Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Տեսնես Սերժ Սարգսյանի համար Սողոմոն Թեհլերյանն ո՞վ է՝ ահաբեկի՞չ, թե՞ հերոս». Աշոտ Հակոբյան

Օգոստոս 02,2016 23:32

Հոգեբան Աշոտ Հակոբյանը, գնահատելով հասարակական-քաղաքական գործիչների, հոգևոր դասի հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած ելույթը՝ ասաց. «Իմ պատկերացումների մեջ կողմնորոշվել նախագահի գնահատականներում բավականին դժվար է: Ես կարծում եմ, որ այդ խոսքերն արտասանել է մի մարդ,  որը համապատասխանորեն չի կարողանում գնահատել ստեղծված իրավիճակը: Երևի մեր հարգարժան նախագահին այդ վիճակին բերել է իր անսահմանափակ իշխանությունը, հավանաբար գիտակցությունը մթագնել է այդ իշխանության մոլուցքից, ու նրա խոսքն, ըստ էության, հիվանդ ազդեցությունների, հիվանդ զարգացումների պտուղ է»:

Մեր զրուցակցի համոզմամբ, նախագահն իր գնահատականներով ավելի  է խորացնում անջրպետը հասարակության ու իշխանության միջև: «Նախևառաջ ինչպե՞ս կընկալվի հասարակության կողմից, եթե նախագահի կողմից ոստիկանական համակարգի կամ իրավապահ մարմինների աշխատանքի գնահատականի մեջ հայ մարդը, հայ հասարակությունը տեսել է այլ բան, իսկ նախագահի կողմից դա գնահատվում է որպես, եթե չեմ սխալվում բառերի մեջ, ապա  սառնասրտորեն և մեծահոգաբար կատարված գործողությունների շարք, որը, ըստ նախագահի, ուղիղ ցուցիչն է պրոֆեսիոնալիզմի և իրավապահ մարմիների ուժի: Ես կարծում եմ՝ Խորենացի փողոցում հայ մարդը տեսավ անհամաչափ ուժի գործադրման և  կիրառվող միջոցների ոչ նպատակային կիրառում: Ինչո՞ւ պիտի ոստիկանության կամ իրավապահ համակարգի աշխատանքը, դա կլինի ոստիկանության հատուկ զորքերի կամ ազգային ծառայության, դա նշանակություն չունի, պիտի գնահատվեր որպես գրագետ քայլեր:

Ես կարող եմ պարոն նախագահին հարցնել՝ գրագե՞տ էր արդյոք, երբ նետված նռնակը հանկարծ հայտնվում է ինչ-որ մեկի բակում, գրագե՞տ է արդյոք, երբ ուժի գործադրումը կամ հատուկ միջոցների կիրառումը ոչ թե բողոքի ցույցի սահմանափակումն է, եթե նույնիսկ ինքը շրջանցել է օրենքը, խառնում է այլ քաղաքացիների հանգիստը, անհրաժե՞շտ էր արդյոք, որ այդ նռնակը հայտնվեր ցուցարարների ուղիղ մեջտեղում՝ վնասելով մարդկանց: Եվ գրագե՞տ է արդյոք, ի՞նչ կմտածի այն կինը, որի մաշկի 50 տոկոսն այրվել է, և ինքը հիմա պառկած է վերակենդանացման բաժանմունքում: Գրագետ արդյոք ինքը կգնահատի՞ ոստիկանների այդ քայլը և արդյո՞ք գրագետ կգնահատեն լրագրողները, որոնք ընդհանրապես այդ վերաբերմունքին արժանի չէին:

