Լրահոս
Օրվա լրահոսը

Հարյուրավոր զբոսաշրջիկներ Հայաստան չեն գա: Մեր երկրից էլ հիմնականում ուժայիններն են չեղարկել իրենց ուղեւորությունները

Օգոստոս 01,2016 18:32

Տասնյակ զբոսաշրջային խմբեր, որոնք այս օրերին պետք է իրենց հանգիստը կազմակերպեին Հայաստանում, չեղարկել են իրենց ուղեւորությունը: Մեզ հետ զրույցում ասաց տուրընկերություններից մեկի ներկայացուցիչը, որը չցանկացավ ներկայանալ: Նրանք տուրփաթեթները գնել էին ամիսներ առաջ, սակայն մեր երկրում շուրջ 15 օր տեղի ունեցող հայտնի իրադարձությունների պատճառով, հրաժարվել են Հայաստան գալ: Օտարերկրյա զբոսաշրջիկները հիմնականում գյուղական տուրիզմով, էկոտուրիզմով հետաքրքրված անձինք են եղել:

Որքան էլ տուրիստական ընկերությունների պատասխանատուները փորձել են համոզել, որ զբոսաշրջիկներին վտանգ չի սպառնա, եւ որ իրադարձությունները մայրաքաղում լոկալ բնույթ են կրում, այդուհանդերձ, նրանց արտասահմանյան գործընկերները խուսափել են իրենց վրա նման պատասխանատվություն վերցնել եւ իրենց երկրների քաղաքացիներին ուղարկել: Զբոսաշրջիկները պետք է գային Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Իրանից, Գերմանիայից եւ այլ երկրներից:

Մեր զրուցակիցը նաեւ ասաց, որ դեպքերով պայմանավորված, Հայաստանից դեպի այլ երկրներ, Վրաստան, Հունաստան, Իսպանիա, Իսրայել, Հորդանան, Խորվաթիա, տուրիզմը այնքան էլ չի պակասել եւ, մասնավորապես, իրենց արտասահմանյան ուղեւորությունները չեղյալ են համարել ուժային կառույցների աշխատակիցները, որոնց համար այդ օրերին ուժեղացված ռեժիմ էր հայտարարվել, եւ նրանց արգելված էր երկրից դուրս գալ:

Թե զբոսաշրջիկների այցերի չեղարկումից որքան գումարներ կորցրեց մեր երկիրը, տուրընկերությունների պատասխանատուները հստակ հաշվարկ չէին արել, միայն նշեցին, որ դրանք հազարավոր դոլարներ են, որոնք կծախսվեին մեր երկրում:

Մեր զրուցակցի խոսքերով, ամեն մի նման ցնցում տուրիզմի վրա թանկ է նստում. «Սա ամենազգայուն ոլորտն է, ամիսներով, տարիներով աշխատում ենք, հաճախորդների բազա ենք ստեղծում եւ մի հարվածով` կորցնում: Ապրիլյան պատերզմից հետո, դեռ ուշքի չէինք եկել, նոր-նոր մեզ հետ աշխատող դրսի կազմակերպություններին հավաստիացրել էինք, որ մեզ մոտ ամեն բան խաղաղ է եւ, որ նրանց անվտանգությունը երաշխավորված է: Հիմի էլ է երաշխավորված, այնպես չէ, որ տուրիստները գան, խնդիրներ կունենան, բայց դա դո՛ւ գիտես եւ չես կարող բացատրել օտարերկրացուն, որը 24 ժամ հետեւում է տեղեկատվական հոսքերին եւ տեսնում է, թե ոստիկանները ինչպես են ծեծում-ջարդում սեփական քաղաքացիներին: Այսինքն` այստեղ այնքան սեփական անվտանգության հարցն էլ չէ, այլ` հարգանքը, վստահությունը, տվյալ պետության նկատմամբ»:

Մեր զրուցակցի համոզմամբ, Հայաստանի կառավարությունն  էլ պետք է այնպիսի գործիքներ կիրառի, որպեսզի տուրիզմը հնարավորինս քիչ տուժի. «Եթե այլ, հարուստ երկրների համար մի քանի տասնյակ խումբ զբոսաշրջիկի չգնալը նկատելի չի լինի, ապա մեզ պես փոքր երկրների պարագայում, անգամ այդ մի քանի տասնյակին Հայաստան բերելու համար մեծ ռեսուրս, ջանքեր եւ էներգիա ենք վատնում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031