Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Իշխանությունը շարունակելու է գործել ռեպրեսիվ մեթոդներով» (Տեսանյութ)

Օգոստոս 02,2016 12:19

«Այս իրադարձություններից հետո իրավիճակ է փոխվել, Հայաստանը նույնը չի լինի, ինչ դրանից առաջ էր: Կլինի ավելի լավը, թե վատը`դեռ շուտ է ասել: Կախված է իշխանության, նախագահի քայլերից»,- «Բլից ինֆո» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով «Սասնա ծռերի» գործողություններին, որոնք ի վերջո ավարտվեցին զենքը վայր դնելով, ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Անցած 15 օրերից Արա Պապյանը մի հետեւություն է արել. «Գործադիր իշխանություն գրեթե չունեինք, միայն ոստիկանական մեթոդներ էին կիրառվում: Գործադիրի ոչ մի անդամի խոսք չհնչեց: Նույնը ԱԺ-ի մասին, բացառությամբ մի քանի պատգամավորների, որ գալիս էին, խոսում էին»: Առաջիկա ընտրությունների ֆոնին, բանախոսը սա վատ է համարում:

Իրավապահ համակարգն էլ, ըստ նրա, անկախ տարատեսակ դրամաշնորհներից, չի բարեփոխվել, գործում են սովետական մեթոդներով եւ այս օրերի ընթացքում մենք ունեցանք մարդու իրավունքների զանգվածային խախտումներ`անօրինական բերման ենթարկել, ծեծեր, ստորացնել եւ այլն:

«Ընդամենը մի գունդ էր գրավվել եւ պետությունը կազմալուծված էր: Աստված մի արասցե, պատերազմ լինի, ավելի բարդ իրավիճակ լինի: Կառավարությունն ու օրենսդիր իշխանությունը պատրաստ չեն փաստորեն»,- ասաց նա:

Այս ընթացքում նախագահ Սարգսյանը երկու անգամ խոսեց, ըստ Արա Պապյանի, երկու անգամն էլ նախագահի խոսքը ժողովրդին ուղղված չէր, ուղղված էր մի խմբի, քանի որ անընդհատ շեշտվում էր` մենք եւ դուք: Նա տարօրինակ է համարում, որ ցավակցություն հնչեց զոհված ոստիկաններին, որը պետք է լիներ, բայց աչքը կորցրած 16-ամյա տղայի մասին ոչինչ չասվեց:

Aravot.am-ի հարցին`նախագահի երեկվա ելույթից ի՞նչ տպավորություն է ստացել ինքը, ի՞նչ մեթոդներով կգործի իշխանությունը, մասնավորաբար, նախագահը, Արա Պապյանն ասաց, որ ելույթից տպավորությունն այն էր, որ իշխանությունը գործելու է ռեպրեսիվ մեթոդներով`դատապարտում, սպառնալիքներ. առաջ մեկնելու ձեռքը չկար: Գովեստ հնչեց իրավապահների հասցեին, այն դեպքում, երբ բանախոսի համոզմամբ, արդեն իսկ պաշտոնանկություններ պիտի լինեին, քանի որ Երեւանում ՊՊԾ գունդ էր գրավվել, անկախ նրանից, թե գրավողն ով էր. պատասխանը, արձագանքը համարժեք չէր:

Անդրադառնալով արդեն «Սասնա ծռերին», նրանց նկատմամբ հետագա գործողություններին, նախագահի կողմից օգտագործված «ահաբեկիչ» եւ «ահաբեկչություն» եզրույթներին՝ Արա Պապյանը նկատեց, որ զինյալների խմբի նկատմամբ, իր կարծիքով արդեն անօրինական վերաբերմունք կա`անմարդկային պայմաններ, ծեծ, ճնշումեր ընտանիքի անդամների վրա. «Բայց եթե ասում են՝ք ուժով Հայաստանում ոչինչ չպիտի լուծվի, դա բոլորին պետք է վերաբերվի»:

Նա քաղաքական առումով սխալ է համարում տղաներին «ահաբեկիչ» որակում տալը, քանի որ դրանով «փակում ես» քո երկիրը ներդրումների եւ տուրիզմի առջեւ: Շատ երկրներ, որտեղ իրապես ահաբեկիչներ կան, ըստ նրա, թաքցնում են դա: Իրավական առումով էլ համաձայն չէ այդ որակմանը, ահաբեկչության ձեւակերպումները կան, ինչի մեջ սա չի տեղավորվում ու ի վերջո դատարանը պիտի որոշի: «Կարելի է ասել, որ սա զինված փորձ էր սահմանադրական իշխանությունը տապալելու: Բայց սա հասարակության դեմ ահաբեկչություն չէր, ինչը կարեւոր շտրիխ է ահաբեկչության համար, չէի ասի, թե ժողովուրդը ահաբեկված է: Երկու զոհ է եղել, երկուսն էլ ծառայողական պարտականությունները կատարելիս»,- ասաց Արա Պապյանը:

Իսկ լրագրողներին ուղղված նախագահի հորդորին`մոռանալ եւ շարունակել աշխատել, Արա Պապյանն այսպես է բացատրում. «Վախի մթնոլորտի սերմանում էր լրագրողների մեջ, որ մյուս անգամ նման բան լինի, չգնան նկարահանելու, քանի որ ֆիզիկական բռնությունների կենթարկվեն: Խմբագիրները արդեն զգուշանան մարդ ուղարկելուց, քանի որ իրենց վրա բարոյական պատասխանատվություն է»:

Ինչ վերաբերվում է այժմ շարունակվող հավաքներին եւ բողոքի ակցիաներին, Արա Պապյանը կցանկանար, որ կուսակցություններն ավելի ներգրավվեին այս շարժման մեջ: Նրա կարծիքով, իշխանության խելամտությունն այն կլինի, որ ինքը այս գործընթացը քաղաքական տրամաբանության մեջ մտցնի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031