Օգոստոսի 1-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 201 դեպքի:
«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը ևս անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին: Տնօրենը նշեց, որ շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանքներից արձակվել է մոտ 55.000 կրակոց, կարկտահարության դեպքեր չեն գրանցվել: Լ. Վարդանյանի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա մինչև 35 աստիճան, այսօր հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, իսկ վաղն արդեն տեղումներ կլինեն միայն առանձին շրջաններում: Առատ տեղումներ են սպասվում հատկապես Տավուշի մարզում:
Լ. Վարդանյանը նշեց, որ երկարատև բանակցությունների արդյունքում հնարավոր եղավ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կլիմայագիտության հանձնաժողովի կառավարման խմբի 2016 թ. նիստը կազմակերպել Երևանում, որը կկայանա սեպտեմբերի 6-8-ը: Եռօրյա նիստին կմասնակցեն աշխարհի տարբեր անկյուններից 30 մասնագետ, ովքեր կքննարկեն կլիմային առնչվող և ժամանակակից լուծում պահանջող հարցեր, ուղղություններ: Տնօրենի փոխանցմամբ՝ նիստի կազմակերպումը Երևանում կնպաստի ինչպես նախարարության հեղինակության բարձրացմանը, այնպես էլ՝ զբոսաշրջության զարգացմանը:
Կարդացեք նաև
«ՍՊԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը ԱԻ նախարարին զեկուցեց ընթացիկ աշխատանքների և նախատեսվող միջոցառումների մասին: Գործակալության պետը հայտնեց, որ օգոստոսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 08.46-ին գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Ադրբեջանի տարածքում: Երկրաշարժը զգացվել է նաև ԼՂՀ տարածքում, մասնավորապես՝ Ստեփանակերտ քաղաքում՝ 3-4 բալ և ՀՀ տարածքում՝ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Երևանում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների և ուսումնավարժանքների կազմակերպման մասին։
ԱԻՆ հաղորդագրություն