Լրահոս
Օրվա լրահոսը

«Մերի Մարգարյանին եւ նորածնին փրկելու հավանականությունն ավելի մեծ կլիներ, եթե շուտ ծննդալուծում կատարվեր» (Տեսանյութ)

Օգոստոս 02,2016 17:32

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում անցյալ տարի մահացած ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով հերթական դատական նիստն էր՝ ապացույցների հետազոտությունը:

Դատավոր Դավիթ Բալայանը մի կերպ էր կարողանում կարդալ ապացույցները. դրանք բժիշկների գրառումներն էին, որոնք վերաբերում էին Մերի Մարգարյանի առողջական վիճակին, հետազոտությունների եւ դեղորայքի նշանակումներին, այսինքն Մերի Մարգարյանի բժշկական քարտն էին փորձում «վերծանել»: Դատավորին այդ ծանր գործում օգնության էին հասնում մեղադրող դատախազը եւ մեղադրյալ բժիշկ Շուշանիկ Բախշյանը:

«Պրե-կլան-զիա, պտղի դի-ստրեզ, սինդրոմ ՊՆԶԴ, սակավաջրություն: Գրած է՝ ՀՀ, կետ, ԱՆ, էլ դրանից հետո չեմ կարողանում կարդալ»,-այսպես դատավորը փորձում էր հասկանալ բժիշկների ձեռագիրը: Եվ մոտ 2 ժամից ավելի դատարանում ընթերցում էին բժիշկների՝ դժվար հասկանալի ձեռագրով գրված ապացույցները:

 

Նիստին Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն էլ նկատեց, որ ներկայացված փաստաթղթերում հակասություններ կան. օրինակ փաստաբանը նշեց՝ «Ներկայացված փաստաթղթերում մի տեղ ասվում է՝ գիտակից է, առույգ, մեկ այլ տեղ ասվում է՝ անգիտակից: Փաստաթղթերի հակասություն կա, որովհետեւ ասվում է համ գիտակցություն չունի, համ գանգատվում է»:

Սիրունյանի այս հայտարարությանն ի պատասխան Մերի Մարգարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանն էլ առարկեց, նշելով, որ փաստաթղթերի վերաբերյալ ցուցմունքներ կան:

Meri Margaryani gorcov datԴատավոր Բալայանն ասաց, որ Թովմասյանը չի կարող սահմանափակել պաշտպանական կողմի հայտարարությունները: Դատավորը Սիրունյանին հորդորեց հարցերը գրի առնել եւ, երբ նիստին կհրավիրվի «Էրեբունի» հիվանդանոցի ներկայացուցիչը, նրան էլ կտա հարցերը, եւ հակասությունների վերաբերյալ պատասխաններն էլ նրանից կստանա:

Ապա ընթերցվեց 17 բժիշկներից կազմված հանձնաժողովի ուսումնասիրության եզրակացությունը, ըստ որի պետք է կատարվեր ավելի շուտ ծննդալուծում, այդ թվում նաեւ կեսարյան հատման միջոցով.«Նշված բուժօգնության ցուցաբերման դեպքում Մերի Մարգարյանին եւ նորածնին փրկելու հավանականությունն ավելի մեծ կլիներ»:

Մանրամասն՝ տեսանյութում


Այս դատական նիստը բավականին երկար տեւեց, մոտ 4-5 ժամ:

Հաջորդ նիստին պետք է հետազոտվի առողջապահության նախարարության ներքին քննության եզրակացությունը:

Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը մահացել է անցյալ տարի, կեսարյան հատումից հետո՝ «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ, Մերիի մահվան հաջորդ օրը մահացել է նաեւ նրա նորածին դուստրը:

Մերի Մարգարյանի բժիշկը «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանն է, որին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաեւ «Շենգավիթ» բուժկենտրոնի բժշկուհի Անի Բաբելյանին:

Շուշանիկ Բախշյանն ազատվել էր կալանքից գրավի դիմաց, Անի Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031