Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Սեդա Սաֆարյանը վաղը կներկայացնի իր միջնորդությունը՝ Հովսեփ Խուրշուդյանի գործի հետ կապված

Հուլիս 31,2016 14:59

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ կազմվել է երեք օրվա ձերբակալման արձանագրություն, որի ընթացքում պետք է լուծվի՝ արդյոք բավարար ապացույցներ կա՞ն մեղադրանք առաջադրելու համար, թե՞ ոչ. «Կարծում եմ, որ անգամ կասկածանքի հիմքերը օրինական չեն եւ ընդհանրական ձեւով ձեւակերպված հասկացությունները, թե նա մասնակցել է հրկիզումներին, գույքի ոչնչացմանը եւ այլն: Փորձել անձին կապել կատարվածի հետ՝ անօրինական է եւ չի բխում քրեական դատավարության նորմերից»:

Փաստաբանը կարծում է, որ Հովսեփ Խուրշուդյանի նկատմամբ այս երեք օրերին որեւէ ապացույց չի կարող ձեռք բերվել, քանի որ իրականում նա որեւէ մեկի նկատմամբ բռնություն չի գործադրել, որեւէ ավտոմեքենա չի հրկիզել եւ ըստ այդմ՝ նախաքննական մարմինը պետք է համապատասխան վերաբերմունք դրսեւորի Խուրշուդյանի եւ մյուսների նկատմամբ, ովքեր իրականում ոչինչ չեն արել:

Seda-Safaryan«Կրկին հայտարարում եմ, որ սրանք քաղաքական գործընթացներ են եւ որոնք չի կարելի այս կարգով տեղավորվել քրեական օրենսդրության մեջ, քանի որ այն, ինչ որ քրեականով երեւում է առերեւույթ հանցանք, քաղաքական գործընթացների համար նորմալ է՝ հանրահավաքները անձանց իրավունքների դրսեւորման միջոց են եւ այս տեսանկյունից ես չեմ կարող ասել, թե այս նախահարձակ լինելու գործընթացը ո՞վ պատրաստեց, որ կրկին բախման մեջ մտան ժողովուրդը եւ ոստիկանությունը, որովհետեւ նույն Խուրշուդյանը ասում է, որ կասկածահարույց անձինք կային, որոնք երկու թեւերից մասնակցել են ոստիկանների հարձակմանը եւ այդ անձինք եղել են քաղաքացիական հագուստով»,-ասաց տիկին Սաֆարյանը:

Նա նշեց, որ Հովսեփ Խուրշուդյանը նկատել է, թե ինչպես են քարեր նետել, ինչ որ բաներ են արել, որոնք նույն հանրահավաքի մասնակիցների համար խորթ երեւույթ է. «Մարդկանց նպատակները ազնիվ են եղել, իսկ ազնիվ նպատակներով չեն գնում անազնիվ միջոցներով ինչ որ բան անելու: Ես կարծում եմ, որ սա եւս մարտի մեկյան սցենար էր եւ այդ սցենարի բոլոր չափանիշները իշխանությունները կարողացան պահպանել՝ անգամ նախահարձակ լինելու համար որոշակի մարդկանց էկրան բարձրացրեցին, սկսեցին գովաբանել մեր ոստիկաններին, նրանց համբերությունը եւ այդտեղից հենց կարելի էր հասկանալ, որ ամեն ինչ արվում է, որ արդարացվի ոստիկանների հետագա գործողությունները»:

Այն հարցին, թե երբ բոլորին գրեթե նույն մեղադրանքներով են ձերբակալում, ինչի մասին է դա վկայում, տիկին Սաֆարյանը պատասխանեց, որ այդ արդեն վկայում է, որ մարդկանց գործողությունների հետ չի կապված այս ամենը. «Նշանակում է, որ կոնկրետ գործողություն արած լինելու ժամանակ հենց կոնկրետ գործողությունը կգրվեր, թե անձը ինչ գործողություն է արել: Կարծում եմ, որ այս ամբողջ ընդհանրական մեղադրանքների ձեւակերպման պատճառը նաեւ այն է, որ դատարանները մշտապես իշխանություններին հովանավորել են եւ նրանց առաջ քաշած բոլոր մեղադրանքները վեր են ածել վճռի եւ դարձյալ հույս ունեն, որ իրենք եւ իրենց նշանակած դատավորները եւ ընդհանուր մթնոլորտի արդյունքում մենք կունենք քաղբանտարկյալներ»:

Փաստաբանը նշեց, որ Հովսեփ Խուրշուդյանի ձերբակալման երրորդ օրը վաղն է լրանալու, բայց այսօր գնալու է նրա մոտ. «Որոշակի հարցեր կան քննարկելու, վաղը կհանդիպեմ քննչական մարմիններին տեսնեմ ինչ իրավիճակ է՝ կներկայացնեմ միջնորդությունս»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031