«Ափսոս էին այդ տղաները…հուսանք, որ չեն կոտրվի եւ չեն չարանա: Նրանց թվում հրաշալի մարդիկ կան, որոնց ես ճանաչում եմ»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի` իշխանություններին հանձնվելու փաստին, ասաց ազգային պարարվեստի գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը:
Նրա խոսքով` արդարադատության համակարգում առկա խնդիրները չեն կարող չանդրադառնալ «Սասնա ծռերի» գործով առաջիկա դատավարության վրա. «Ոստիկանական ամենաթողությունը շարունակվում է, քանի որ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված ցույցերի ընթացքում գրանցված միջադեպերի արդյունքում ոչ մի ոստիկան պատասխանատվության չենթարկվեց, ոչ մի գործ դատարան չմտավ: Սա խոսում է այն մասին, թե որքանով կարող ենք հիմա արդարադատություն ակնկալել»:
Գինոսյանը հավելեց, որ անպատժելիության հետեւանքն են նաեւ Խորենացի փողոցում եւ Սարի թաղում գրանցված միջադեպերը, երբ ոստիկանները բռնություն եւ հատուկ միջոցներ կիրառեցին քաղաքացիների հանդեպ. «Բնականաբար, ոստիկանը գիտեր, որ անպատիժ է, ինքը տեր ունի, իսկ ժողովուրդը` անտեր է: Սա անտերների ընդվզում էր տեր ունեցողների դեմ, որոնք, ցավոք, իրենց տերերն էլ չեն…Ենթադրենք` տղաները մեղավոր են, բա ցուցարարն ի՞նչ մեղք ունի: Եվ եթե ահաբեկիչ են, այդ ո՞ր երկրում են մարդիկ ելնում` ահաբեկիչներին քաջալերելու: Ուրեմն, որքան ապօրինություն եւ անօրինականություն կա, որ ընդվզում են` որպես զորակցություն չակերտավոր ահաբեկիչների»:
Գագիկ Գինոսյանը ցանկություն հայտնեց, որ այս փուլում ժողովուրդը խոհեմ գտնվի եւ հետեւողական լինի իր իրավունքները պաշտպանելու գործում` չթողնելով, որ դանակը ոսկորին հասնի եւ նման բողոքի ցույցեր կազմակերպվեն: Նա կոչ ուղղեց նաեւ իշխանություններին` սիրել, պաշտպանել ժողովրդին, չճնշել, երկիրը չդարձնել բռնատիրական. «Մենք ստրուկ ենք որոշ տերությունների ձեռքում, որովհետեւ պաշտպանված չենք մեր ժողովրդով: Եթե տեր կանգնենք մեր ժողովրդին, ոչ մի երկիր չի կարող ստրկացնել մեր իշխանություններին, որոնք արդեն իսկ ստրկացված են»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում Գինոսյանը հանդես էր եկել իշխանությունների եւ զինված խմբի միջեւ միջնորդ հանդիսանալու առաջարկով: Նա ասաց, որ կոչը մնաց օդում, բայց դրա համար ոչ մեկին չի մեղադրում:
Քննադատեց նաեւ դատարանի վերաբերմունքը «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամ Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ. «Քանի դեռ հաշմանդամություն ունեցող մարդու հետ այդպես են վարվում, իրավունք չունեն մարդ կոչվել…Եթե ինչ-որ մեկը գոչում էր «սթափվե՜ք», իրեն եմ գոչում` «սթափվե՜ք, քանի ունենք երկիր, քանի չեք կործանել ինքներդ Ձեզ, եւ ափսոս չէր լինի դա, եթե Ձեզ հետ երկիրն էլ չկործանվեր»:
Մեր զրուցակիցը շեշտեց, որ կողմերից ոչ մեկին չի հարել. «Երկու կողմերը խոսում էին իրենց «ես»-ի պատվանդանից, ես կոչ եմ արել «մենք»-ի պատվանդանին կանգնել: Վիրավորական է, երբ մտավորականներին ստիպում են նամակ ստորագրել: Ոմանք ստորագրել են նամակի տակ, բայց հրապարակվել է մեկ այլ նամակ: Հարգե՜ք ինքներդ Ձեզ` աթոռից կառչած լինելու համար չի՜ կարելի մտավորականներին վարկաբեկել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
ՊԱՐՈՆՆ ԳԻՆՈՍՅԱՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԷՄԵՄ ԲՈԼՈՐ ՁԵՐ ՄՏՔԵՐԻ ՏԱԿ ԲԱՅԶ ԹՈՒՅԼ ՏՎԵՔ ՉՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ ՁԵՐ ՄԻ ՄՏՔԻ ՀԵՏ ԱՅՆԵ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄԱՐԴՈՒՆ ՍՏՈՐԱՑՆԵԼ և ՎԱՐԿԱԲԵԿԵԼ ԵԹԵ ՆԱ ԱՅՆ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԴՈՒՔ ԲՈԼՈՐ ՄՏԱՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ ՄԻ ՉԱՓԵՔ ՁԵՐ ԱՌՇԻՆՈՎ ՀԱՄԱՐՅԱ ԲՈԼՈՐ «ՄՏԱՈՐԱԿԱՆՆԵՐԸ» ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ՄՏԱԿԱՂԵՐԵՆ