Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանին ներարկումներ են արել. Գիվի Հովհաննիսյան

Օգոստոս 02,2016 16:23

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի առողջական վիճակի մասին նրա պաշտպան՝ փաստաբան Գիվի Հովհաննիսյանը նոր տեղեկություններ չունի:

Առավոտյան կալանավորվելուց հետո Արմեն Մարտիրոսյանը տեղափոխվել է մեկուսարան:

Իսկ գիշերը պարոն Մարտիրոսյանի ինքնազգացողությունն այնքան էր վատացել, որ նույնիսկ շտապօգնություն են կանչել. «Ինքը նյարդային խնդիրներ ուներ, լարվածությունից ինքնազգացողությունը վատացել էր: Շտապօգնություն կանչեցինք, ներարկումներ արեցին, բժիշկներն ասացին՝ իրեն հանգիստ է պետք: Միջնորդեցինք, որ դատաքննությունը հետաձգվի, որ Արմենը հանգստանա, դատավորը մերժեց միջնորդությունը: Արմեն Մարտիրոսյանն իսկապես լավ չէր զգում իրեն, նույնիսկ դատական նիստի ժամանակ քնել էր»:

Առաջադրված մեղադրանքը, ըստ փաստաբանի, Արմեն Մարտիրոսյանը չի ընդունում, համարում է այն քաղաքական հետապնդում. «Ակնհայտ ապօրինի մեղադրանք է, իրավական դաշտում դրա մասին խոսելն ավելորդ է: Քննիչը մի քանի ոստիկան է հարցաքննել, բերել դատարան ներկայացրել, թե իբր զանգվածային անկարգությունների կոչեր է արել, քարեր են հավաքել, կազմակերպել, բայց դա ակնհայտ սուտ է: Տեսանյութ ենք դատարան ներկայացրել, թե հանրահավաքի կազմակերպման ու երթի ընթացքում ինչ խոսակցություններ են եղել: Երեւաց, որ ոստիկանների ցուցմունքները շինծու են ու իրականությանը չեն համապատասխանում»:

Ըստ փաստաբանի, Արմեն Մարտիրոսյանը զանգվածային որեւէ անկարգություն չի կազմակերպել. «Նույնիսկ զանգվածային անկարգություն գոյություն չունի, որ կազմակերպեն, դեռ ոստիկաններն են հարձակվել քաղաքացիների վրա: Իսկ տեսագրություններում պարզ երեւում էր, որ Արմեն Մարտիրոսյանը բանակցում է ոստիկանների հետ, միջոցներ ձեռնարկում, որ միմյանց միջեւ բախումներ չլինեն»:

Պարոն Հովհաննիսյանի խոսքով, Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ ապօրինությունները սկսվել են բերման ենթարկելու պահից. «Ձերբակալման պահին, ձերբակալման իրավաչափության առումով, գնացել ենք տեսակցության, չեն թողել, իր բարեկամներին չեն թողել, որ տեսակցեն, խափանման միջոցի քննարկման ժամանակ միջնորդություն ենք ներկայացրել, անտեսվել է: Դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել, որ քննությունը հետաձգեն, որովհետեւ գիշերվա ժամը մեկին էր դատական նիստը, Արմենն իրեն վատ էր զգում, ի վիճակի չէր կարդալ, ընկալել, պաշտպանությունը կառուցել, դատավորը մերժում էր, ինչ է թե ամեն գնով քննության ենթարկեր»:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշով /զանգվածային անկարգություններ կազմակերպելը/:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031