինչ որ եփուկը։ Խմել 1/3-1/2 բաժակ, ուտելուց հետո:
Երեխաների համար պատրաստել բույսի նոսրացված, թույլ ջրաթուրմը՝ մեկ թեյի գդալ բույսը՝ մեկ բաժակ եռման ջրում։ Այս դեպքում խորհուրդ է տրվում խմել մեկական գդալ, օրական 3-4 անգամ։
Լուծի դեպքում խորհուրդ է տրվում մարուղենու եփուկը կամ փոշին։ Վերջինս՝ մեկական գրամ, օրական 2 անգամ։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ օրաթերթ»