Լրահոս
Օրվա լրահոսը

Տարեցների կարիքները կգնահատվեն

Օգոստոս 01,2016 15:30

«Մենք չենք դժգոհում ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունից, բայց այն, որ գործընթացը բարելավման կարիք ունի, համամիտ ենք: Ինչպես նկատեցիք հետազոտության արդյունքներից, շահառուներն էլ բավականին դրական էին գնահատել ծրագիրը, գոհունակության ցուցանիշը բարձր էր: Բայց առանձին տեսակի ծառայությունների մատուցման տեսանկյունից մենք ունենք խնդիրներ, որոնք հաշվի կառնենք»,- «Առավոտին» ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սոնա Հարությունյանը՝ անդրադառնալով Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի ու Օքսֆամ հայաստանյան գրասենյակի անցկացրած՝ «Տնային պայմաններում միայնակ տարեցների սոցիալական սպասարկում» բյուջետային ծրագրի անկախ գնահատման արդյունքներին:

Հիշեցնենք. համաձայն այդ արդյունքների՝ շուրջ 3300 շահառուի սպասարկող ծրագրերում, որոնց թիրախում կենսաթոշակային տարիքի հասած եւ խնամքի կարիք ունեցող միայնակ տարեցներն ու 18 տարեկանից բարձր հաշմանդամներն են, բացահայտել են մի շարք թերություններ: Գնահատման արդյունքները թույլ են տալիս պնդել, որ տնային պայմաններում խնամքի ծառայությունների ոլորտում պետական քաղաքականության բարեփոխումները խիստ արդիական են, սակայն ծրագրերին հատկացվող միջոցները բավարար չեն շահառուներին որակյալ եւ ամբողջական ծառայություններ մատուցելու համար:

Հիշեցնենք. այս նոր մոնիտորինգային համակարգը, որն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը արդեն երկու տարի է՝ ներդրել է, ղեկավարում է փոխնախարար Սոնա Հարությունյանը: Արդեն իսկ ձեւավորվել է նախարարություն-Օքսֆամ-ՏԶՀ աշխատանքային խումբ, որտեղ վերլուծվում են անկախ գնահատումների արդյունքները: Մեր զրուցակցի պնդմամբ՝ համակարգը «խոշորացույցի տակով» անցկացրել է նախարարության մի քանի տասնյակ ծրագրեր՝ դրանց մի մասը կատարելագործելով ենթաօրենսդրական ակտերով: Եղել են նաեւ ոչ բարձր գնահատականի արժանացած պետական աջակցության ծրագրեր: Դրանց իրականացման համար հատկացված պետական միջոցները վերաբաշխվել են այլ ուղղություներով:

Սոնա Հարությունյանը հավաստիացնում է՝ նախարարությունն անպայման հաշվի կառնի նաեւ այս գնահատման արդյունքները. եթե կան շահառուներ, որոնք խիստ պայմանների պատճառով դուրս են մնում ծրագրից, ապա պայմանների մեղմացում պետք է իրականացվի. «Դա արվելու է, որպեսզի համապատասխանեցվի կոնկրետ ծրագրին ու կոնկրետ շահառուների սպասարկման նպատակին»: Մեր զրուցակիցը հավաստիացնում է՝ նախարարությունն էլ ունի համապատասխան մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս ոլորտը վերահսկողության տակ պահել: Բայց նման համապարփակ եւ ամբողջական հետազոտությունները կարեւոր են՝ բոլոր թերությունները վեր հանելու, հասկանալու եւ վերլուծելու համար: Նրա տեղեկացմամբ՝ նախարարությունն արդեն կառավարությանն է ներկայացրել տնային պայմաններում եւ համապատասխան հաստատություններում տարեցների խնամքի չափորոշիչները: Առաջին հերթին պետք է գնահատվեն տարեցների կարիքները: Դրանք դասակարգվել են 3 խմբի, յուրաքանչյուրի համար չափորոշիչները մշակվել են առանձին: Արդեն երեք ամսից լրամշակված տարբերակը պատրաստ կլինի:

 
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

30.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031