Լրահոս
Օրվա լրահոսը

«Զենքը վայր դնելով` առաջացած խնդիրներին լուծում չտրվեց». Լարիսա Ալավերդյան

Օգոստոս 02,2016 17:16

«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ տնօրեն , ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը վստահ է, որ բախումնային սցենարները արդյունավետ չեն, այլ հակառակը, դրանից հետո գալիս են ռեպրեսիաները:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տիկին Ալավերդյանը, խոսելով «Սասնա ծռեր» խմբի գործողություններից, հայտարարեց, թե իր համար անընդունելի է տղաներին «ահաբեկիչ» պիտակավորելը ու պատահական չէ, որ միջազգային կազմակերպություններն այդ եզրույթը չօգտագործեցին:

Լարիսա Ալավերդյանի կարծիքով` «Սասնա ծռեր» խմբի անդամների` զենքը վայր դնելու որոշմամբ առաջացած խնդիրներին լուծում չտրվեց. «Համաձայն չեմ այն հայտարարություններին, թե այս արարքում զղջում կա: Խմբի անդամները պարզ արտահայտվել են, որ իրենք համարում են այս փուլում իրենց առաքելությունն ավարտված»:

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը չի արդարացնում «Սասնա ծռեր» խմբի անդամների` ՊՊԾ գնդի գրոհը: Նա հայտարարեց. «Գրոհ է եղել Հայաստանի վրա, գրավվել է զորամաս, կարևոր չէ` ովքեր են եղել: Կարգալուծված եմ համարում իմ հայրենիքի անվտանգությունը: Չպետք է գրավվի Հայաստանի որևէ խրամատ ու զորամաս»:

Ազատ Արշակյանը հարց բարձրացրեց` արդյոք զինված խումբը `այդ հարձակմամբ հասա՞վ իր նպատակին:

Դառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը` տիկին Ալավերդյանը նշեց. «Գործող նախագահի խոսքն ամբողջական չէր. նա տարբերակեց ոստիկանության կողմից գործած անթիվ- անհամար հանցագործությունները այն բռնությամբ տեղի ունեցած այն գործողություններից, որոնք անպայման գնահատական ստանալու են: Երկրի գործող նախագահը պաշտպանության ներքո առավ ոստիկանության բոլոր բռնությունները: Ասաց` մոռացեք դա, չգիտեմ` դա հիպնոզի ձև է, թե ինչ, բայց երկար փորձ ունենք հոգեբանական վերականգնողական աշխատանքների»:

Լարիսա Ալավերդյանը մտահոգված է, որ այս ամենը նոր բռնկման հիմք է դառնում: Նա կոչ արեց, որ ՀՀ նախագահն ու նրա շրջապատի անձինք օրենքն ու իրավունքն ամբողջական կիրառեն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031