Լրահոս
Օրվա լրահոսը

Մնում է հուսալ, որ սա դաս կլինի բոլորիս համար, որ նման բան երբեք այլեւս չկրկնվի. «Հայոց Աշխարհ»

Օգոստոս 02,2016 11:08

Համառ եւ ջլատիչ դիմակայությունից հետո ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամները վերջապես հասկացան, որ մարտը տանուլ են տվել՝ կանխավ անհաջողության դատապարտված սույն «պարտիան» շարունակելն այլեւս անիմաստ է։ Ինչպես պարզվեց, «Սասնա ծռերի» անվան տակ գործող խմբում քիչ չէին պատահական մարդիկ, որոնք, ըստ էության, գերեվարված ոստիկանների եւ բժիշկների պես պատանդ էին դարձել «շքերթը» ղեկավարողների արկածախնդրությանը եւ «բուռն հայրենասիրական» նկրտումներին։

Ճիշտ է, Պավել Մանուկյանի վնասազերծումից հետո զինված հարձակման «կառավարման» պատասխանատվությունն ստանձնած Վարուժան Ավետիսյանը փորձեց փրկել դեմքը՝ մեկնաբանելով «հանձնվելու» որոշումը, ասաց, որ սա սոսկ ժամանակավոր նահանջ է. խաղը դեռ չի ավարտվել, եւ իրենք դեռ կասեն տղամարդու իրենց խոսքը՝ հանուն արդարության վերականգնման եւ կոնկրետ Ժիրայր Սեֆիլյանի «ազատագրման» պայքարը շարունակելով արդեն «ռազմագերու» կարգավիճակում։

Ասել է թե՝ զինված ապստամբության սերմերը ծիլեր են տվել, մնում է խնամքով ջրել այդ ծիլերը եւ համբերությամբ սպասել բերքահավաքին՝ ի դեմս համաժողովրդական նոր «շարժման», որը պիտի գա եւ սրբի անարդարության պատը, եւ այնժամ հայոց աշխարհում կթագավորի խաղաղությունը, ու բոլորը կապրեն համերաշխ, կուշտ, հարուստ ու երջանիկ։

Այս իրադրությունների արդյունքների մասին խոսելը, իհարկե, ավելորդ է, որովհետեւ սա, ըստ էության՝ բոլորիս պարտությունն էր՝ եւ զինված արկածախնդրության կազմակերպիչների, եւ՝ ուժայինների, որոնք այդպես էլ չկարողացան ձեռնպահ մնալ անհամաչափ բիրտ ուժի կիրառումից, ե՛ւ ընդհանուր առմամբ հասարակության։ Այն պարզ պատճառով, որ հայի ձեռքով հայի արյուն թափելը, երբ սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչությունն ու շփման գծում հերթապահող մեր տղաներն առանց այն էլ ադրբեջանցի դիպուկահարների եւ ադրբեջանական հրետանու «պրիցելի» տակ են, անթույլատրելի շռայլություն է մեզ համար։ Մնում է հուսալ, որ սա դաս կլինի բոլորիս համար, որ նման բան երբեք այլեւս չկրկնվի:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց Աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031