Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերը ժողովրդին հեղափոխականացրին». Լեւոն Շիրինյան

Օգոստոս 01,2016 21:02

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի խոսքով` զինված ապստամբությունից հետո Հայաստանում ազգային ազատագրական պայքարի երկրորդ փուլն է սկսվում:

«Շատերին թվում է, թե առանձնապես չտարածված մի շարժում էր, բայց նրանք կարողացան զինված ապստամբություն բարձրացնել ու դրանով վարակել երկիրը,  Ժողովրդին հեղափոխականացրին»,- Aravot.am-ին ասաց Լեւոն Շիրինյանը:

Ըստ նրա՝ «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը, թե իրենք պայքարը կշարունակեն որպես ռազմագերիներ՝ բանտերից, երկրում վիճակը ավելի կսրի, բայց ոչ թե վատ իմաստով, այլ՝ «բարեփոխումների անհրաժեշտության առումով»:

«Եթե նրանք իրականացնեն իրենց խոստումը, ապա առաջիկա տարին կապրենք ազգային հեղափոխության տարբեր դրսեւորումներ, որովհետեւ Փոքր Մհերը դուրս է եկել Ագռավաքարից եւ շրջում է երկրում»,-ասաց նա:

Քաղաքագետը իրավապահներին հանձնվելու «Սասնա ծռերի» քայլում վեհություն է տեսել. «Վեհություն եւ առաքինություն: Ես նրանց մեջ հայ առաքինի ու արժանապատիվ տղամարդու տեսա: Խցերում նրանց երջանիկ ապագա չի սպասում, բայց հանձնվելիս էլ նրանց մեջ վախ չկար»:

Պարոն Շիրինյանը վստահ է՝ Հայաստանն անդարձ փոխվել է. «Երիտասարդությունը երբեք կոռումպացված Հայաստան չի ուզելու, բացառված է դա»:

Քաղաքագետն արձանագրել է, որ զինյալ տղաների կողմից գրավված ՊՊԾ գնդի հարակից փողոցները անվանակոչված են ՀՅԴ-ական երեւելիներով. «Քրիստափորի, Ռոստոմի, Քաջազնունու… սրանք ՀՅԴ-ի երեւելիներն են: Այդ տարածքում եղավ մի բան, որ Հայաստանին մղեց դեպի ազգային ինքնագիտակցության անկախության բարձունքներ, սրա մեջ ՌԴ քաղաքականության արդյունքը կա՝ սկսած սահմանադրական հանրաքվեից, ապրիլյան պատերազմից մինչեւ վերջին փոթորկուն դեպքերը եւ արտաքին իմաստով մի բան կատարվեց ՀՀ ժողովուրդը, 200-300 տարվա ռուսական դափնիները շպրտելով, վերադառնում է ազգային ինքնագիտակցությանը: ՌԴ-ն, մշտապես կորցնելով Հայաստանը որպես իրեն նվիրյալ երկիր, ոչինչ չստացավ, այսինքն, մի քանի վագոն մազութով կորցրին իրենց դաշնակցի համակրանքը: Վերադառնում ենք Մերձավոր ու Միջին Արեւելք, ռուսները պետք է զգույշ լինեն մեզ հետ, ռուսական սապոգն այլեւս ՀՀ-ում որեւէ հարց չի կարող լուծել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031