Տասը տարի առաջ որեւէ մեկի մտքով չէր անցնի, որ երբեւէ Վարդան Օսկանյանն ընդդիմադիր գործիչ կդառնա: Նույնիսկ չէինք մտածի, որ ինքը երբեւէ որեւէ կուսակցություն կհիմնադրի: Բայց հիմնադրեց: Դա ոչ միայն նշանակում է, որ մենք լավ չէինք ճանաչում Օսկանյանին, այլեւ նշանակում է, որ մեր «քաղաքական» երեւակայությունը չափազանց սահմանափակ է:
Մեր սահմանափակ երեւակայությամբ ժամանակին նաեւ չէինք կարող ենթադրել, որ մի օր Հայաստանի նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կարող են իրար դեմ ելույթներ ունենալ: Մանավանդ՝ վերջին երկուսն առաջինի դեմ, որովհետեւ առաջինն էր երկրորդին ու երրորդին իշխանության բերել:
Օսկանյանին էլ է, փաստորեն, Տեր-Պետրոսյանը բերել: Այսինքն՝ ամեն ինչ սկսվում է առաջին նախագահից՝ ներառյալ փուլային եւ մնացյալ բոլոր տարբերակները:
Բայց Օսկանյանին ոչ թե Տեր-Պետրոսյանի հետ են կապում, այլ Ռոբերտ Քոչարյանի, որովհետեւ Քոչարյանի օրոք Օսկանյանը նախարար է եղել, իսկ Տեր-Պետրոսյանի օրոք՝ ընդամենը փոխնախարար: Հաշվի չեն առնում, որ եթե Օսկանյանը փոխնախարար չլիներ, Քոչարյանը դժվար թե ճանաչեր նրան ու նախարար նշանակեր: Այսինքն՝ պատճառահետեւանքային կապերը հաշվի չեն առնվում:
Հիմնականում Քոչարյանի ու Օսկանյանի չուզողներն են անընդհատ այս երկուսին իրար հետ կապում՝ նշելով ու շեշտելով, որ Օսկանյանի «Համախմբումը» Քոչարյանի նախագիծն է: Այսպես հայտարարողները վստահ են, որ Քոչարյանի անունը կարող է բացասաբար անդրադառնալ Օսկանյանի հիմնադրած կուսակցության վրա: Անձամբ Վարդան Օսկանյանն այդ կարծիքին չէ. նա մանավանդ վերջերս բացեիբաց հայտարարում է, որ իրեն բացարձակապես վատ չի զգում, երբ իր անունը կապում են երկրորդ նախագահի անվան հետ, հավելելով, որ ինքը երբեւէ չի դադարեցրել կապերը Քոչարյանի հետ:
Այսուհանդերձ, Օսկանյանը նաեւ նշում է, որ Ռոբերտ Քոչարյանը «Համախմբում» կուսակցության հետ որեւէ առնչություն չունի: Եվ իրականում էլ Քոչարյանը կարող է տվյալ կուսակցության հետ որեւէ առնչություն չունենալ, բայց դա ամենեւին չի խանգարի, որ նախընտրական պայքարի ամենավերջին պահին նույն Քոչարյանը հայտնվի տվյալ կուսակցության նախընտրական ցուցակի ամենավերեւներում: Եվ ամենեւին պարզ չէ, թե դրանից տվյալ կուսակցությունը կշահի՞, թե՞ կտուժի: Նայած թե ընտրությունների պահին Քոչարյանի հանդեպ ընտրողների վերաբերմունքն ինչպիսին կլինի:
Կարդացեք նաև
Տեր-Պետրոսյանի հրաժարականի պահին առաջին նախագահի վարկանիշն էլ էր չափազանց ընկած, բայց շուրջ տասը տարի անց, երբ վերջինս վերադարձավ մեծ քաղաքականություն, իր վարկանիշն աննկարագրելի էր աճել, եւ իր համախոհների ու շատերի կարծիքով՝ 2008-ի նախագահական ընտրություններում առաջին նախագահը միանշանակ հաղթել էր: Տասը տարին այս առումով ավելի քան խորհրդանշական է, եւ եթե հիշենք, որ 1988-ին ցածր վարկանիշ ունեցող Կարեն Դեմիրճյանի վարկանիշն էլ ուղիղ տասը տարի անց կտրուկ ու շեշտակի աճեց, մեր ասածն ավելի քան հաստատված կլինի:
Վարդան Օսկանյանն էլ ուղիղ տասը տարի առաջ եւ հատկապես մարտի 1-ին հաջորդած օրերին չափազանց ցածր վարկանիշ ուներ, մինչդեռ նույն Օսկանյանն ու իր կուսակցական գործընկերներն այս պահի դրությամբ հավակնում են ձայների մեծամասնության եւ հաղթանակի գալիք խորհրդարանական ընտրություններում:
Այս ասածներս ավելի շատ խոսում են ոչ թե Դեմիրճյանի, Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի ու Օսկանյանի փոփոխության մասին, այլ մեր եւ մեր կարծիքի փոփոխության, որը շատ դեպքերում 180 աստիճանով է փոփոխության ենթարկվում՝ կախված փոփոխական հանգամանքներից ու մեզ վրա այդ հանգամանքների անմիջական ազդեցությունից, եւ «երբեք մի ասա երբեք» արտահայտությունն ամենից ավելի հենց մեզ է վերաբերվում:
Հիշողության խնդիրներ չունեցողները շատ լավ են հիշում, թե ժողովրդի կողմից ժամանակին ինչքան սիրված էր Արշակ Սադոյանը: Իսկ հիմա որտե՞ղ է նա: Ընդամենը՝ Հանրային խորհրդում: Նույնը կարող ենք ասել Գեղամյանի մասին՝ այն տարբերությամբ, որ վերջինս ոչ թե Հանրային խորհրդում է, այլ ԱԺ-ի իշխանական խմբակցությունում:
Ճիշտ է, որ իրենք փոխվել են, բայց իրենցից ոչ պակաս նաեւ մենք ենք փոխվել: Պարզապես իրենց փոխվելը լավ նկատում ու տեսնում ենք, իսկ մերը՝ ոչ:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ»
30.07.2016