Հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով այսօր առկա հասարակական տրամադրությունների մասին,՝ դրանք ատելություն չի որակում:
«Համընդհանուր ատելության մասին խոսք լինել չի կարող, դա ատելություն չէ, այլ անհաջողության եզրագծին հասնելու տրամադրություններ են: Մեկը մյուսի վրա մեղադրանքներ է տեղում, որպեսզի կարողանա այդ անհաջողության հետեւանքով առաջացած տհաճ տրամադրութունը հաղթահարել: Հասարակական բնույթի սթրես է առաջացել, այդպես էլ պետք է լիներ: Զայրույթն ընդհանուր առմամբ ուղղված է ստեղծված իրավիճակին ու մթնոլորտին, դրանք ոչ մի հեռանկար չեն ուրվագծում մեր հասարակության համար: Ստացվել է այնպես, որ որոշ սոցիալական շերտեր մեղադրում են «Սասնա ծռեր» խմբին, որ պետք չէր ավելորդ տրամադրություններ առաջացնել, վերջում էլ անձնատուր լինել: Որոշակի պասելիքներ ունենալն էլ որոշ զանգվածների կողմից մի փոքրիկ հույս էր ներշնչում: Երբ ամեն ինչ այսպես ավարտվեց, հույսերն էլ մարեցին, ու մեկը մյուսին ստիպված սկսեց մեղադրել, հիմնականում ժողովուրդը զայրացած է իր անկարողության վրա, որ չի կարողանում ձեռք բերել քաղաքացիական գիտակցության այն մակարդակը, որ պայքարի ստեղծված սոցիալական անարդարության, Արցախի կորցնելու վտանգի դեմ: Քառօրյա պատերազմից հետո տրամադրություններն ավելի անկումային դարձան»,-կարծում է հոգեբանը:
Նրա ձեւակերպմամբ, ՊՊԾ գունդը գրավածների գործողությունները իրեն հիշեցնում են դեկաբրիստներին. «Նրանք (դեկաբրիստները) կարծում էին, թե բանակցությունների միջոցով царь батюшка-ին համոզելով կարող են կարող են ինչ-որ բաների հասնել, царь батюшка-ն կարող է ընդառաջել…Ինչ վերաբերում է հայ ազատամարտիկներին, այդ մարդիկ շատ խելացի անձնավորություններ են, բայց հստակ ծրագիր չունեին: Այնուամենայնիվ, ծրագիր չունենալով, իրենք իրենց քայլով ցանկացան հասկացնել, որ իշխանությունները կարող են Արցախի հարցը տանել դեպի անկում, զգացնել տվեցին, որ եթե հարկ լինի՝ ամբողջ ժողովուրդը ոտքի կկանգնի, ինչպես դա եղավ քառօրյա պատերազմի ժամանակ: Դժվար կացություն է Արցախի հարցում, տեղեկություններ չկան, դրանք կոծկում են, ինչը նույնպես կարող է առաջացնել անկումային տրամադրություններ:
Ընդհանուր առմամբ, ստեղծվել է մի իրավիճակ, երբ տարբեր սոցիալական շերտեր միմյանց նկատմամբ այլ կերպ են տրամադրաված, բայց դա ատելության մթնոլորտ չէ, անկումային վիճակ է, որը չի կարելի ամբողջ ազգին վերագրել: Մանավանդ կան շերտեր, որ իրենց համար ապրում են, այդ մասին մտածում են՝ քաղաքական դաշտում ակտիվության չդրսեւորելով: Այսօր քաղաքացիական գիտակցությունն իր տեղում չէ, հասարակական գիտակցությունը դեռեւս ձեւավորված չէ՝ հասարակայնորեն դիտարկելու համար այս ամենը:
Կարդացեք նաև
Ամեն դեպքում՝ իշխանությունները պետք է դաս քաղեն կատարվածից, իրենց գիտակցության մեջ էլ պետք է փոփոխություններ լինեբ: Իսկ այդ տղաների դատավարությունները պետք է լինեն բաց, մթնոլորտը էլ ավելի չսրելու համար»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ hogeban.am կայքից: