ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ օգոստոսի 2-ին տեղի է ունեցել Ազգային մակարդակում սոցիալական համագործակցության աջակցող ցանցի առաջին համագումարը:
Բացման խոսքում, ողջունելով ներկաներին, նախարար Արտեմ Ասատրյանը կարևորել է սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ գործունեությունը, ինչի արդյունքում ապահովվում է յուրաքանչյուր ընտանիքի գնահատված կարիքի հիման վրա հասցեական ու ճշգրիտ սոցիալական քաղաքականության ու սոցիալական ծրագրերի իրականացումը:
«Այն կառուցակարգերը, որոնց հիմքերը դրվել են «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով, գործելու պարագայում կապահովեն ծրագրերի շատ ավելի բարձր հասցեականություն: Այս ցանցի ստեղծումը առաջին քայլն է, որպեսզի սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները համակարգվեն բոլոր շահագրգիռ կազմակերպությունների կողմից»,-նշել է նախարարը:
Համագումարի ընթացքում հաստատվել է համագումարի աշխատակարգը, քվեարկության միջոցով ձևավորվել է ութ անդամից բաղկացած համակարգող խորհուրդ: Խորհուրդը պետք է համակարգի համագումարների հրավիրման միջանկյալ ժամանակահատվածում սոցիալական համագործակցության աջակցող ցանցի աշխատանքները: Այն կմշակի մեկամյա գործունեության ծրագիր, որը կնպատակաուղղվի սոցիալապես խոցելի խավերի կարիքների գնահատմանը, սոցիալական նոր խնդիրների բացահայտմանը, դրանց հավաքագրմանը և լուծման արդյունավետ մեխանիզմների մշակմանը:
Կարդացեք նաև
Համագումարը ընտրել է նաև համագումարի նախագահություն հետևյալ կազմով՝ նախագահ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան, անդամներ՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյան, «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյան և ՀՕՖ-ի Երեխաների կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյան:
Ամփոփելով համագումարի արդյունքները, նախարար Արտեմ Ասատրյանը շնորհավորել է ներկաներին համակարգող խորհրդի ձևավորման կապակցությամբ:
«Կարծում եմ՝ առաջիկայում աշխատանքային խումբը կներկայացնի խորհրդի մեկ տարվա աշխատանքային ծրագիր, որտեղ կներառվեն ազգային համաձայնագրում տեղ գտած համագործակցության ուղղություններն ու սկզբունքները: Վստահ եմ, որ այս կառույցը լինելու է աշխատող մարմին և սոցիալական ոլորտում ստանձնելու է կարևորագույն առաքելություն»,- իր խոսքում ընդգծել է նախարար Արտեմ Ասատրյանը:
Համագումարի աշխատանքներին մասնակցել են սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, ցանցերի շուրջ 40 պատվիրակ:
Միջոցառման իրականացմանն աջակցել է USAID/PRIP ծրագիրը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
հասարակայնության հետ կապերի բաժին