Օգոստոսի 1-ին պաշտոնական այցելությամբ Թբիլիսի ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ:
Ողջունելով հյուրին՝ Վրաստանի նախագահը գոհունակությամբ ընդգծեց, որ միշտ հաճելի է բարեկամ Հայաստանից բարձրաստիճան հյուրեր ընդունել և քննարկել երկու հարևանների միջև բարիդրացիական հարաբերությունների առավել զարգացման հնարավորությունները։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի նախագահին փոխանցեց Հայաստանի նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները և տեղեկացրեց Թբիլիսիում իր ունեցած հանդիպումների և քննարկումների արդյունքների մասին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-վրացական փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, անդրադարձան տարածաշրջանային համագործակցության հնարավորություններին:
Կարդացեք նաև
Էդվարդ Նալբանդյանը Գեորգի Մարգվելաշվիլիին ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն՝ ուղղված Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, ինչը հնարավորություն կընձեռի առաջ մղել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը։
Նախագահ Մարգվելաշվիլին խնդրեց իր լավագույն բարեմաղթանքներն ու հարգանքի հավաստիքը փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին