Այսօր ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանի հուղարկավորությունն էր: Նա զոհվել էր ՊՊԾ գնդի տարածքում, ինչպես ոստիկանությունն է տարածել՝ զինված խմբի դիպուկահարի կրակոցից:
Հոկտեմբերի 17-ին Յուրի Տեփանոսյանի 30-ամյակն էր լինելու: Թողեց 3 անչափահաս երեխա՝ 6 ամսական Կարենը, 3.5 տարեկան Աշխենն ու 9-ամյա Էլենը:
Յուրի Տեփանոսյանի մատին հուղարկավորելուց առաջ հարազատները արցունք թափելով մի սեւ ուլունք փաթաթեցին՝ ասելով՝ քո թալիսմանը քեզ հետ լինի:
Aravot.am-ի հետ հետ զրույցում զոհված ոստիկանի տատիկը՝ Օֆելյա Չախալյանը պատմեց, որ խաչով թալիսմանը հոր հետ կատարված դժբախտ դեպքից առաջ նրա 9-ամյա աղջիկն է գնել. «Երկու օր առաջ էր առել, ուշացրեց: Ասում էինք՝ Էլե՛ն ջան, էս խի՞ ես առել, ասեց՝ որ պապաս գա, պապայիս նվիրեմ, որ պապայիս մի հատ մազը չծռվի, հանկարծ պապայիս չխփեն: Էդպես էլ էսօր դրեցինք մատին: 9 տարեկան երեխեն թալիսման էր առել հորը, որ հերը կենդանի մնար: Ով կասեր, որ կես ժամվա մեջ էդ լուրը կգար մեզ: Մենք ասեցինք՝ երեւի վիրավորվել է, գնացինք հիվանդանոց, երեխես արդեն չկար, սառած էր: 5 րոպեում է ինքը հոգին տվել: Ինքը չի էլ զգացել, թե ով է խփել, ոնց են խփել: Մենակ արյան մեջ էր շաղախված: Հենց իր մեքենայով էին բերել հիվանդանոց, դաժե շտապօգնությունով չէին բերել»:
Կարդացեք նաև
Հարազատների պատմելով՝ Յուրի Տեփանոսյանը արտակարգ մարդ էր. «Մի մրջյուն տրորած չկար: Առանց «ջան»-ի ոչ մեկի հետ չէր խոսում, լավ ամուսին էր, լավ մարդ, ոսկի հայր: Աստված լավերին է տանում: Փոքրը 6 ամսական է: Ջահել կինը ո՞նց պիտի ապրի, ինչի՞ համար, հայի ձեռքի՞ց: Թուրքը չի խփել, որ ասենք ՝թուրքը խփեց: Ախր ինքը շատ բարի էր՝ վերին աստիճանի»:
Տատիկը պատմեց, որ Յուրի Տեփանոսյանը իր աշխատանքը շատ է սիրել. «Այնքան մեդալներ ու պատվոգրեր է ստացել, տանն է բոլորը: Այս տարի ինքը վերջացրեց իրավաբանականը, դիպլոմը պետք է ստանար, որ իրեն կոչում տային, աշխատավարձն էլ պետք է բարձրացնեին: Ուրախացել էր, ասում էր՝ տատի ջան, երեխեքիս լավ կպահեմ, բայց մուրազը փորը մնաց»:
Մեր հարցին՝ ի՞նչ երազանքներ ուներ՝ տատիկը պատասխանեց. «Երեխեքին պիտի մեծացներ: Մեծ աղջիկը պարուհի էր, ասում էր՝ աղջկաս պարից չեմ հանի, թող պարուհի դառնա, փոքր աղջիկը 3 տարեկան էր: Շատ էր երազում, որ տղա ունենար, ունեցավ: Տղեն ունեցավ, ինքը գնաց, երեխես չկարողացավ…Ինքն էր ջահել, մենք կմեծացնենք երեխաներին»:
Այն վարկածը, թե Յուրի Տեփանոսյանին խփել են նախորդ օրը փոխհրաձգության ժամանակ, հետո փորձել են կոծկել՝ հարազատները հերքում են: Տատիկի պատմելով՝ «Այդ օրը ինքը եկել է տուն, շորերը փոխել է, լվացվել է: Օրը 2 անգամ գալիս էր, շոր էր փոխում: Ասում էի՝ Յուրո ջան, 2 անգամ ինչի ես անում, ասում էր՝ չէ, տատի ջան, քրտնում եմ, ամբողջ օրն արեւի տակ ենք: Եկավ, երեխեքին տեսավ, զանգել էին, ասել էին՝ Յուրա՛, շուտ արի: Կինն ասել էր՝ մի քիչ էլ մնա, ուշ գնա, ասել էր՝ չէ, ինձ զանգել են, ո՞նց չգնամ, ծառայություն է: Գնաց, կես ժամ հետո ասեցին, որ չկա: Դաժե ինքը իր մեքենայի մեջ նստած՝ թիկունքից խփել էին: Մեքենան կլոր ծակ էր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