«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի պաշտպան, փաստաբան Գիվի Հովհաննիսյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ առայժմ պարոն Մարտիրոսյանին առաջադրված զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքը չի փոխվել:
Հիշեցնենք, որ երեկ ՊՊԾ գունդը գրաված զինված խումբը հանձնվեց, ուստի մեր հարցին, դա ինչ-որ բան կփոխի՞ գործում՝ նա պատասխանեց, որ առայժմ որեւէ գործողություն չեն արել. «Փոփոխությունը գիտեք ոնց է, եթե ցանկություն լինի՝ կփոխվի: Իրավական դաշտում չենք գործում, ժողովուրդ ջան, որ իրավաբանորեն փորձեմ պատասխանել»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն, քաղաքական որոշում է պետք՝ Գիվի Հովհաննիսյանը պատասխանեց. «Այո, իրենց ցանկությունների դաշտում է: Ես ի՞նչ իմանամ, թե այս պահի դրությամբ իշխանություններն ինչ են ցանկանում»:
Նա ասաց, որ երեկ է հանդիպել Արմեն Մարտիրոսյանի հետ, ինքնազգացողությունը լավ է եղել: Գիվի Հովհաննիսյանի խոսքերով՝ Արմեն Մարտիրոսյանը, բնականաբար, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. «Ակնհայտ ապօրինի է, ոչ մի բան չի արել»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Արմեն Մարտիրոսյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