Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լիլի Կարապետյան. Չդադարենք ասել՝ «Սասնա Ծռերը» մենք ենք

Օգոստոս 01,2016 11:18

Այն,ինչ կատարվեց շուրջ երկու շաբաթ Երևանում ցնցեց ողջ աշխարհը և յուրաքանչյուր մարդ, ով  հայի գենոֆոնդի կրող է, անտարբեր չմնաց այս իրադարձությունների հանդեպ: Գիտեմ, որ շատերդ այսքան կրակների միջով անցնելուց հետո տարակուսանք եք ապրում, գուցե հուսահատություն, բայց… «Սասնա Ծռերը»  զանգ էր, որ արթնացրեց նիրհող հոգիներ, ուղղեց կորացած մեջքեր և ազատագրեց ճնշված ուղեղներ: Սասնա Ծռեցիք հիրավի պատմական հեղաշրջում արեցին, որի մասին Հայոց պատմության էջերում գալիք սերնդի մանուկները կկարդան և, վստահաբար, բարձր կգնահատեն նրանց անձնազոհությունը, քանի որ այն ժամանակ նրանք կապրեն ազատ անկախ Հայաստանում: Նրանք նաև տեղեկացված կլինեն իրենց ժողովրդի ապրած ծանր օրերի մասին, մասնավորապես Հայոց Եղեռնից  մեկ դար անց սեփական ժողովրդին ցեղասպանության ենթարկելու շարունակական գործընթացին, որ պատրաստ էին  ինքնահրկիզման և առհասարակ ինքնազոհության հանուն նրանց ապագայի: Մենք հերոս ազգ ենք և ես հպարտ եմ մեզանով. ծեծեցին, ավելի շատացանք, ճնշեցին, ավելի բարկացանք և սա գործընթաց է, որ նոր է սկսվել:

Տեսանք ինչերի են ընդունակ իշխանությունները՝ կիրառելով վաղուց իրեն սպառած սցենարներ սադրիչներով և բռնապետական վարքով խաղաղ ցուցարարների հանդեպ: Վստահ եմ պատկերացնում եք այդ մարդիկ ինչպիսի խոշտանգումների են ընդունակ ենթարկելու ա′յն անձանց, որոնց չհաջողվեց պիտակավորել որպես «ահաբեկիչներ»: Աշխարհն էր հետևում ահաբեկչությունը ո′ր կողմից էր: Հետևաբար նաև կշարունակի հետևել, թե ինչպես են վարվում ժողովրդի համար այդ ծայրահեղ քայլի գնացած հերոսների հետ և մենք  չենք թողնի անպատիժ նրանց հանդեպ ֆիզիկական բռնություններ կիրառողներին: Կարևոր է միջազգային կառույցների ուշադրությունը գրավել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի անգործության և զավեշտական կողմնապահության վրա, ըստ որոնց այդ օրերի բոլոր ակնհայտ խախտումները դեռ ենթակա են ուսումնասիրության և ապացույցների կարիք ունեն: Մարդու իրավունքների ոտնահարումը պաթոլոգիկ երևույթ է մեր երկրում:

Լիլի Կարապետյան

Լիլի Կարապետյան

Ակնհայտ է մի բան. հայը կարող է դիմանալ սոցիալական ծանր պայմաններին, հոգեբանական ճնշումներին,կեղծ ընտրություններին, բայց ոչ երբեք Հայաստան աշխարհի վերջնական տապալմանը: Այլ կերպ ասած, Հայաստանը հայը վեր է դասում նույնիսկ սեփական ինքնասիրությունից և պատրաստ է ամեն ծայրահեղ քայլի, միայն թե ապագա սերունդներին թողնի այն վեհ գաղափարը, որ կոչվում է Հայրենիք: Դրա ականատեսն եմ եղել ես, ինչպես և ձեզանից շատերը, 90-ականներին և հիմա: Կրկնակի անգամ զույգ ականջներս լսել են «միացում» կոչը և բոլորս գիտենք այդ խոսքի ուժը ինչի է ընդունակ: Եվ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա Կրեմլին չի հաջողվի կյանքի կոչել իր վաղեմի պլանը, որն է ունենալ «Հայաստան առանց հայերի»: Այս ծրագրի վկայությունն է Մոսկվայից ամեն տեսակ աջակցությունը գործող իշխանություններին կլինի դա հատուկ ջոկատայինների տեսքով, թե ռուսական լրատվամիջոցներով մատուցած խեղաթյուրված իրականությամբ և թե Կազանյան պայմանագրով: Չմոռանամ նշել նաև հայերին Սիբիր աքսորելու ռուս-հայկական ծրագիրը: Երկու տասնյակ տարուց ավել է, ինչ ողջ հայ ժողովուրդը պատանդ է այս ահաբեկչական դաշինքի ձեռքում: Հայաստանը դարձել է Ստալինյան վերածննդի օջախ: Բայց  ռեժիմների  տապալման օրինակները բազմաթիվ են:

