«Մենք գործ ունենք ապստամբների, ոչ թե ահաբեկիչների հետ, և ահաբեկիչ տերմինն օգտագործելը միանշանակ տղաների անմեղության կանխավարկածի իրավունքի խախտում էր»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել և Արամ Մանուկյանների շահերի պաշտպան Ինեսա Պետրոսյանը:
Նա պնդեց այն, որ իր պաշտպանյալները պետք է տեղափոխվեն քաղաքացիական հիվանդանոց` «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել են և շարունակեն իրենց բուժումը ստացիոնար պայմաններում, ոչ թե դատապարտյալների հիվանդանոցում:
Ինեսա Պետրոսյանը տեղեկացրեց, որ իրեն դիմել են նաև Արմեն Լամբարյանի հարազատները, որպեսզի նրա շահերի պաշտպանությունը ստանձնի:
Պաշտպանը մտահոգություն հայտնեց, որ սկզբում Արամ Մանուկյանը պահվում էր անմարդկային պայմաններում, սակայն իրենց դիմում-բողոքներից հետո պայմանները փոքր-ինչ բարելավվել են:
Կարդացեք նաև
Նշենք, որ Պավել և Արամ Մանուկյաններին առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածով և 235-րդ հոդվածի հատկանիշներով` շենք-շինությունների գրավման ու ապօրինի զենք-զինամթերք կրելու մասով: Այս հոդվածներով նախատեսվում է 6-12 տարի պատժաժամկետ:
Աշոտ Պետրոսյանի, Հովհաննես Հարությունյանի և Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ գրեթե նույն պատկերն է իր պաշտպանյալների մոտ, նրանք ևս սկզբնական շրջանում պահվում էին անմարդկային պայմաններում:
Ինեսա Պետրոսյանը տեղեկացրեց, որ Պավել Մանուկյանը շարունակում է սնունդ չընդունել: Նաև տեղեկացրեց, որ իր պաշտպանյալների` կալանքի մասին որոշումները բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում. «Պավել Մանուկյանի գործով դատական դռնփակ նիստին մասնակցում էին բժիշկներ, որ հանկարծ նրա հետ մի բան չպատահի: Նման վիճակում նա ինչպե՞ս կարող է փախուստի դիմել»:
Պաշտպանը հիշեցրեց, որ ԱԱԾ-ն, վարույթն իրականացնող մարմինները կոչեր հնչեցրին, որ եթե տղաները հանձնվեն ու վայր դնեն զենքերը, ապա կկիրառվեն խրախուսող նորմեր ու հավելեց. «Իշխանություններն այս պայմաններում պետք է հետևություններ անեն ու իրենց խոսքին տեր կանգնեն»:
Դառնալով ԱԱԾ-ի տարածած վերջին հայտարարությանը, որտեղ «Սասնա ծռերը» «ահաբեկիչ» որակվեցին` Արայիկ Պապիկյանը նշեց. «Պարզ դարձավ, որ չի բացառվում` այս տղաներին մեղադրանք ներկայացվի 217-րդ հոդվածի հատկանիշներով: Ու ընդհանրապես հուլիսի 17-ից սկսած բոլոր տիպի հայտարարություններում, որոնք կատարվեցին պաշտոնական մակարդակով, նույնիսկ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտարարություն արեց` նշելով, թե մարդասպանների հետ այլ կերպ չեն վարվում, կար արդեն իսկ դատավճիռ`առանց հաշվի առնելու անմեղության կանխավարկածը: Փոխոստիկանապետի հայտարարությունից հետո գոնե նրա նկատմամբ ծառայողական քննություն պիտի սկսվեր`պարզելու` ինչ նկատի ունի Հունան Պողոսյանը, երբ ասում է մարդասպաններ»:
Դառնալով ոստիկանության տարածած տեսանյութին, որտեղ «Սասնա ծռեր»-ի անդամներ Ռուբեն Գրիգորյանն ու Գևորգ Մելքոնյանը պատմում են այնտեղ հայտնվելու և հեռանալու հանգամանքների մասին, Ինեսա Պետրոսյանը տարակուսանք հայտնեց. «Տղաների կողքին պաշտպաններ չկային, երբ նրանք հայտարարություն էին անում տեսանյութում, հայտնի չէ, թե այդ ժամանակ նրանք ինչ վիճակում էին խոսում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