Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյան. ժողովուրդն ավելի դանդաղ տեղից շարժվեց եւ այդ պատճառով մենք ունեցանք այդ հանգուցալուծումը

Հուլիս 31,2016 21:30

Ինչպես արդեն հաղորդել ենք, քիչ առաջ «Սասնա ծռեր» զինյալ խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը 1in.am լրատվական կայքին հարցազրույց է տվել, որում մասնավորապես ասվում էր.

«Վերջին օրերի ընթացքում ռեժիմը որդեգրել էր մեր մարտիկներին դիպուկահարներով շարքից հանելու մարտավարություն: Օրական երկու, երբեմն էլ երեք հոգի շարքից հանում էին: Մենք թվով էապես նվազել ենք եւ երեկ գիշեր գրոհի փորձ ձեռնարկեցին, պատերը քանդեցին զրահատեխնիկայով, հետո կանգնեցրեցին գրոհը ինչ-ինչ նկատառումներով: Մենք փորձեցինք իրենց հետ երկխոսության մեջ մտնել, այսօր, ինտենսիվ կերպով, մոտ 40 դիպուկահար գնդակոծում էին ամբողջ տարածքը, ռումբեր էին նետում անօդաչու սարքերը, կրակում էին զրահատեխնիկայից, սկզբում ձայնային ռումբերից, բայց հետո հասկանալի դարձավ, որ հրազեն էլ են օգտագործում: Եվ զրահատեխնիկայով սկսեցին ներխուժել տարածք:

Առաջին՝ մարտի բռնվել մեզ վրա գրոհող ոստիկանության եւ այլ ծառայողների հետ եւ երկուստեք ծանր կորուստներ ունենալ՝ հեղելով հայ մարդկանց, հայ քաղաքացիների արյունը, այն մարդկանց, որոնք շատ քիչ առնչություն ունեն այս ռեժիմի կայացրած որոշումների հետ, բայց իրենց ծառայության բերումով այս գործի մեջ են եւ մյուս տարբերակը դադարեցնել արյունահեղությունը չգնալ արյունահեղության եւ շարունակել պայքարը մնալով հաստատակամ, մնալով մեր տեսակետների վրա, մնալով ռազմագերու կարգավիճակում, որովհետեւ, այս իրավիճակում քաղբանտարկյալի մասին խոսք չի կարող լինել, այլ, եթե մենք հանձնվենք դառնում ենք ռազմագերի:

Դա ծանր որոշում էր մեզ համար, մենք որոշեցինք ընտրել արյուն չհեղել եւ ռազմագերու կարգավիճակը՝ հետեւյալ նկատառումներով: Մենք մեր առաքելությունը՝ ժողովրդական ընդվզում հարուցելու մասով համարում ենք կատարված, հիմա արդեն կա ժողովրդական ընդվզում կա ժողովրդական շարժում, այն աճում է եւ մենք ավելորդ համարեցինք անտեղի տասնյակ զոհեր առաջացնել եւ ծանր վիճակի, վշտի մեջ դնել հարյուրավոր, հազարավոր մեր քաղաքացիներին:

Մենք մեր կյանքը ոչինչ ենք համարում, բայց այստեղ կանգնած են մարդիկ, որոնք իրենց պարտականությունն են կատարում, թեպետ չեն գիտակցում, որ սխալ հրամաններ են կատարում, բայց այդ մարդիկ մի գուցե այդպես են համոզված: Մենք մեր մեջ որոշեցինք, որ այդ մարդկանց արյունը չենք ուզում թափել:

Այդ պատճառով մենք դադարեցրեցինք դիմադրությունը փոխում ենք մեր պայքարի տարբերակը, ռազմագերու կարգավիճակով շարունակելու ենք պայքարել, իսկ մեր ժողովրդին կոչ ենք անում, ոչ մի գրամ չկասկածել մեր ընդհանուր հաղթանակին, ժողովրդական ընդվզումը պետք է շարունակվի, չարտագաղթել, մնալ պայքարել այս արյունարբու ռեժիմին, այս հակահայ ռեժիմին:

