«Ես գնալու եմ Ստեփան Դեմիրճյանի տան առջեւ, կանչելու եմ՝ Դեմիրճյան, իջիր, ամոթ քեզ»,- այսօր Ազատության հրապարակում հայտարարեց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին`առաջարկելով, որ ովքեր 2008 թվականին քվեարկել են ՀԱԿ-ի օգտին, միանան իրեն:
Նա հիշեցրեց, որ ՀԱԿ-ից հայտարարեցին, թե դեմ են բռնությանը ու նկատեց. «Կարծես թե ՀԱԿ-ը մոռանում է, որ Սերժ Սարգսյանը բռնության ու 10 զոհերի գնով է եկել իշխանության: Եվ հենց իրենք էլ 10 զոհերի գնով են մանդատ ստացել»:
Վարդգես Գասպարին ասաց, որ Ժիրայր Սեֆիլյանը, Արայիկ Խանդոյանը, Պավլիկ Մանուկյանը արցախյան պատերազմում կռվել են նաեւ իր ընտանիքի համար: Խոնարհվելով նրանց առջեւ՝ Գասպարին ասաց. «Մեր հայրենիքն ազատագրել է Մոնթեի տեսակը, Մոնթեի անաղարտությունը, ոչ թե մանվելները: Մանվելները չէ, որ կռվել են իմ ընտանիքի արժանապատվության համար»:
Գասպարին դժգոհեց ՀԱԿ պատգամավորների «պասիվ եւ անտարբեր» պահվածքից, ու քանի որ նրանց ձայն է տվել, ասաց, որ իրեն մեղսակից է զգում այսօրվա ամենաթողությունների համար: «Ես արդեն մի քանի օր է, այստեղ գալուց առաջ, պիկետ եմ անում Լեւոն Տեր-Պետրոսյանի տան առջեւ եւ պահանջում եմ, որ այն պատգամավորները, որոնք այդ ցուցակում են, ընդունեն փոքր-ինչ ավելի պատվաբեր կեցվածք»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Ապա Ազատության հրապարակից մեկնարկեց երթը`Սայաթ-Նովա-Նալբանդյան Հանրապետության հրապարակ- Հյուսիսային պողոտա-Ազատության հրապարակ, երթուղով:
Ընթացքում ակտիվիստ Անի Նավասարդյանը հայտարարեց, որ երթուղին փոխվել է եւ ցուցարարները գնացին դեպի Արշակունյաց պողոտա`դատապարտյալների հիվանդանոց: Այնտեղ մի քանի րոպե նստացույց արեցին: Ողջ ընթացքում ցուցարարները վանկարկում էին`«Սասնա ծռեր», «Միացում», «Ազատ-անկախ Հա-յաս-տան», Վանկարկում էին «Պավլիկ-Պավլիկ», «Արայիկ», «Ազատություն Սասնա ծռերին»: Կոչեր էին հնչում նաեւ դատապարտյալների հիվանդանոցում գտնվող «Սասնա ծռերի» անդամներին տեղափոխել այլ հիվանդանոցներ:
Ողջ ճանապարհին ոստիկանական ուժեր էին` վահաններով «զինված», դատապարտյալների հիվանդանոցի մոտ արդեն կարմիր բերետավորների պատը դիմավորեց ցուցարարներին:
Առաջարկ եղավ դատապարտյալների հիվանդանոցի մոտ նստացույց անել, սակայն, «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից Հարություն Աղլամազյանն ասաց, որ նստացույց չի լինելու, երթով վերադառնում են Ազատության հրապարակ, ընթացքում էլ ով ուզում է, թող տուն գնա: Վաղը, 19. 30 կրկին հանրահավաք կլինի Ազատության հրապարակում: Երթի մասնակիցների հիմնական մասը հեռացավ, մի խումբ երիտասարդներ մնացին դատապարտյալների հիվանդանոցի մոտ եւ հայրենասիրական երգեր են երգում:
Երթի ողջ ընթացքում կազմակերպիչները հայտարարում էին, թե իրենց տեղեկություններով՝ քաղաքացիական հագուստով ոստիկաններ կան, որոնք սադրանքներ են հրահրելու: Ոստիկանությունը, բնականաբար, հերքում էր:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