Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ն՝ առողջական խնդիրներով զինվորի մասին

Օգոստոս 01,2016 16:00

Հուլիսի 13-ին «Առավոտ»-ն անդրադարձել էր զորակոչիկ Դավիթ Համբարձումյանի առողջական խնդրին, որի առկայության պարագայում ապագա զինվորին բանակ զորակոչվելու ծանուցագիր է եկել: Դավիթը պատմել էր, որ երկար քայլելիս ցավից ուշագնաց է լինում, քանի որ ունի ոտքի հետ կապված լուրջ խնդիրներ: Հրապարակման մեջ նշել էինք, որ եթե ՊՆ-ն չվերանայի Դավիթի գործը, ապա զորակոչիկը առողջական լուրջ խնդիրներով կգնա բանակ: 2016թ.-ի զորակոչի ժամանակ Դավիթ Համբարձումյանը վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնում ստացիոնար բուժում է ստացել, բայց դուրս է գրվել անփոփոխ վիճակով: Ըստ գիտական կենտրոնի եզրակացության՝ ախտորոշվել է աջ ծնկան հոդի դրսային մահիկի կիստա, էքստրուզիա՝ բարդացած մահիկի երկայնական շերտազատող վնասվածքով: Զորակոչիկին առաջարկվել է վիրահատություն, սակայն նա եւ նրա հարազատները հրաժարվել են առաջարկված վիրահատական բուժումից, քանի որ, ինչպես Դավիթի մայրն է նշում, տվյալ վիրահատությունը պետք է կատարվեր վճարովի:

Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ հարցեր էինք ուղղել պաշտպանության նախարարությանը, որի պատասխանը ստացանք երեկ: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:

«ՀՀ պաշտպանության նախարարությանը հասցեագրված Ձեր գրությունը՝ 1997թ. ծնված Դավիթ Արմենի Համբարձումյանի առողջական վիճակի եւ պարտադիր զինվորական ծառայության համար նրա պիտանելիության հարցի վերաբերյալ, ուսումնասիրվել Է։

Ոաումնասիրության արդյունքում տեղեկացնում եմ, որ 1997թ. ծնված Դավիթ Արմենի Համբարձումյանը հաշվառված է Էջմիածնի զինվորական կոմիսարիատում եւ ենթակա է եղել 2015թ. ամառային զորակոչին։

2015թ. ամառային զորակոչի ընթացքում Դ. Համբարձումյանը հետազոտվել է «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության» բժշկական կենտրոնում, ախտորոշվել է՝ «Ձախ այտի անոթային խալ, գունակագորտնուկային խալեր», եւ «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնում» ախտորոշվել է «Ողնաշարի կրծքային հատվածի կիֆոզ 1-ին աստիճան՝ առանց ֆունկցիայի խանգարման։ Աջ ծնկահոդի դրսային մահիկի կիստա եւ էքստրուզիա, աջ ծնկոսկրի խոնդրոմալացիա՝ ֆունկցիայի ժամանակավոր խանգարմամբ, խորհուրդ է տրվում բուժում։ Զույգ ոտնաթաթերի 3-5-րդ մատների դեֆորմացիա՝ առանց ֆունկցիայի խանգարման»։

Վերը նշված հետազոտությունների արդյունքներով Դավիթ Արմենի Համբարձումյանը 20.07.2015թ. ներկայացվել է կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին, որտեղ արտաքին զննության եւ փաստաթղթերի ոաումնասիրության արդյունքում բժիշկ-փորձագետների կողմից նրա մոտ ախտորոշվել է «Աջ ծնկահոդի դրսային մահիկի կիստա եւ էքստրուզիա, աջ ծնկոսկրի խոնդրոմալացիա՝ ֆունկցիայի ժամանակավոր խանգարմամբ», եւ համաձայն ՀՀ ՊՆ 410-13 հրամանի 38-րդ հոդվածի «դ» կետի պահանջների՝ վերջինիս տրվել է տարկետում 10 ամիս ժամկետով (բուժման նպատակով)։

