Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատեր, «ԳԱԼԱ» կուսակցության նախագահ Վահան Խաչատրյանն Aravot.am-ի հետ զրույցում «Սասնա ծռերին» ասպետներ որակեց՝ նրանց համեմատելով դեկաբրիստների հետ:
Հիշեցնենք՝ դեկաբրիստները ռուս ազնվականներ էին, որոնք 1825 թվականին ապստամբեցին ցարիզմի դեմ, փորձեցին հեղափոխություն անել Ռուսաստանում, սակայն այն տապալվեց:
Ըստ Վահան Խաչատրյանի, ցավոք, մեր իշխանություններին անհասկանալի է ասպետների լեզուն, հետևաբար և Սերժ Սարգսյանը չէր գնա բանակցությունների: «Բանակցություններն ուժեղ մարդու կամքի դրսևորում են, բանակցություններին ընդունակ են միայն խարիզմատիկ, ուժեղ ֆիգուրաները, լուրջ ֆիգուրաները, լուրջ քաղաքական դեմքերը: Սերժ Սարգսյանն այն անձը չէ, որը գնար բանակցությունների, ըստ Սերժ Սարգսյանի, բանակցությունների գնալը թուլության նշան է: Նախ պիտի ասեմ, որ Սերժ Սարգսյանը իր աշխատաոճով թույլ չպիտի տար այս պահը, մինչ այս կարմիր գիծը: Հենց նույն «Սասնա ծռերի» ներկայացուցիչները իրեն բազմիցս զգուշացրել էին, անթաքույց ասել էին, որ նման աշխատաոճը մի օր կբերի զինված ապստամբության: Այսինքն, մարդիկ ազնիվ են եղել իրենց մղումների մեջ ու հայտարարել են: Ցավոք, մեր իշխանություններն ասպետներ չեն, նենգ են և այդ լեզուն՝ ջենթլմենի լեզուն չեն հասկանում: Իշխանությունները հարկադրում են իրենց հետ խոսել իրենց լեզվով՝ կոշտ, կոպիտ մեթոդներով»:
Վահան Խաչատրյանի համոզմամբ, «Սասնա ծռերի» հանձնվելով՝ առճակատումն ավարտված չէ. այս պայքարը դեռ երկար կտևի, ու ժողովուրդը պետք է պատրաստ լինի դրան, մինչև որ տեսնեն՝ որ կողմը առաջինը կմաշվի ու կհոգնի: Ըստ նրա, սա նյարդերի պայքար է:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցն ամենևին զարմացած չէ այս օրերին ոստիկանների դրսևորած վարքագծից, վայրագություններից ու բիրտ գործելակերպից: Վահան Խաչատրյանի համոզմամբ, վերջին 6-7 տարիների ընթացքում ոստիկանությանը հատուկ թրեյնինգներով, նրանց համազգեստները փոխելով, կերակրելով պատրաստել էին հենց այս օրերի՝ ժողովրդին ծեծելու, վնասելու համար. այդ կառույցը շատ կոնկրետ հրահանգ է կատարում: «Գիտեք, ոստիկանն էլ մեր միջի մարդն է, և ինքն էլ հոգնել գիտի, զզվել գիտի, անմիջական զրույցներում համոզվել եմ, որ այսօրվա ոստիկանները շատ զզված են, հոգնած են իսկապես: Շատ կարճ ժամանակ եթե մենք դիմակայենք, ոստիկանները վայր կդնեն իրենց զենքը ու կանցնեն ժողովրդի կողքը: Սա նյարդերի պայքար է, նույն ոստիկանները սթափ գնահատում են, թե ով է ճիշտ այս կռվում, ով է ճիշտ ուղու վրա: Կարծում եմ՝ ոստիկանությունը երկար դիմակայել չի կարողանա, ներքին, ստորին հատվածը կզզվի այս ամեն ինչից, մնում է պահենք այն սահմանը, չթողնենք, որ որևէ մեկը մեր ազատությունները խլի»:
Իսկ ԱԱԾ-ն, ըստ Վահան Խաչատրյանի, նույն Խորհրդային Միության «կագեբեն է»: «Երբ որ երկրի ընդհանուր համակարգը փլուզվում է, դեգրադացվում է, չի կարող մի առանձին հատված, օրինակ՝ ԱԱԾ-ն, մնալ լավ կադրերով, ունենալ լավ կադրեր, որովհետև առևտուրը մտել է բոլոր տեղերը: Եթե առաջին դեմքը խոսում է զուտ առևտրային լեզվով, ԱԱԾ-ի մեջ էլ այդ առևտուրը ծաղկում է, և այնտեղ ճիշտ սպան, սպայի պատիվ ունեցող մարդիկ, ես շատ քչերին գիտեմ կամ չգիտեմ, միգուցե մոտիկից ծանոթ չեմ, համենայնդեպս լուրջ մարդկանցից շատ քչերն են այդ կառույցներում մնում, որովհետև այդ առևտրային հոգեբանությունը մտնում է ամենուր ու քայքայում է համակարգը: ԱԱԾ-ն էլ նույն փչացած համակարգն է, որը պետք է փոխվի նոր, ճիշտ կադրերով: Անգամ հին կադրերի առաջ նոր խնդիր պետք է դրվի, որպեսզի իրենք զբաղվեն ոչ թե իրենց առևտրով, ասենք սահմանին ինչ-որ բան առգրավեն, վաճառեն, հետո ուտեն, այլ պետք է ծառայեն մեր հայրենիքին: Ու այդ մարդկանց պետք է ապահովել լուրջ աշխատավարձով, ճիշտ աշխատավարձով, որպեսզի այդ մարդիկ չզբաղվեն այսպես ասած ձախ գործերով, այլ զբաղվեն իրենց գործով և լինեն սպա, ունենան սպայի պատիվ», -ասում է Վահան Խաչատրյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