Էրեբունու գործողությունը և դրան հետեւած Խորենացու եւ Սարի թաղի դեպքերը պիտի շարունակեն ունենալ իրենց իրավական, քաղաքական, ընդհանրապես հասարակական հետեւանքները:
Եւ ինչպես յուրաքանչյուր ցավոտ կամ լրջորեն վնասված իրականություն, իրավիճակի փոփոխության համար անհրաժեշտ է վնասի վերահսկողության (Damage control) գործողությունների մի շարք։ Ընդ որում՝ ակնկալված ոչ միայն պետությունից, այլ նաեւ հասարակությունից։
Իսկ այստեղ առարկայականությունը, որը ընդհանրապես իրադարձությունները ճիշտ գնահատելու ամենից ազդեցիկ եղանակն է, բոլոր ժամանակներից ավելի ինքն իրեն պարտադիր է դարձնում իբրեւ հարցերի ընկալման, բայց մանավանդ իրավիճակ փոխելու իբրեւ մեկնակետային, նախապայմանային մեթոդաբանություն:
Կրքին, ատելությանը, արագ հակազդելու եւ մթնոլորտ շիկացնելու մոտեցումներին շատ արագ պիտի փոխարինեն սառը դատողությունը, իրավապահ մարմիններ-ժողովուրդ ստեղծված անջրպետը նեղացնելու ձգտումները, մի կողմից օրենքի կիրառման հրամայականը գործադրելու գիտակցությունը, մյուս կողմից, հաշվեհարդարները բացառելու սկզբունքայնությամբ` բարեփոխումների գործնական եւ շոշափելի տեսք եւ էություն ապահովելու համակողմանի աշխատանքները:
Կարդացեք նաև
Այս բոլորը տեսություն են եւ կարող են զուտ թելադրական հնչել: Բայց եթե մտաբերենք, որ նույնիսկ ստեղծված ճգնաժամին, երկկողմանիորեն աշխատեց վնասի վերահսկողության գործողությունը, ապա ավելի պարտադրված կզգանք նույն մոտեցումը որդեգրելու եւ շարունակելու` ամենապատասխանատու դիրքերից մինչեւ քաղաքացիական հասարակական:
Նկատենք, որ մի կողմից պատանդները փուլ առ փուլ ազատ արձակելը, գնդի տարածքից ներս գտնվող ոստիկաններին զենք տրամադրելը եւ պատանդի կարգավիճակում գտնվող բարձրաստիճան ոստիկանների համազարկով նահատակված ոստիկանի հիշատակը հարգելը, ապա բժշկի կամ բուժքույրերի ազատության մեջ հայտնվելը եւ վերջապես զենքերը վայր դնելը գործողություններ են, որոնք ընդգծում են բռնի եղանակով սկսած, սակայն հետո բռնությունից խուսափելու գրավման գործողության յուրահատուկ մի պարագա:
Մյուս կողմից, ամբողջ մարդկությունը, դժվար թե ականատես եղած լիներ շաբաթներով երկարող բանակցությունները գերադասելով պատանդներից ազատված եւ գրավված պետական հաստատություն առանց արյունահեղության վերստանձնելու իրավապահ մարմինների արհեստավարժ հակաճգնաժամային գործողության: Վնասազերծման այս գործընթացին գերլարված ուշադրությամբ գուցե ապարդյուն փորձեինք հիշել այլ պարագաներ, երբ գրավված տարածքին սնունդ, ջուր, բուժօգնություն տրամադրելու իրարահաջորդ նախաձեռնություններ իրականացվեին:
Երկու շաբաթվա այս տեւողությունից հետո պայմանաժամ հայտարարել եւ չգործադրելը առաջին հերթին եւ ընդհանուր այս մթնոլորտը նկատի ունենալով պետք է ընկալել իբրեւ բանակցությունները գերադասելու եւ մինչեւ վերջին ժամ արյունահեղության ընտրանքից խուսափելու վճռականություն:
