Լրահոս
Օրվա լրահոսը

Երթի մասնակիցները փաստաբաններին ներկայացրել են իրենց մտահոգությունները «Սասնա ծռերի» պահման վայրերի, իրավունքների խախտումների վերաբերյալ

Օգոստոս 02,2016 16:57

Օգոստոսի 2-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ընդունել է պալատի վարչական շենքի մոտ դերասանուհի Թամարա Հովհաննիսյանի գլխավորությամբ հավաքված քաղաքացիներին:

Հավաքի կազմակերպիչ Թամարա Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ դեպի Փաստաբանների պալատ երթը կրում էր հուլիսի 17-ի դեպքերից հետո ազատազրկման վայրերում գտնվողների իրավունքների պաշտպանության հարցում փաստաբաններին քաղաքացիական աջակցություն ցուցաբերելու նպատակ:

Պալատի Մեծ դահլիճում ողջունելով ներկաներին՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահը տեղեկացրել է, որ մեծաթիվ փաստաբաններ են ներգրավված վերջին իրադարձությունների հետ կապված քրեական գործերով և միայն հանրային պաշտպանի գրասենյակի կողմից անվճար իրավաբանական օգնություն է ցույց տրվում 45 անձանց։

Երթի մասնակիցները Պալատի նախագահին և հանդիպմանը ներկա փաստաբաններին ներկայացրել են իրենց մտահոգությունները ազատազրկվածների պահման վայրերի, առողջական խնդիրների, տարրական իրավունքների խախտումների վերաբերյալ:

Թամարա Հովհաննիսյանը հրապարակել է երթի նպատակին առնչվող հայտարարությունը՝ խնդրելով ներկա փաստաբաններին թարմ տեղեկություններ հաղորդել իրենց պաշտպանյալների վերաբերյալ:

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, Գիվի Հովհաննիսյանը, Հարություն Բաղդասարյանը մանրամասնել են ազատազրկվածներ Պավլիկ, Արամ Մանուկյանների, Արմեն Մարտիրոսյանի առողջական վիճակին և վարույթն իրականացնող մարմինների գործունեությանն առնչվող որոշ հարցեր:

Երթին միացած ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը, նշելով, որ ներկա է որպես մտահոգ քաղաքացի, առաջարկել է Պալատի նախագահին փաստաբանների և քաղաքացիների համատեղ խորհուրդ ձևավորել իրավապաշտպան գործունեության հետագա խոչընդոտներին, խախտումներին արձագանքելու նպատակով:

Խորհրդի ստեղծման նպատակահարմարությունը նա պատճառաբանել է Հայաստանից, Սփյուռքից բազմաթիվ քաղաքացիների կողմից ցուցաբերած մեծ հետաքրքրությամբ:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, հիշեցրել է փաստաբանի՝ մասնագիտական գործունեություն իրականացնելիս անկախության մասին՝ հավելելով, որ փաստաբանն առաջնորդվում է օրենքով և չի վերահսկվում պալատի կողմից:

Պալատի նախագահը նկատել է, որ արդարադատության համակարգին կարող է կաշկանդել հասարակական վերահսկողությունը, և առաջարկել է պայմաններով ապահովել այդպիսի խորհուրդ ստեղծելու ցանկություն ունեցող փաստաբաններին։ Կազմակերպչական հարցերը ապահովելու համար լիազորվել է փաստաբան, փաստաբանների իրավունքների պաշտպանության խորհրդի համակարգող Կարեն Մեժլումյանը:

ՀՀ ՓՊ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031