Հուլիսի 17-ին ու հուլիսի 30-ի երեկոյան Գյումրու Թատերական հրապարակում խաղաղ հանրահավաք անցկացնող գյումրեցիներին բռնությամբ, քաշպատառ անելով ոստիկանության երկու բաժանմունքներ՝ «Մուշ» ու «Կումայրի» բերման ենթարկելու փաստով այսօր Հատուկ քննչական ծառայությունը քննիչ է ուղարկել Գյումրի:
Ինչպես մեզ տեղեկացրեցին ակտիվիստներից մի քանիսը, քննիչը հետաքրքրվում է ոստիկանության գործողությունների օրինաչափ լինելով. արդյոք նրանք բռնություն գործադրե՞լ են, թե՞ ոչ, քանի ժամ են պահել ոստիկանությունում, ի՞նչ հիմքով և այլն:
Ակտիվիստներն, իհարկե, անչափ վրդովված են տեղի բարձրաստիճան ոստիկաններից մի քանիսի պահվածքից, սակայն մեզ հետ զրույցում ենթադրում էին, որ Վլադիմիր Գասպարյանին չպատժելու համար փորձում են ամբողջ պատասխանատվությունը բարդել տեղի ոստիկանների վրա: Թեև նրանք ևս, ըստ ակտիվիստների, արժանի են պատժվելու օրենքի խստագույն տառով:
Հունիսի 17-ին տնից քնից հանելով բերման ենթարկելու ու ոստիկանության «Կումայրի» բաժնում առավոտից իրիկուն պահելու համար ՀՔԾ-ն «Ժառանգության» ներկայացուցիչ Եղիշե Շարյանին ավելի վաղ էր լսել:
Կարդացեք նաև
Այսօր հարցաքննել են Գյումրու մանկավարժականի դասախոս, ազգագրագետ Արտաշես Բոյաջյանին, հետաքրքրվել են, թե քանի ժամ են նրան պահել ոստիկանությունում հուլիսի 17-ին: Բերման ենթարկվածներին հերթով հրավիրում են հարցաքննության:
ՀՔԾ-ի համար, ըստ ակտիվիստների, մեծամասամբ հիմք են հանդիսացել Aravot.am-ի հրապարակումները:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