Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. Օրական 2-3 ժամ հավաքվելով հեղափոխություն չի լինում

Հուլիս 31,2016 15:20

«Լիդերության ինստիտուտը քաղաքական գործընթացում հստակ բացակայում է դեռ ամսի 17-ից»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանն` անդրադառնալով երեկ, Ազատության հրապարակում սկսված հանրահավաքին, որը երթով անցավ մինչեւ Հանրապետության հրապարակ, ապա հանգրվանեց Բաղրամյան պողոտայում, որտեղ էլ բարձրախոսն անցավ ում ձեռքով ասես, հնչեցին ամենաանհեթեթ ու անլուրջ հայտարարություններ, ինչից հետո, շատ արագ, «նստացույցը» ավարտվեց, Բաղրամյան պողոտան բացվեց:

Stepan-SafaryanՎերլուծելով իրավիճակը, մեր զրուցակիցը հիշեցնում է, որ ամսի 17-ից, ՊՊԾ գնդի գրավումից սկսած, մենք առիթ ունեցանք հարթակում տարբեր մարդկանց տեսնել, նրանց կայացրած որոշումներից դժգոհություններ լսել, հետեւաբար, մեր զրուցակցի համար մի բան հստակ է. «Այս կամ այն ձեւով, տարբեր ելույթներով, ուղղակի 2-3 ժամ լցնելը, փաստում է, որեւէ քաղաքական գործընթաց չի գնացել: Դրանում մեղավորն, իհարկե, հարթակը չի: Եթե հարթակի տապալումներ չէին ուզում, «Հիմնադիր խորհրդարանը» եւ «Նոր Հայաստանը» իրենք պետք է ստանձնեին գործընթացը: Շատ դեպքերում, անհասկանալի էր, թե բացի զանգված հավաքելը եւ այնտեղ 2-3 ժամ պահելը, ուրիշ ի՞նչ են ուզում: Համաձայնեք, որ օրեկան 2-3 ժամ այնտեղ լինելով հեղափոխություն չի լինում, առավել ևս, երբ այդ 2-3 ժամվա գործընթացն ինքն էլ դեպի արդյունքը կողմնորոշված չէ, ուղղակի գործընթաց է, որի հիմնական առաքելությունն էր երեկոյան մի քանի ժամ մարդկանց պահել ու սատարում հայտնել «Սասնա ծռերին», ապա ցրվեն տներով: Բայց այդպես հեղափոխություն չի կարող լինել: Հեղափոխությունը սիրում է հետեւողականություն»:

Այս տարրերի բացակայությունն, ըստ Ստեփան Սաֆարյանի. հանգեցրեց նրան, որ փակուղին մնաց. «Կոնֆլիկտի քաղաքական տրանսֆորմացիա տեղի չունեցավ ու «Սասնա ծռերի» համար ստեղծված փակուղին մնաց: Նրանք, ովքեր ասում էին` գոնե ստատուս-քվոն պահպանվի եւ Սասնա ծռերին ոչ ոք ձեռք չտա, դա նվազագույն նպատակ էր մի լայն հատվածի համար, ըստ էության: Բայց նկատելի էր, որ սա «Սասնա ծռերի» խնդիրը չի լուծում եւ «Սասնա ծռերի» ուզածը չի: Նրանց ուզածը հեղափոխությունն ավարտին հասցնելն էր, ինչպես ընթացքում Վարուժանը ձեւակերպեց` գնդի տարածքում «Սասնա ծռերին» միանալն էր: Դա ուղղակի անհնար էր ու այն փորձերը, որոնք արվեցին այդ ուղղությամբ, ուղղակի բերեցին ոստիկանության անհամաչափ ագրեսիայի:

Ցավոք, գործընթացը մտավ ուժային լուծումների դաշտ: Իսկ եթե որեւէ մեկը կարծում է, թե ուժի դաշտում ինքն իշխանությունից ուժեղ է, ապա չարաչար սխալվում է: Չէր կարելի թույլ տալ, որ գործընթացը շարունակի մնալ ուժային լուծումների դաշտում, որովհետեւ, այնուամենայնիվ, մյուս կողմում կազմակերպված ոստիկանություն է, կազմակերպված բանակ է, պետական ինստիտուտներ են, որոնց դեմ ուղղակի չես կարող ուժով պայքարել: Պետք է ընտրվեր այն տեսակը, որը հենվում է ժողովրդի լայն զանգվածների աջակցության վրա եւ այդ դաշտում լինել իշխանությունից ուժեղ:

Բայց մենք տեսանք, որ քանիցս, մի քանի օր թույլ տրվեցին այնպիսի քայլեր, որոնք զանգվածներին մղեցին ուժային լուծման դաշտ եւ ոստիկանությունն այնուհետեւ իրեն դրսեւորեց «լավագույնս»`ոտքի տակ առնելով ժողովրդին, կրկնելով 2008-ի մարտի 1, 2014-ի ապրիլի 13 եւ այլն: Շատերի մոտ, կարծում եմ, դեժավյուի զգացողություն էր առաջանում, մեկ տարբերությամբ, որ մարդկային զոհ չեղավ: Թեպետ դաժանագույն արարքներ դրսեւորվեցին` 16 տարեկան երիտասարդի աչքի կորուստ, Սարի թողի բնակիչների հետ հաշվեհարդարը եւ այլն»:

Ցանկացած մեկը, ով հավակնում է նման գործընթաց ղեկավարել, ըստ Ստեփան Սաֆարյանի, միշտ պետք է հիշեի` եթե ինքն իրեն չի կարողանում կառավարել եւ գործընթացը մտցնում է ուժային լուծումների դաշտ, վերջը սա է լինում: Դա քանիցս ապացուցվել է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031