«Սասնա ծռերի» խմբի բոլոր անդամները դուրս բերվեցին ՊՊԾ գնդի տարածքից: Խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարել էր զենքը ժամը 20:00-ին վայր դնելու ու դուրս գալու մասին, քայլն էլ հիմնավորում ունեն՝ չցանկացան արյունահեղության գնալ:
Aravot.am-ը ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանից մեկնաբանություն խնդրեց կատարվածի վերաբերյալ:
«Կարծում եմ սա ստեղծված իրավիճակում ամենախոհեմ որոշումն էր՝ հետագա արյունահեղությունից, ներազգային բախումից եւ առճակատումից խուսափելու, ինչպես նաեւ ներքին համախոհությամբ համազգային ուժերի լարումով այնպիսի խաղաղ լուծումներ գտնելու համար, որոնց պահանջը մեր ժողովուրդն ու երկիրն իսկապես ունեն:
Ես ուզում եմ նորից կրկնվել՝ ասելու համար այն, ինչ ասել եմ 13 օր առաջ, երբ զինված խումբը նոր էր մտել գունդ: Այո, երկրում խորը, արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կա, այս մասին գիտակցում է թե իշխանությունը, թե ընդդիմությունը, սակայն պատվեր է տալիս հասարակությունը: Երկիրը պետք է ենթարկել արմատական փոփոխությունների. ստեղծել երկիր, որտեղ քաղաքացու իրավունքները, արժանապատվությունը պաշտպանված լինեն, լինի սոցիալական արդարություն, բայց զենքով եւ ներքին արյունահոսությամբ չի կարելի լուծել այդ խնդիրները:
Կարդացեք նաև
Ես կարծում եմ, որ կատարված քայլը, որի մասին նաեւ հայտարարել է Վարուժան Ավետիսյանը, ամենախոհեմ որոշումն է՝ գոնե նվազագույն կորուստների ճանապարհով երկիրը բերել խաղաղության, ապա քաղաքակիրթ եղանակով կարողանալ որոշիչ եւ առարկայական լուծումների հանգեցնել: Մի՞թե ակնհայտ չէ, որ ԼՂՀ բանակցային գործընթացին զուգահեռ ներքին անկայունությունն ու խժդժություններն ուղղակի հարված են երկրի ինքնիշխանությանն ու ազգային, պետական շահին: Այնուամենայնիվ, գնահատելի է, որ խմբի անդամներն ունեցան հանուն պետականության այդ գործողությունները դադարեցնելու ողջախոհությունը»,-ասաց ՀՅԴ անդամը:
Լիլիթ Գալստյանը նաեւ հավելեց. «Մենք ժողովրդին բարոյական սթրեսների ու հուսահատության տանելու ռեսուրս չունենք, պետք է կարողանանք խնայել նրան եւ մեր ծանր պայքարի, արյան գնով ձեռք բերած հաղթանակներն ու պետականությունը: Մեր հայրենիքը մեղք է, սիրո, փայփայանքի է արժանի…Իսկապես Հայաստանում էներգիա կա ինչ-որ բան փոխելու…Ամեն վայրկյան գլխումս Չարենցի խոսքն է՝ մեր անստույգ երթի մասին, եւ ինձ ցավ էր պատճառում փողոցում հայտնված մեր անղեկ ժողովուրդը… Պետք է կարողանանք չկորցնել մեր ազգային քաղաքակիրթ նկարագիրը, իսկ երկրում, այո՛, խմբագրելու բան շատ կա…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հարգելի Լիլիթ Գասպարյան,
Չնայած Ձեր հանդեպ ունեցած իմ ամենայն անկեղծ հարգանքին, թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ մի շարք հարցերում, սակայն որ գլխավորն է` երբ իշխանությունները արմատախիլ բարոյազրկված են, հասարակությունը պարտավորված չէ նրան վեիանորոգելու, փրկելու, այլ հեռացնելու ինչպես փտած օրգանի:
Եվ որպես մեր հազվագյուտ և իրավամբ բանիմաց նախկին քաղաքական գործիչ, ինքներտ էլ գիտեք, որ ազատատենչ ու ժողովրդավար երկրները դարձել են այդպիսին նույն այս ճանապարհով` կլինի Ֆրանսիան 18-րդ դարի վերջին թե Իսպանիան` ազատվելով Ֆրանկոիզմի ճիրաններից 70-ականներին: Մի թե հնարավոր էր Ֆրանկոից ազատվել խաղաղ “բանակցություններով”:
Ինձ համար այս իշխանությունը Հանրապետական կուսակցության և Հայ Հեղափոխական Դաշնակցության կոալիցիայի տեսքով է: