Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. «Նախագահը ներողություն չխնդրեց Սարի թաղի բնակիչներից»

Օգոստոս 02,2016 13:09

«Ովքեր չկանգնեցին, նրանք քաղաքական դիակներ կլինեն»,- օգոստոսի 2-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը:

«Հարցը նրանում չէ՝ դու կողմ ես այն քայլերին, որոնց դիմեցին Սասնա ծռերը, «Նոր Հայաստանի քաղաքական մասը, որը պայքար տարավ նաեւ քաղաքական հրապարակներում: Հարցն այն է, որ սկզբունքային պահ էր, դու իրավունք չունեիր այդ դաշտից հեռանալ, քանի որ պարզ է, որ իշխանությունը ուժ բիրտ կկիրառի, եւ դու պետք է լինեիր ժողովրդի հետ»,- նշեց նա:

Ստեփան Գրիգորյանը, անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, ասաց, որ խոստումների ժամանակն անցել է. գործողությունների ժամանակն է:

Ստեփան Գրիգորյանը նկատեց, որ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ եթե «Սասնա ծռեր» խմբավորման հանձնվելուց հետո նախագահը կհանդիպի Ժիրայր Սեֆիլյանի հետ, այժմ ինքը սպասում է այդ հանդիպմանը. «Նախագահը ներողություն չխնդրեց Սարի թաղի ժողովրդից: Սարի թաղում ներխուժում էին տները, ծեծում էին մարդկանց, տներից հանում էին: Զարմացած եմ, որ Սերժ Սարգսյանը ներողություն չխնդրեց այն քաղաքացուց, որ ինքն իրեն ինքնահրկիզեց: Ես շատ զարմացած էի՝ մարդը նորմալ մարդ է, հիվանդ չէ («Առավոտի» կողմից լրացնենք, որ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնից լրագրողներին հայտնել էին, որ ինքահրկիզվածը թմրադեղեր է օգտագործում եւ հաշվառված է մայրաքաղաքի հոգեբուժական հաստատություններից մեկում.- խմբ.), այն աստիճանի հասցրեցին իշխանությունները, որ ինքը ցուցադրական իրեն վառում է ցույցի ժամանակ, բայց իշխանությունները ոչ մի արձագանք չեն տալիս: Ես համարում եմ, որ իշխանությունները պետք է կոնկրետ քայլեր անեն, ոչ թե խոստումներ տան»:

Ստեփան Գրիգորյանը համաձայն է նախագահի հետ. Հայաստանում ներքաղաքական զարգացումները Մերձավոր Արեւելքի տարբերակով չեն գնա, դրանք կլինեն Ուկրաինայի տարբերակով: Նա որպես օրինակ բերեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի Երեւանում կատարած հարցումը, որի ընթացքում 100 քաղաքացիների հարցրել են, թե ինչպես են գնահատում «Սասնա ծռեր» խմբավորման կատարած քայլը: Հարցվածներից 89-ը համարել է, որ փայլուն քայլ է եւ ճիշտ ճանապարհ, 9-ը պարզապես հայհոյել են իշխանություններին, իսկ 2-ը պատասխանել են, որ կողմ են պայքարին, սակայն համոզված չեն, որ ճիշտ տարբերակով են պայքարում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031