Չեմ կարող չնկատել, որ նույն 90-ականներին որոշ այժմյան քաղաքական գործիչներ նստացույցերի և համաժողովրդական ընդվզման ակտիվիստներ էին և ինձ համար հայրենասերի կերպարի մարմնավորում, իսկ այսօր առանց ամոթի զգացումի այդ նույն ժողովրդին, որը նույն գաղափարի շուրջ է համախմբվել, անվանում են թուրք կամ այլ կերպ պիտակավորում: Ընդամենը երկու ամիս առաջ լսում էինք «ոչ մի թիզ հող չենք տալու», իսկ այսօր այդ նույն մարդիկ աջակցում են իշխանությունների ցանկացած որոշմանը: Ունենք արվեստագետ, ում ազգանունը խորհրդային տարիներին հեղինակություն էր թե Հայաստանում և թե սահմաններից դուրս, քանզի նա դիմակայելով սովետական նեղ «կարելի-չի կարելի»-ներին ստեղծեց և պահպանեց հայկական մշակույթի դեմքը մուլտիպլիկացիայի աշխարհում: Սակայն այսօր այդ ազգանունը կրող արվեստագետը ոտնահարում է իր հոր հեղինակությունը ողջ ազգի առաջ: Կամ ազգային հերոսը, որի առջև շատերն էին խոնարհվում, բոլորս ուշի-ուշով հետևում էինք նրա կերպարին անվայել քայլերին… Մետամորֆոզների մասին  կարելի է անվերջ խոսել: Թե ով ինչ պատառ ստացավ կտեսնենք մոտ ապագայում, դա չի կարևորը:

Լիլի Կարապետյանի հեղինակած բրոնզե քանդակը

Լիլի Կարապետյանի հեղինակած բրոնզե քանդակը

Հիմա հայ ժողովուրդը ոտքի է ելել և զգում  է իր ուսերին պատասխանատվություն, որը ժառանգեց Սասնա Ծռեր խմբավորումից: Այն է շարունակել ասել «միացում», քանի որ բոլորս գիտենք ինչ վտանգների առաջ է կանգնած Հայաստանը: Համազգային զարթոնքի և մոբիլիզացիայի ժամանակն է: Անկարելի է թույլ տալ աճուրդի հանել Մոնթեների արյունը, սահմանին կանգնած մեր երեխաների կյանքը և առհասարակ հայ ազգի ապագան:

Պետք չէ փնտրել առաջնորդներ: Որոշում կայացնողը մենք ենք, պայքարի ճանապարհներ ընտրողներն էլ ենք մենք: Ես որպես արվեստագետ այսօր իմ խոսքն եմ ասում ստեղծագործության միջոցով, որն արտացոլում է ազգային գիտակցությունը, կամարտահայտությունը, հանգստությունը, զորությունը, հոգևոր հարստությունը, հավատն ու հույսը, անձնազոհությունը, վեհ գաղափարների բարձրաձայնումը , որը հատուկ է մեր հերոսներին և այն անվանում եմ «ԴԵՊԻ ՍԱՍՆԱ ԾՌԵՐ»: Այն նաև ինձ համար սիմվոլ է ժողովրդի և մեր հերոսների միջև հոգևոր կապի, որն ուղղակի հնարավոր չէ խզել, անկախ նրանց գտնվելու վայրից: Ինչպես իրենք են ասում «հիմա քայլը ժողովրդինն է»: Կոչ եմ անում բոլոր արվեստագետներին միանալ այս գաղափարին. գրել երգեր,կազմակերպել ցուցահանդեսներ, բեմադրություններ, համերգներ և ցանկացած կերպ արտահայտել անհամաձայնությունը գործող իշխանությունների դավադիր քայլերի դեմ: Պետք է պայքարենք ուս ուսի տված, առյուծի նման, ետ բերենք հողն ու փառքը հայության: Չդադարենք ասել Սասնա Ծռերը մենք ենք  …

Հաղորդավար, քանդակագործ և պարզապես ՀՀ քաղաքացի

Լիլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031