Լրահոս
Օրվա լրահոսը

Տոտալ ճգնաժամ, քարերը հավաքելու ժամանակը

Օգոստոս 02,2016 22:00

Երկշաբաթյա դիմակայությունը Երեւանում ավարտվեց խաղաղ ելքով: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանում ամեն ինչ վերադառնում ի շրջանս յուր, վերադառնում է, այսպես ասած, ստատուս քվոն: Դե, իհարկե, ո՛չ: Չկա մինչ հուլիսի 17-ի ստատուս քվոն եւ այլեւս չի էլ լինելու:

Հայաստանում բաց է զենքով քաղաքական հարցեր բարձրացնելու ճանապարհը, որը տանում է դեպի «Լիբանան» կամ «Պաղեստին» կամ որեւէ այլ նման տեղ, իսկ մեծ հաշվով՝ դեպի ոչ մի տեղ: Մինչդեռ մեր ճանապարհն է դեպի քաղաքակիրթ, ազատ, ժողովրդավարական, արդիական պետություն:

Ավելին՝ տեղի ունեցածը վեր հանեց այն պարզ իրողությունը, որ համակարգը մեռել է, որ պետության եւ ոչ մի ինստիտուտ ընդունակ չէ համարժեք արձագանքել նույնիսկ պարզ իրավիճակներին:

Մենք՝ հարկատուներս, պահում ենք ուժային կառույցներ, որոնք ընդունակ չեն իրենց իսկ ենթակա գունդն ապահովագրել զինված հարձակումից եւ գրավումից, բայց աշխուժորեն հարձակվում են քաղաքացիների եւ լրագրողների վրա: Նրանք նույնիսկ զիջել են ուժ գործադրելու՝ Սահմանադրությամբ վերապահված մենաշնորհը կրիմինալ բանդաներին, որոնք ցույցերի ժամանակ վխտում են երեւանյան փողոցներում եւ հրապարակներում: Այդ կառույցները ոստիկանի եւ հատուկ ծառայության աշխատակցի՝ պետության եւ հասարակության համար խիստ անհրաժեշտ աշխատանքը իջեցրել են ռուսական բանտի ստոր «կլյուչնիկի» գործառույթի մակարդակի:

Օրե՞նք: Մեր դատական համակարգին վերապահված է քննիչների եւ դատախազների՝ կնիքի թանաքամանի դերը, օրենքն ու քաղաքացին անպաշտպան են նրանց կամայականություններից: Նրանք իրեն հայեցողությամբ «նշանակում են» մեղադրյալների, վկաների, կասկածյալների, «բերման ենթարկվածներին» ձերբակալում եւ կալանում են, հետո «նախաքննություն» կամ «քննություն» իրականացնում: Նույնը տնտեսության մեջ. ՊԵԿ կոչված կառույցը նույն կամայականությամբ զբաղված է «հարկային եւ մաքսային վարչարարությամբ», ինչն իրականում պարզապես մորթում է բիզնեսը, անիմաստ դարձնում ստեղծագործ աշխատանքը: Իհարկե, մի շարք փաստաբանների եւ ԶԼՄ-ների ջանքերով մեկ-մեկ ստացվում է այս հրեշի երախից փրկել ինչ-որ փշրանքներ, բայց դա հեռու է համակարգային լուծումներից: Քաղաքացին, մարդն՝ անպաշտպան են Հայաստանում: Մենք հարկ ենք վճարում, որից հետո այլեւս տերը չենք, թե դրանց հետ ինչ են անում:

Քաղաքական դաշտ կոչվածը, օրենսդիր մարմին կոչվածը, գործադիր մարմին կոչվածը, հիմնական քաղաքական ուժեր կոչվածը, ի վերջո՝ իշխող կուսակցություն կոչվածը կենդանության որեւէ նշաններ այդպես էլ չցուցաբերեցին անցած երկու շաբաթվա ընթացքում: Նրանց առնչությամբ նույնիսկ ասելիք չկա. հանգուցյալներից նեղանալը մեղք է, հանգուցյալների մասին կա՛մ լավը, կա՛մ ոչինչ: Լավը չկա, ուրեմն՝ ոչինչ:

Հայաստանում տոտալ ճգնաժամ է: Քաղաքական հարցերի լուծման քաղաքական մեխանիզմներն անդառնալիորեն փչացած են: Զենքն է բացել ճանապարհը: Հայաստանում մեռավ ոչ միայն «սովետը», այլեւ նրա անճոռնի զավակ «պոստսովետը», որը մեռավ անզավակ: Հայաստանում մեռել է ռուսական համակարգը, ռուսական «ստանդարտներով» եւ տրամաբանությամբ ձեւավորված եւ գործող, դրանց պսեւդո-արժեքների վրա հիմնված ցանկացած տարր այսօր անդառնալիորեն վերածվել է աղբակույտի, որի տեղը Սովետաշենի աղբանոցն է, այլ ոչ թե պետական համակարգը: Հայաստանում քաղաքական առումով այժմ հիշեցնում է էկոլոգիական աղետից հետո առաջացած աղտոտված անապատ: Բայց Հայաստանում կան քաղաքացիներ, կա ֆորմալ իշխանություն: Եվ ելքեր որոնելը եւ գտնելը տրված է այս երկու սուբյեկտներին, որոնց մեջ այժմ հակամարտություն է: Ուրիշ սուբյեկտ չկա: Հայաստանում բարոյական հեղինակություն էլ չի մնացել…

Այստեղ կա երկու տարբերակ. կա՛մ այդ ելքը կգտնվի, եւ հարցերի լուծումը կանցնի քաղաքական հուն, կա՛մ գործ կունենանք բռնության այնպիսի բռնկման հետ, որ այս երկու շաբաթներին երանի կտանք:

Անցել են «կոռուպցիայի դեմ վճռական պայքարի», «քայլ առ քայլ բարեփոխումների», «մենաշնորհների դեմ պայքարի», ծիրան-պոմիդոր-Լարս եռամիասնության, հար եւ նման փողկապավոր դատարկախոսության ժամանակները:

Հայաստանում տոտալ ճգնաժամ է, եւ միայն մեզ է տրված այն հաղթահարելը, մեր փոխարեն ոչ ոք դա չի անելու:

Վերընթերցեք սա ե՛ւս մեկ անգամ.

«Ամէն բանի ժամանակը կայ, եւ աշխարհում ամէն գործ ունի իր ժամանակը. ծնուելու ժամանակը եւ մեռնելու ժամանակը, տնկելու ժամանակը եւ տնկածը հանելու ժամանակը, սպանելու ժամանակը եւ բժշկելու ժամանակը, քանդելու ժամանակը եւ շինելու ժամանակը, լալու ժամանակը եւ ծիծաղելու ժամանակը, ողբալու ժամանակը եւ պարելու ժամանակը, քարեր կտրելու ժամանակը եւ քարերը հաւաքելու ժամանակը, գրկելու ժամանակը եւ գրկից հեռանալու ժամանակը, փնտռելու ժամանակը եւ կորցնելու ժամանակը, պահելու ժամանակը եւ դուրս նետելու ժամանակը, պատռելու ժամանակը եւ կարկատելու ժամանակը, լռելու ժամանակը եւ խօսելու ժամանակը, սիրելու ժամանակը եւ ատելու ժամանակը, պատերազմի ժամանակը եւ խաղաղութեան ժամանակը»։ Ժողովող. 3:1-8:

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031