-Իշխա՛ն, էս աշխարհքում քանի պետություն կա:
-Դե՛, մենք ենք, Գերմանիան, էլ ով կա, Թուրքիան, Ամերիկան, Ֆրանսիան, հա˜, Ավստրիան, Հունգարիան, չեխերը, Հնդկաստանը: Մի հարյուր հատ կլինի:
-Գլխավորը մենք ենք ու Ամերիկան ա չէ՞…
-…Ավստրիան:
-Կարեւորը մենք ենք ու Ամերիկա˜ն: Ավստրիան մանր երկիր է, նրա գործը հեշտ է: Մեղքս մեզ է գալիս ու Ամերիկային, մանրերն արանքում գլուխ են պահում:
Հենրիկ Մալյան. «Մենք ենք մեր սարերը» ֆիլմից:
Որքան էլ ցավալի լինի, բայց իրականության առաջ արդարացի լինելու համար, պիտի փաստենք, որ ֆիլմից մինչեւ մեր օրերի Հայաստանի միջեւ շատ ջրեր են հոսել: Այսօր մենք ենք դարձել արանքում գլուխ պահող երկիր:
Ու երեւի դա է պատճառը, որ հայերիս միշտ էլ հետաքրքրում է, թե ով կլինի, ասենք, Ռուսաստանի, Գերմանիայի… եւ Ամերիկայի նախագահը: Այս անգամ էլ անհամբերությունը սեւեռվել է դեպի ԱՄՆ: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունները յոթ սարի հետեւում չեն: Արդեն վաղուց ավարտվել են ներկուսակցական ընտրություններն ու հայտնի են ֆավորիտների անունները. հանրապետական Դոնալդ Թրամփ եւ դեմոկրատական Հիլարի Քլինթոն:
Ի տարբերություն շատ երկրների, ԱՄՆ-ում ընտրությունների հիմնական եղանակը ստեղծվում է ազգային համայնքների աջակցությամբ, ընտրական ու ֆինանսական ռեսուրսներով:
«Հիմնական պայքարն այս ճակատում կծավալվի իռլանդական, հրեական ու հայկական ճակատների համար, որոնց հանդեպ հետաքրքրությունը մեծ է, քանի որ նրանք կոմպակտ բնակեցված են առանցքային նահանգներում եւ ինտերնացիոնալ կազմակերպված բարձր մակարդակ ունեն»,- գրում է FORBES-ը:
Նախագահներից ով ինչ կտա մեզ՝ հայերիս: Ամերիկահայությունը հագեցած է դեմոկրատական կուսակցության, ԱՄՆ նախագահի առաջատար թեկնածու, Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին, սենատոր Քլինթոնով: Ով բազմիցս հայտարարությամբ հանդես է եկել, որում Կոնգրեսին կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը եւ խոստանում է նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել ցեղասպանությունը: Վաշինգտոնի հայ դատի գրասենյակը հիշեցնում է, որ 2002 թվականից ի վեր Հիլարի Քլինթոնը սենատում պաշտպանել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծերը, ինչպես նաեւ 2005 եւ 2006 թվականներին միացել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի սենատորի հղած նամակին, որում կոչ էր արվում՝ պատշաճ կերպով ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «…Համակարգված ու կանխատեսված Ցեղասպանության արշավ է իրագործված Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին: Ցեղասպանության զոհերն արժանի են մեր հիշատակությանը, որ գրավեն իրենց պատշաճ տեղը պատմության էջերում»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաեւ, որ Օբաման նույնպես նախընտրական շրջանում շահարկել է այս հարցը եւ չի կատարել իր տված խոստումները: Դժբախտաբար, Հայոց ցեղասպանությունը միակ խնդիրը չէ: Օբամայի վարչակազմը հիասթափեցրել է ամերիկահայ համայնքին բազմաթիվ հարցերում` ներառյալ կրճատելով Հայաստանին տրամադրվող արտաքին օժանդակությունը, չսատարելով Արցախի՝ ինքնորոշման իրավունքը եւ ճնշում գործադրել Հայատանի վրա, որպեսզի վերջինս Թուրքիայի հետ ստորագրի իր ազգային շահերը վնասող պայմանագիր:
Հետ հայացք գցելով այս ամենին, այսօր մեզ մնում է միայն հուսալով սպասել՝ ԱՄՆ-ի ապագա նախագահին ու նրա ծավալած գործունեությանը: Իսկ մինչ այս պահը արձանագրած միակ իրողությունն այն է, որ ԱՄՆ-ից լսվող փաղաքշական խոսքերն ու շոյող ձեռքերը միայն նախագահական ընտրությունների նախընտրական ծրագրերում են:
ՌԱԻՍԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
30.07.2016