Ի հավելումն սրա, հետո նախագահի կողմից հանկարծ ոչ ադեկվատ հակազդեցությունների պարագայում հորդոր է հնչում լրագրողներին ուղղված, թե բերեք մոռանանք այս ամբողջը: Ինչպե՞ս մոռանանք, իսկ արդյոք այդ մոռանալու հանգամանքը կբերի՞ մեր իրավական դաշտի կայացմանն ու զարգացմանը: Մյուս կողմից սկզբում հնչող  հավաստիացումները, որ անհրաժեշտ է կատարել անաչառ, մանրակրկիտ քննություն, վերլուծել, հասկանալ, բաց դատավարություն և այլն, ելույթի սկզբում այդպիսի դիրքորոշում հայտնելով՝ ընդամենը մեկ պարբերություն հետո նախագահը կանխակալ դիրքորոշում է հայտնում՝ վերաորակելով կատարված գործողությունը որպես ահաբեկչություն:

Ընդ որում, մեզ հորդորում է այդ չարիքից, քաղցկեղից հեռու մնալ, և որ դա կսպառնա ցանկացած հասարակության արդյունավետ կենսագործունեությանը: Ինքը շեշտադրում է նաև, որ ահաբեկչությունը չարիք է բոլոր պարագաներում, նույնիսկ ամենահիմնավոր դեպքում: Ես միշտ մտածում եմ, որ հայ մարդը ահաբեկչության երևույթին առնչվելիս՝ պիտի գոնե մի քիչ զգուշավոր լինի, հակառակ պարագայում ես նորից հարց կտայի պարոն նախագահին՝ իսկ ինչպե՞ս, որտե՞ղ տեղադրենք Հայոց Նեմեսիսը, արդյոք ահաբեկչությո՞ւն է նույնիսկ ամենահիմնավոր պայմաններում: Նույնիսկ ամենահիմնավոր պայմաններում նախագահի համար Սողոմոն Թեհլերյանն ո՞վ է, ահաբեկի՞չ է, թե՞ հերոս»:

Մեր զրուցակցին ապշեցրել է նաև նախագահի՝ մտավորականությանը տված գնահատականը: «Մտավորականությանը տված գնահատականում նախագահը ոգեկոչեց, իր գնահատմամբ, երևելի մտավորականների շերտին, որոնք նստած էին այդ ելույթի ժամանակ: Ես ուղղակի կուզենայի հարցնել, իսկ այն մտավորականները, որոնք հարթակին էին, երևելի մտավորականներ չէի՞ն, ասենք օրինակ՝ Արսինե Խանջյանը, Թամարան, Եղիշե Պետրոսյանը, Հախվերդյան Ռուբենը: Նախագահի խոսքն այս պարագայում նորից խորացնում է թշնամանքն ու անջրպետը հասարակության մեջ»,- ասում է Աշոտ Հակոբյանը:

Ըստ հոգեբանի, հայ հասարակությունը կանգնած է մահասարսուռ վտանգի տակ, իսկ մեր իշխանավորները կարծես չեն ուզում նկատել, հասկանալ, որ հուլիսի 17-ից «Սասնա ծռերը» նոր քաղաքական ընթացք ու զարգացումներ են շեշտադրել հանրապետությունում: «Սասնա ծռերը, զբաղեցնելով ինչ-որ մի շենք, չեն գնում ագրեսիվ գործողությունների, առաջին պահին ասում են՝ մենք ունենք քաղաքական հայտարարություններ և դրանից հետո ոչ մի բանակցություն: Եվ ոչ ոք նրանց չասեց, եղբայր, ձեր քաղաքական հայտարարությունը, ձեր նպատակները որո՞նք են: Հետևաբար ես նորից եմ կրկնում, բանակցություններ մենք այդպես էլ չտեսանք»:

