Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» պայքարին ոտքի կանգնեցին նրանք, որոնք միշտ պայքարել են». Արայիկ Հովհաննիսյան

Օգոստոս 01,2016 22:50

Ազատամարտիկ, դերասան Արայիկ Հովհաննիսյանը Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին հարց է ուղղում:

«Եթե դու հայ ես, եթե դու մայր ես, ունես արժանապատվություն՝ հստակ պատասխանիր՝ ինչու էիր միայն բարձրաձայնում, թե տղաները բժիշկներին պատանդ էին պահել, իսկ չես բարձրաձայնում, թե ժողովրդին ինչպես են ջարդում ու փշրում, չես խոսում ոստիկանների ապօրինի գործողություների մասին. դա չե՞ն ուզում բարձրաձայնել, որովհետեւ իրենց մարդի՞կ են»,- իր հարցն այսպես ձեւակերպեց ազատամարտիկը:

Նա զինյալ խմբի տղաներին ապստամբ չի համարում, որովհետեւ կարծում է, որ. «Հայաստանն անկախացավ նրանց շնորհիվ ու այլ տղաների, որոնցից շատերը զոհվեցին կամ անհետ կորան: Ամբողջ հայ ազգը հոգնել էր այս կյանքից, ամեն մեկն իր հերթին դժգոհություններ էր հայտնում, եղան հանրահավաքներ, ասուլիսներ, պիկետներ, բայց ընդհանուր առմամբ սայլը տեղից չշարժվեց, տղաները ճարահատված գնացին այդ քայլի»:

Ազատամարտիկը զուգահեռներ տարավ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ՝ նշելով, թե նրանք երկուսն էլ գրեթե նույն իրավիճակում էին՝ ժողովուրդը պահանջում էր հրաժարական, բայց ի տարբերություն առաջին նախագահի, որը գնաց հրաժարականի, Սերժ Սարգսյանը մնում է  անդրդվելի, որովհետեւ. «Այս նախագահը ընդհանրապես հաշվի չի առնում ոչ մեկի կարծիքը: Չի ընդունում ոչ մի բողոք, բոլոր երկրների ղեկավարների աչքերին թոզ փչելով ման է գալիս: Տղաները գնացին այդ քայլին, որովհետեւ ազգն էր ուզում, նրանք գնացին մի գաղափարով, որ եթե այդ քայլին գնան, բոլորը միահամուռ ոտքի կկանգնեն, բայց, ցավոք սրտի, ոտքի կանգնեցին նրանք, որոնք միշտ պայքարել են, իսկ այն մարդիկ, որոնք միշտ դժգոհել են, բայց չեն պայքարել, դժգոհություն հայտնելով հանդերձ իրենց ձայնն են վաճառել հինգ կամ տասը հազար դրամով, այդ մարդիկ դուրս չեկան պայքարի, ապրեցին իրենց օրվա երեք հազար դրամով: Այդ մարդիկ թքած ունեցան՝ ինչ է  տեղի ունենում»:

Ազատամարտիկը նկատեց, որ այս օրերին ոստիկանները ցույց տվեցին իրենց իրական «բարեփոխումը». «Վլադիմիր Գասպարյանի ասած էլիտար «հրեշտակները»  հրեշտակ լինելուց կիլոմետերրով հեռու են, երբ այս դեպքերի տեսագրությունները նայում ենք ՝ իրենց քայլերը մարդկային հատկություններից զուրկ են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031