Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Օղակ» գործողության դեմ առաջին կազմակերպված պաշտպանությունը Մարտակերտի շրջանում

Օգոստոս 01,2016 13:00

Դրմբոնի գործողությունից անցել է 25 տարի

Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակով սկսված «Օղակ» գործողության արդյունքում 1991 թվականի ապրիլից հուլիս ամիսներին հայաթափվել էին մի շարք գյուղեր: Այդ օրերին (մայիսի 3) Գետաշենից ստացված մի հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում էր. «Մենք` Ադրբեջանի կազմում գտնվող հայկական երկու գյուղերի` Գետաշենի եւ Մարտունաշենի բնակիչներս, աղաչում ենք. փրկեք մեր կյանքը: Խորհրդային բանակը ոչնչացնում է մեզ` խորհրդային քաղաքացիներիս: Մեր վրա կրակում են թնդանոթներից, գնդացիրներից եւ ավտոմատներից…SOS!SOS!SOS! հկԸհԼՁժ»:

Մայիսի կեսերին նույն` անձնագրային ռեժիմի քողի ներքո հայաթափվել էին Հադրութի շրջանի գյուղերը: Առաջ շարժվելով` ադրբեջանական ՕՄՕՆ-ը խորհրդային զորքի հետ միասին փորձում էին անձնագրային ստուգումներ անցկացնել Մարտակերտի շրջանում: Հայկական կողմի տեղեկություններով` ստուգումները պետք է անցկացվեին Մարտակերտի ձորակ Հաթերքում: Բնակչությանը պաշտպանելու նպատակով Վազգեն Սարգսյանի հրամանով ձեւավորվել էր մոտ 70 հոգուց բաղկացած դիվերսիոն խումբ, որը գտնվում էր Հաթերքի անտառներում:

DSCN9982

Հուլիս ամսին նրանց մոտ էր ուղարկվել Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս)` մեկ հրամանատարությամբ գործելու նպատակով: «Մենք խորհրդային ուժերին զգուշացրել էինք, որ Հաթերք չգան, բայց հրամանատարությունը չլսեց մեզ եւ որոշվել էր շրջապատել Հաթերքը, որի արդյունքում ադրբեջանական ՕՄՕՆ-ին հնարավորություն կտրվեր հայաթափելու բնակատեղին: Որպեսզի դա թույլ չտայինք, որոշեցինք կանգնեցնել Դրմբոնից դեպի Հաթերք եկող խորհրդային շարասյունը: Հավաքվեցինք 9 հրամանատարներով եւ բոլորս միաձայն որոշում կայացրինք թույլ չտալ Հաթերքի անձնագրային ռեժիմի անցկացումը»,- պատմում է Ա. Տեր-Թադեւոսյանը:

Խորհրդային միության ամենամարտունակ զորքերի` կարմիր բերետավորների առաջխաղացումը կանգնեցնելու համար որոշվեց պայթեցնել ճանապարհը, նրանց գցել ծուղակի մեջ: Տարածքը նայելուց հետո գործողության վայր ընտրվեց Դրմբոնի խճուղին, որը լեռնային տարածք էր: Տղաները ճանապարհն ականապատեցին ինքնաշեն ականներով: «Մենք արդեն մեր դիրքերում էինք, սպասում էին խորհրդային զորքերին, երկրորդ օրվա կեսին նոր շարասյունը եկավ»,-պատմում է գործողության մասնակից Ջոն Աբելյանը, ով ականապատել էր ճանապարհը:
Յուրա Հովհաննիսյանի (26-ի Յուրա), Սասուն Միքայելյանի (Հրազդանի Սասուն), Սուրեն Սարգսյանի (Սեւանի Սուրիկ), Հրաչ Շահվերդյանի, Ջոն Աբելյանի գլխավորած խմբերը տեղակայված էին դիրքերում, ստեղծվել էր պահեստային խումբ` Հոկտեմբերյանի Գառնիկի գլխավորությամբ: Եթե խորհրդային ուժերը ճեղքեին դիրքերը, նրանց դիմադրություն ցույց կտրվեր Հաթերքում, որտեղ գտնվում էր Էջմիածնի ջոկատը:

Հուլիսի 30-ին խորհրդային զորքերը ադրբեջանական ՕՄՕՆ-ի հետ արդեն Դրմբոնի մատույցներում էին: «Տեսանք գալիս են, գոռացինք` կալոնան ա գալիս: Առաջինը ձԸի էր գալիս, հետո` կապի մեքենա եւ 2 ըԾկ, 3-4 կմ հեռու արդեն կալոնան էր, հետաքրքիր էր, որ զինտեխնիկայի համարները պարկի կտորով փակած էին»,- պատմում է գործողության մասնակից-հրամանատար Սասուն Միքայելյանը:
Գործողությունը սկսվեց, Ջոն Աբելյանը պայթեցրեց առաջ եկող զրահամեքենան, իսկ Սասուն Միքայելյանը «ԾձղԸ»-ով կրակեց հետեւից եկող երկրորդ զրահամեքենայի (ըԾկ) ուղղությամբ: Անսպասելի հարձակումը շփոթեցրել էր խորհրդային զորքին, շարասյունը կանգ էր առել: Հայկական դիրքերից տղաները նռնակներ էին նետել նրանց ուղղությամբ: Երկկողմանի կրակոցները տեւել էին մոտ 30 րոպե: Հայկական կողմը ուներ մեկ զոհ` Գուրգեն Առաքելյանը, որի դին միայն օրեր անց կարողացան հասցնել Հաթերք:

Տղաները հետ էին քաշվել, հետդարձի ճանապարհին ընկել էին շրջափակման մեջ. «Գիտեինք, որ ուղղաթիռներով կխփեն մեր ուղղությամբ: Դուրս եկանք, էդ ժամանակ մեզ շրջապատեցին ու 2 ուղղաթիռ թռան, սկսեցին խփել: 26-ի Յուրան էր մեր կամբատը, որոշեցինք անտառից դուրս գալ, գնացինք դեպի թփուտները, իրենք չէին պատկերացնի, որ թփուտներում էինք: Երկու օր չկարողացանք շրջափակումից դուրս գալ: Հուլիս ամիսն էր, շոգ, ծարավ էինք, կարողացել էինք մի գյոլ գտնել: Թիկնել էի ջրի մոտ, մեկ էլ էդ ժամանակ 5 տարեկան տղաս` Մեխակը, ոնց որ ձեռքիցս քաշեր, ասացի տղերք, դուրս ենք գալիս ձորակից: Դուրս եկանք, անցանք մեծ անտառ, մնացինք շրջափակումից դուրս, գնացինք Կճողուտի անտառները»:
Տղաներից չորսն էլ ճանապարհի եւ թուրքական Ումուդլու գյուղի արանքում էին մնացել շրջափակման մեջ: «Սկսեցին ուղղաթիռներով խփել, ստիպված մտել ենք մոշի փշերի մեջ, որ չնկատեն մեզ: Մնացինք մինչեւ մութն ընկնելը, գիշերը եկանք անցնանք Զագլիկի ու Հաթերքի արանքով, հասանք ճամբար»,-հիշում է Ջոն Աբելյանը:

Դրմբոնի գործողության շնորհիվ կանխվեց հուլիսի 30-ին Հաթերքում անձնագրային ռեժիմ անցկացնելու եւ բնակատեղին հայաթափելու ադրբեջանական ծրագիրը: «Եթե չկարողանայինք հետ պահել խորհրդային զորքին, մտնելու էին Հաթերք եւ հայաթափելու Մարտակերտի ձորակը, շրջափակելու Մարտակերտի շրջանը»,- հավելեց Սասուն Միքայելյանը:

Օգոստոս ամսին խորհրդային ուժերը կրկին փորձեցին շարժվել Հաթերքի ուղղությամբ, որտեղ տեղի ունեցավ Հաթերքի գործողությունը:

 
ԱՆՈՒՇ ԱՄԻՐԲԵԿՅԱՆ

«Առավոտ»

30.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031