Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթական խորհրդաժողովին կարեւորվել է միասնական չափորոշիչների հարցը

Օգոստոս 02,2016 17:09

Օգոստոսի 1-ից մեկնարկել է Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովը, որին մասնակցության հայտ են ներկայացրել 19 երկրներում գործող հայկական կրթական կազմակերպությունների՝ շուրջ 100 ներկայացուցիչներ: Ներկայումս համաժողովի աշխատանքները շարունակվում են Աղվերանում:

Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց ԿԳ նախարարության արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության Սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը (լուսանկարում), համաժողովի մթնոլորտը բավականին աշխատանքային է, ու համաժողովը մեկտեղել է ոլորտի եւ գործի նվիրյալներին, որոնք փորձում են նպաստել Հայաստան-Սփյուռք համագործակցությանը:

«Այսօր աշխատանքային առաջին օրն է, ու ողջ օրը բաղկացած է լիագումար նիստերից: Արդեն ունեցել ենք 3 զեկուցող՝ մեկը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԿԳ նախարար Սլավիկ Ասրյանը, մյուսը՝ ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Նունե Վարդանյանը եւ երրորդը՝ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Բավականին հետաքրքիր եզրակացությունների ենք եկել, մասնավորապես՝ ընդհանուր չափորոշիչների վերաբերյալ, որպեսզի Սփյուռքում ուսանողները, աշակերտները կարողանան ընդհանուր չափորոշիչներով առաջնորդվել՝ դասագրքերի, արեւելահայերեն-արեւմտահայերեն լեզուների տարաձայնությունների եւ ընդհանուր եզրերի հետ կապված»,- հայտնեց պարոն Մնացականյանը:

Մեր դիտարկմանը, որ Սփյուռքը միատարր չէ, եւ գաղթօջախներում տարբերություններ կան՝ լեզվի, հոգեկերտվածքի եւ աշխարհընկալումների առումով, հետեւաբար ինչպե՞ս է հնարավոր նման պարագայում գալ միասնական չափանիշների, Սփյուռքի բաժնի պետը պատասխանեց. «Քանի որ խոսքը կրթական չափորոշիչների մասին է, հոգեկերտվածքը եւ աշխարհընկալումն այս պարագայում մեծ ազդեցություն չունեն, այդտեղ ավելի շատ դասական ուղղագրության, արեւելահայերենի ու արեւմտահայերենի խնդիրն է: Խոսքը վերաբերում է ոչ թե զուտ դասական Սփյուռքին, այլ դասական Սփյուռքի եւ վերջին տարիներին տարբեր խնդիրների պատճառով Հայաստանից հեռացածներից ձեւավորված նոր Սփյուռքի «կոնֆլիկտին»:

ԿԳ նախարարության պաշտոնյան հավելեց, որ համաժողովի աշխատանքների ժամանակ առաջարկություններ են ստացել, որոնք վերաբերում են այլ երկրներում, օրինակ՝ Ռուսաստանում, Չեխիայում ապրող այն օտարազգիներին, որոնք նույնպես ցանկանում են հայերեն սովորել:

«Դա Սփյուռքի խնդիրը չէ, բայց քանի որ սփյուռքահայերն են այդ մարդկանց հետ շփվում, հետեւաբար այդ խնդիրն էլ է շեշտադրվում» : Իմիջիայլոց, մեկ օրվա մեջ այսքան առաջարկություններ բարձրաձայնելը եւ համապատասխան եզրակացությունների գալը ես դիտարկում եմ որպես շատ լավ ձեռքբերում»,-համոզված է Կարեն Մնացականյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031