Տարկետման ընթացքում Դավիթ Արմենի Համբարձումյանը վիրահատական բուժման նպատակով ուղեգրվել է «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն», որտեղ զորակոչիկը եւ նրա հարազատները հրաժարվել են առաջարկված վիրահատական բուժումից։

Նույն բժշկական հաստատությունում իրականացված հետազոտության արդյունքում ախտորոշվել է «Ողնաշարի կրծքային հատվածի կիֆոզ 1-ին աստիճան՝ առանց ֆունկցիայի խանգարման։ Աջ ծնկահոդի դրսային մահիկի կիստա, էքստրուզիա, հրաժարվել է առաջարկված վիրահատական բուժումից։ Ոտնաթաթերի 3-5-րդ մատների դեֆորմացիա՝ առանց ֆունկցիայի խանգարման»։
25.05.2016թ. Դ. Համբարձումյանը ներկայացել է կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին, արտաքին զննության եւ փաստաթղթերի ոաումնասիրության արդյունքում բժիշկ փորձագետների կողմից նրա մոտ ախտորոշվել է «Աջ ծնկահոդի մահիկի կիստա, էքստրուզիա, աջ ազդրի ստորին ծայրի էկզոստոզ» եւ ուղարկվել է ստուգիչ հետազոտման։

«Երեւանի թիվ 2 բժշկական միավորումում» իրականացված ստուգիչ հետազոտության արդյունքում Դավիթ Արմենի Համբարձումյանի մոտ ախտորոշվել է «Աջ ծնկահոդի դրսային մահիկի հնացած վնասում՝ ֆունկցիայի աննշան խանգարմամբ»։

27.06.2016թ. Դ. Համբարձումյանը կրկին ներկայացվել է կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին, որտեղ արտաքին զննության եւ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում բժիշկ-փորձագետների կողմից նրա մոտ ախտորոշվել է «Աջ ծնկահոդի դրսային մահիկի հնացած վնասում՝ ֆունկցիայի աննշան խանգարմամբ։ Ոտնաթաթերի 3-5-րդ մատների դեֆորմացիա՝ առանց ֆունկցիայի խանգարման», եւ համաձայն ՀՀ ՊՆ 410-13 հրամանի 38-րդ հոդվածի «գ» կետի պահանջների՝ վերջինս ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով։

ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի նախագահի միջնորդության արդյունքում Դ. Համբարձումյանը 07.07.2016թ. մեկ անգամ եւս ներկայացվել է կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը, եւ նրա պիտանիության վերաբերյալ նախկինում տրված եզրակացությունը մնացել է անփոփոխ։

2015թ. եւ 2016թ. ամառային զորակոչերի ընթացքում Դ. Համբարձումյանի պիտանիության վերաբերյալ տարբեր եզրակացություններով տրվել են հետազոտությունների արդյունքում ստացված տարբեր ախտորոշումներ՝ կապված ֆունկցիայի խանգարման աստիճանի հետ (2015թ. ժամանակավոր, իսկ 2016թ. աննշան խանգարում) հիման վրա։

Ինչ վերաբերում է Դ. Համբարձումյանի վիրահատական բուժումը պետական պատվերի շրջանակներում իրականացնելու հարցին, ապա տեղեկացնում եմ, որ «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկամ մասին» ՀՀ կառավարության 04.03.2004թ. 1Վ318-Ն որոշման եւ «Նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 10.07.2008 թվականի 1Տ1748-Ն որոշման պահանջների համաձայն՝ նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձանց բժշկական սպասարկումր եւ բուժումը իրականացվում է անվճար՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում։ Սակայն տվյալ դեպքում զորակոչիկը առաջարկված վիրահատական բուժումից հրաժարվել է»։

«Առավոտ»

30.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031