Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյան. «Նախարարները, պատգամավորները քաղաքապետերը, գյուղապետերը նստած են մարդկանց շալակին» (Տեսանյութ)

Օգոստոս 02,2016 15:24

«Տարբեր գյուղապետեր, մարզպետներ, քաղաքապետեր, նախարարներ կամ պատգամավորներ, որոնք ինտեգրված են իշխանությունների հետ, պարզապես նստած են ժողովրդի եւ որոշ համայնքներում մարդկանց շալակին»,- այս կարծիքին է «Գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքերով, այդ իշխանավորները «պետք է ցած իջնեն ժողովրդի շալակից, այդ բեռը թեթեւանա, որպեսզի մարդիկ տնտեսական եւ հոգեբանական առումով ազատություն զգան իրենց ուսերի վրա»:

Այսօր «Հենարան» ակումբում, Գագիկ Մակարյանն ասաց, որ պետք է անհապաղ ձեւավորել կառավարություն, որտեղ ներկայացված կլինեն բոլոր ուժերը: Նրա համոզմամբ, վերոնշյալ անձինք կաշկանդում են տնտեսության զարգացումը, քանի որ «կոռումպացված են, դոտացիաների վրա են նստած, շռայլում են եւ ահռելի գումարներ են ծախսում, առաջացնում են հակասություններ, վատ տրամադրություններ, աղքատի եւ ունեւորի մեջ հակամարտությունն ուժեղանում է եւ կոռուպցիոն ռիսկերը չեն պակասում»:

Մանրամասները` տեսանյութում

Պարոն Մակարյանի համոզմամբ՝ առնվազն 100 պաշտոնյա, 50 գյուղապետ, 10 մարզպետ պետք է ազատվեն աշխատանքից. «Տնտեսությունը ամպերի պես շրջապատել ենք եւ չենք թողնում, որ արեւի երես տեսնի: Տնտեսությունը չի կարող այդպիսի իրավիճակում զարգանալ»:

Aravot.am-ի հարցին, թե ինչպես կանդրադառնան վերջին իրադարձությունները  օտարերկրյա ներդրումների վրա, պարոն Մակարյանն ասաց, որ պարբերական վայրիվերումները, որոնք այսօր «Սասնա ծռերի» ձեռքով եղան, վաղը մեկ այլ խումբ կարող է նման բան անել, շատ ռիսկային են եւ կբերեն Հայաստանում ոչ կայուն իրավիճակի. «Հայաստանի` ապահով պետության իմիջը, բնականաբար, կփոխվի եւ այն բավարար է, որ Հայաստանը համարվի ռիսկային երկիր եւ դա իր հետեւանքներն անպայման կթողնի»:

Մեր այն հարցին էլ, թե Սարի թաղի հայտնի դեպքերից հետո, երբ լրագրողներ, օպերատորներ եւ հարյուրավոր քաղաքացիներ ոստիկանների կողմից բռնության ենթարկվեցին, հնարավո՞ր է, որ մեր երկիրը զրկվի դրամաշնորհներից, մասնավորապես` Հայաստանում ԱՄՆ դեսպանի կողմից եղավ հայտարարություն, որով դեսպանն անդրադարձել էր բարեփոխումների համար Հայաստանին տրվող դրամաշնորհներին, որոնք դեսպանի կարծիքով, չեն ծառայել իրենց նպատակին, պարոն Մակարյանն ասաց, որ հնարավոր է պակասեն, հնարավոր է, որ ոչ. «Կարող է դեռ շախ է, բայց դեռ մատ չի, բայց կարող է եւ լինի, որովհետեւ շատ-շատ բարեփոխումների համար բավականին գումարներ են տրվել, հիմի էլ գումարներ կան, որոնք տրվում են խորհուրդներին, նույն կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդին: Մենք չպետք է խափլանի կեցվածքով շարունակենք, մի բան անենք, մի ուրիշ բան ներսում անենք: Մենք պետք է վերջիվերջո հասկանանք, ուզում ենք կարգավորել, ուրեմն պետք է կարգավորենք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031