Հոգեբանն անդրադարձավ նաև նախագահի հնչեցրած այն մտքին, որ շուտով կձևավորվի ժողովրդի վստահության կառավարություն: «Ինքն ասաց, թե դա կլինի ընտրություններից հետո, և դա իրենք նախատեսել էին սահմանադրական բարեփոխումների արդյունքում: Իրականում պարոն նախագահը մոռանում է, որ սահմանադրական հանրաքվեն անցավ կեղծիքներով: Ու երկրորդ՝ սահմանադրական հանրաքվեից հետո համամասնական ընտրություների մեխանիզմը մեզ մոտ չի աշխատելու, չի գործելու: Հուլիսի 17-ը հերթական անգամ ապացուցեց, ջրի երես բերեց այն իրողությունը, որը բոլորս գիտենք, հիմա դա ակնբախ ճշմարտություն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգը ուղղակի պարալիզացված է, ուղղակի չկա որևէ կուսակցություն: Որևէ կուսակցություն կատարված իրողության նկատմամբ դիրքորոշում, գոնե առաջին օրերի ընթացքում, չհայտնեց, իսկ մնացածները, որոնք հետո ուշացած հայտնեցին, ուղղակի նվագեցին կամ նվագակցեցին իշխանության սրինգին: Այդքան մի բան, հետևաբար գլխատված քաղաքական համակարգի պարագայում, ես երբեք չեմ ունենա վստահության կառավարության»:

Հոգեբան Աշոտ Հակոբյանն, անդրադառնալով արցախյան հիմնախնդրին, կարծիք հայտնեց, որ  կոմպրոմիսի մթնոլորտ գոյություն չունի, հետևաբար և նախագահը չի կարող խոսել փոխզիջումներից: «Եթե մենք խոսում ենք փոխադարձ զիջումներից, ապա փոխադարձ զիջումը դա կոմպրոմիսն է քաղաքական, ազգամիջյան հիմնախնդիրների, բայց կոնկրետ այս պարագայում, այսպիսի բախումների պարագայում լուծման հնարավոր տարբերակ կարող է աշխատել միայն մի դեպքում, երբ կա կոմպրոմոսի մթնոլորտ: Կոմպրոմիսի մթոնոլորտ նշանակում է կողմերը կամ սպառել են իրենց, կամ երկուսն էլ ուժեղ են այն աստիճան, որ հնարավոր չէ խնդիրը լուծել, գնում են փոխադարձ զիջումների: Իսկ այս պարագայում, երբ ընդամենը մի երկու ամիս առաջ ագրեսիվ Ադրբեջանը հարձակվում է իմ հայրենիքի վրա, հետո ինձանից պահանջում է փոխզիջումներ, դա նշանակում է ոչ թե փոխզիջում, այլ նշանակում է կապիտուլյացիա: Դա փոխզիջում չէ, փոխզիջման մթնոլորտ չկա: Մյուս կողմից՝ մեր իշխանավորները Մոսկովայի հրահանգով ու ցուցումներով շարունակում են մինչև հիմա հայտարարել, թե սա փոխզիջումային տարբերակ է, ու սա էլ հակասություն է արդեն: Հիմա այդ հիմնախնդիր մեջ կոմպրոմիսի մթոնոլորտ չկա, կա Հայաստանի անարդյունավետ վիճակ ու կա Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականություն ու այդ պարագայում խոսել փոխզիջումային հնարավոր տարբերակներից, ուղղակի անհեթեթ է»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գուրգեն says:

    Միայն վերնագիրն եմ կարդացել և ուղղակի զզվանքս եմ արտահայտում:Բնավ,մտադրություն չունեմ մեկնաբանելու ՀՀ նախագահի անիմաստ ելույթը,բայց միևնույն ժամանակ Աշոտը Հակոբյան այն վերջին մարդն էր,ով կարող էր մեկնաբանել Սերժի ելույթը:Հոդվածագիրը լավ կլիներ ի սկզբանե ընթերցողներին տեղյակ պահեր,որ իր զրուցակից հոգեբանը Սասնա Ծռերից մեկի շատ մոտ ընկերն է:Երկրորդ՝Թեհլերյանը թուրք է սպանել,այլ ոչ թե հայի:Բացարձակ չպաշտպանելով և չքննադատելով Սասնա Ծռերի տղաներին կասեմ,որ աավելի անգրագետ և ոչ կոռեկտ համեմատություն չէի լսել:Պաթեթիկ մեկնաբանություններ տակը չգրեք………

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031