Մեր ժողովուրդը պետք է ազատագրվի, սա, ազգային ազատագրական պայքար է, մենք իրավունք չունենք, մեր հինավուրց, հազարամյա հայրենիքը թողնել, որ դառնա ռուսական նահանգ կամ գտնվի ողորմելի վիճակում: Մենք զգում ենք մեր ժողովրդի շունչը, թեեւ, երկար ժամանակ ուղիղ կապ չէինք կարողանում հաստատել, զգում ենք, որ հաղթանակը մոտ է եւ կոչ ենք անում, մեր այս որոշումն ընդունել, որպես դրական քայլ եւ շարունակել պայքարը հետեւելով մեր՝ բանտից կատարելիք հորդորներին եւ մեր ուղերձներին, մեր կոչերին:

Հայ ժողովրդի արգանդը չի չորացել, էլի կգտնվեն մարդիկ, որ առաջ կտանեն, մենք կայծն էինք ուզում տալ եւ այդ կայծը տվեցինք, դրանով մենք բավարարված ենք: Լավ կլիներ, որ արագ լիներ, որ ժողովրդական մոբիլիզիացիայի գործընթացն ավելի արագ լիներ, որպեսզի կարողանայինք մենք միանալ եւ միասին հասնել հաղթանակի: Ցավոք այդպես չեղավ, ժողովուրդն ավելի դանդաղ տեղից շարժվեց եւ այդ պատճառով մենք ունեցանք այդ հանգուցալուծումը, բայց այս քայլը թող չընկճի մեր ժողովրդին, մենք հաստատակամ ենք եւ մենք շարունակելու ենք մեր պայքարը որտեղ էլ որ լինենք:

Դա էլ է պայքարի ձեւ, հեղափոխականները հաճախ հայտնվում են բանտերում հետո այնտեղից հաղթանակած դուրս են գալիս իրենց ժողովրդի հաղթանակի շնորհիվ: Կրկին ու կրկին կրկնում ենք, սիրում ենք ձեզ բոլորիդ սիրելի հայ ժողովուրդ, սիրելի քաղաքացիներ Հայաստանի հանրապետության: Մենք միասին ենք, մեզ ոչինչ ոք իրարից չի կարող բաժանել:

Ժամը ութին մենք զենքը դնելու ենք եւ դուրս ենք գալու այդտեղից, որովհետեւ չենք ուզում, որ արյունահեղություն լինի: Այստեղ հերոսներ կան, իմ մասին չէ խոսքը, Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը: Մենք բոլորս հասկացանք, որ չենք կարող զենք բարձրացնել այն հայ երիտասարդի վրա, որը համազգեստ է կրում, թեպետ հրաման կատարելով, բայց սխալ հրաման կատարելով գալիս է մեզ վրա:

Եվ հորդորում ենք մեր ժողովրդին, որ շարունակի պայքարը հասնի հաղթանակին: Անհնազանդ, ապստամբ ժողովրդին միայն Աստված կարող է հաղթել: Մենք տեսնում ենք մեր ժողովրդի հաղթանակը եւ համոզված ենք, որ շուտով նորից հանդիպելու ենք: Թող այս պայքարը, մեր զոհաբերությունը դառնա այն սնուցիչ արմատը, որ կհասցնի վերջնական արդյունքի»:

Պատրաստեց Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարինե says:

    Դու,որ քայլ արեցիր,չմտածեցիր,թե ժողովուրդն ինչ ինտենսիվությամբ քայլեր կկատարի?
    Դուք,որ հազար անգամ շեշտեցիք,որ զենք չեք կիրառի՝ոստիկանության պատ կազմող երիտասարդ,ձեր խոսքերով՝մատղաշ երեխեքի վրա,միևնույն ժամանակ կոչ էիք անում,բենզինի շշերով ճեղքել ոստիկանական պատնեշը,դա ոնց էիք պատկերացնում?
    Դու,որ զինվորական գեներալ,չգիտես ինչ հաշվարկներով ես քայլեր կատարում,ինչի ես քայլ կատարում?
    Ժողովրդական շարժում համարելով,քայլերդ տարար դեպի քաղաքական հարթություն,հիմա էլ ժողովրդին ես մեղադրում՝հանձնվելուդ մեջ?

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031