Տակավին. ոչ երկրորդ ոստիկանի սպանությունը, որի շուրջ հասարակության մոտ առաջացան անպատասխան հարցականներ, ո՛չ էլ Սարի թաղում ժողովրդի դեմ կիրառված անօրինական եւ անմարդկային վերաբերումները, որոնց հեղինակների ինքնության շուրջ եւս կան անորոշ պատկերացումներ, հաջողեցին հարցը կտրուկ սրման տանել եւ զինյալ բախումների:
Եւ եթե երկկողմանիորեն իրավամբ զգացվեց այս գերզսպվածությունը, եթե ճիգերի գերլարմամբ մեր երկիրը փրկվեց դժվար եւ մի պահ անելանելի վիճակի համոզումը փոխանցող իրավիճակից, հիմա անհրաժեշտ է հետէրեբունու մթնոլորտի եւ կացության հիմնական արմատական փոփոխությունը:
Սակայն, չմոռանանք, որ լուռ, լուսարձակներից հեռու միջնորդի, բանագնացի եւ հանգուցալուծման համար թեկուզ տեսախցիկներից հեռու բայց շատ տեսանելի աշխատանք իրականացրեց Արցախի հերոս զորավարը: Հիշենք նաեւ, որ խաղաղ հանգուցալուծման համար ներկայացված գրավոր պահանջների առաջին կետը վերաբերում էր Արցախի կարգավիճակին: Նկատենք, որ Արցախի խորհրդարանը ներկայացնող քաղաքական բոլոր ուժերը համատեղ ստորագրությամբ ինչ պահանջ էին ներկայացրել Էրեբունու գործողությունը խաղաղ ու անցնցում ավարտելու համար:
Արցախը այս բոլորի առանցքային թեման էր: Նկատի ունենալով թե՛ գրավողների կենսագրությունը, թե՛ միջնորդի արցախյան կերպարը եւ թե՜ հանգուցալուծման համար արծարծված թեմաների առաջնայնությունը:
Այս առումով էլ Արցախից, պաշտոնական Ստեփանակերտից առաջ եւ ավելի չի կարելի արցախցի լինել եւ ահազանգել միակողմանի զիջումների, պարտվողականության եւ տարածքներ հանձնելու մասին. Թե՛ միջազգային հանրության, եւ թե՛ ներազգային առումով հայկական աշխարհը եւ հատկապես հայ քաղաքական միտքը հետեւողականություն պահելու անհրաժեշտության առաջ է: Շարժումը սկսվեց Ստեփանակերտից, հայությունը միացավ. բոլորս միացանք արցախահայության ինքնորոշվելու որոշմանը, զորակցեցինք Արցախի Հանրապետության կայացման գործին, նպաստեցինք եւ կնպաստենք արցախահայության որոշած միջազգային ճանաչման աշխատանքներին: Կարգավորման ինչ տարբերակ էլ քննարկման սեղանի վրա դրվի, պիտի սպասենք պաշտոնական Ստեփանակերտի համաձայնությանը:
Արցախին, տարբեր առիթներով հաջողվել էր միավորել հայությանը: Հիմա հետէրեբունու ժամանակահատվածի վնասի վերահսկողության պահն է: Թե՛ ապրիլյան քառօրյան, եւ թե՛ հուլիսյան երկշաբաթը վնասների վերահսկողության հրամայականն են շեշտում: Իսկ հրամայականությունը անհետաձգելիություն է ընդգծում: Խոսքը համակարգային փոփոխության մասին է եւ այդ փոփոխությունը զգալի դարձնելուն:
Արցախի խորհրդարանի կոչը շեշտում էր ներքին կայունության եւ քաղաքացիական համերաշխության անհրաժեշտությունը: Որի համար արմատական, արագ, բայց մանավանդ կորսված վստահության վերականգման` վնասի վերահսկողության ազդեցիկ գործողությունների անհրաժեշտության առաջ ենք։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր