Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Սերժ Սարգսյանը ահաբեկչություն է ասում, ուրեմն արդեն կան հանձնարարականներ, որ այդ հոդվածով դատեն». Ավ. Իշխանյան

Օգոստոս 02,2016 19:42

Նախագահ Սերժ Սարգսյանը  իշխանության, հասարակության, հոգեւոր դասի ներկայացուցիչների հետ հանդիպմանը որոշ գնահատականներ տվեց «Սասնա ծռեր» զինված խմբի գործողություններին:

Նա իր խոսքում մի քանի անգամ օգտագործեց «ահաբեկչություն» բառը՝ ասելով, որ «իշխանությունները կգան եւ կգնան, բայց ահաբեկչության խրախուսումը քաղցկեղի պես կմնա», «ո՛չ ասեք ահաբեկչությանը», «ահաբեկչությունը մահացու մեղք է» եւ այլն:

Aravot.am-ը իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին հարցրեց՝ հաշվի առնելով, որ գործի քննությունը չի ավարտվել, սա հերթական անգամ Սերժ Սարգսյանի կողմից նախաքննական մարմիններին ուղղորդում չէ՞, նախագահը չպե՞տք է ձեռնպահ մնար այսպիսի գնահատականից, երբ քրգործ է հարուցված:

Նա պատասխանեց. «Դուք խոսում եք իրավական պետության մասին: Եթե մենք ապրեինք իրավական պետության մեջ, ձեր ասածները տեղին կլինեին: Գուցե շատերը զարմանան, բայց ես ողջունում եմ Սերժ Սարգսյանի ասածները, միանգամից դատավճռի տեսքով ասելը, որովհետեւ մեր տիպի երկրներում, որտեղ չկա անկախ դատաիրավական համակարգ, անկախ քննչական կոմիտեներ, այդպիսի երկրներում հաճախ ղեկավարները՝ կլինի թագավոր, միապետ, առաջնորդ, թե նախագահ, նրանք մեծ մասամբ ասում են՝ դիմեք դատարան, դատարաններն են որոշում, ես չեմ կարող գնահատական տալ: Այսպես ձեւ են թափում: Մենք, ունենալով այդպիսի համակարգ, Սերժ Սարգսյանը անկեղծ է ասում, որ ամեն ինչի որոշողը ինքն է: Եթե նա արդեն «ահաբեկչություն» եզրույթն օգտագործում է, ուրեմն արդեն կան հանձնարարականներ իրավական մարմիններին, որ այդ հոդվածով պետք է  դատեն: Այստեղ պետք է մեջբերեմ «դասականին», որ ՝մուրճն էլ է քո ձեռքը, մեխն էլ, այսինքն, օրենսդիրն էլ, գործադիրն էլ, դատարաններն էլ»:

Սա Ավետիք Իշխանյանին հիշեցրեց Շանթ Հարությունյանի դեպքը, երբ գործը նոր էր հարուցվել եւ Սերժ Սարգսյանը արդեն որակեց՝ Շանթը հանցագործ է. «Սա նույն համատեքստում է, այսինքն, բավականին անկեղծ է այդ տեսակետից: Հիմա թե այդ անկեղծությունը դիտավորյալ է, թե ակամայից է՝ արդեն իրեն պետք է հարցնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031