Հռոմի Ֆրանցիսկոս պապն անդրադարձել է 2016թ. հուլիսի լույս 16-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին և պարզաբանել, թե ինչու մինչ օրս չի արտահայտվել այդ թեմայով։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Ֆրանցիսկոս պապը բացատրել է, թե ինչու մինչև այժմ չի անդրադարձել ռազմական հեղաշրջման փորձին՝ այդ թեման կապելով 2015թ. ապրիլին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին իր կատարած հայտարարությանը. «Ինչպես գիտեք՝ ես ասացի մի բան, որն անհրաժեշտ էր, բայց դուր չէր գալիս Թուրքիային, սակայն ես դրանում վստահ էի։ Այն, ինչ ես ասում էի, վստահ էի, որ այդպես է (նկատի ունի Հայոց ցեղասպանությունը,- խմբ.)։ Այժմ չեմ խոսում, որովհետև իմ ստացած տեղեկությունները բավարար չեն, որպեսզի վստահ լինեմ, թե այնտեղ ինչ է կատարվել»։