Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյան. Լուծումը կարելի է ակնկալել հանրաքվեով

Հուլիս 31,2016 13:59

ՆԱԽԱԲԱՆ

Այս կարծիքը կազմելիս հիմնվել եմ զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված նյութերի վրա, տեղեկություններ չունեմ բանակցությունների մանրամասների և այլ էական փաստերի վերաբերյալ, հետևաբար խնդրում եմ այն ընդունել, որպես անձնական, ոչ փորձագիտական կարծիք:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 07.11.2010թ. այսպիսի հայտարարություն է կատարել` «Մենք թույլ չենք տա, որ Հայաստանը զբաղվի բանակցությունների իմիտացիայով: Մենք բանակցություններ վարելու ենք, քանի դեռ ունենք այս կերպ երկրի տարածքային ամբողջականության վերականգնման հույս: Եթե մենք տեսնենք, որ դա հնարավոր չէ, ապա ադրբեջանական պետությունը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը՝ օգտագործելով ռազմական տարբերակը» (www.president.az, 07.11.2010թ.):

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի իշխանությունը ցանկանում է (պետք է ցանկանա) ԼՂՀ հիմնահարցը լուծել խաղաղ ճանապարհով, առանց պատերազմի և իր ուսերին պատասխանատվություն է զգում երկրի ապագայի և հայ մարդու կյանքի համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՐՏԱԴՐՎՈՂ ԼՈՒԾՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ԵՎ ՌԻՍԿԵՐԸ

Հրապարակված Կազանի փաստաթղթով առաջարկվում է փուլային տարբերակով լուծում, այսինքն` որոշակի հերթականությամբ կատարվում են գործողություններ: Օրինակ` առաջին փուլում վերադարձվում են Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջանները: Փոխարենը ԼՂՀ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ (ոչ վերջնական):

Մի քանի կարևորագույն հարցեր, ըստ Կազանի փաստաթղթի պետք է լուծվեն ապագայում` դրանցից են`

1) Խաղաղապահների ընտրությունը, որը պետք է իրականացվի կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

2) Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակը, որը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտության միջոցով, իսկ քվեարկության ժամկետներն ու մանրամասները կողմերը պետք է համաձայնեցնեն ապագա բանակցություններում:

Այստեղ հատկանշական է ընդգծել, որ ըստ Կազանի փաստաթղթի` Լեռնային Ղարաբաղի բնակչություն ասելով հասկացվում է 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Քվեարկության ժամանակ ապագա կարգավիճակի հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն:

Հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսոր և հակահայկական քաղաքականությունը, մեր քաղաքացիները ողջամտորեն մտավախություն ունեն, որ փուլային տարբերակով լուծման դեպքում, որևէ բարոյական կամ միջազգային նորմ ադրբեջանական իշխանությանը չի խանգարի կազանյան փաստաթղթում նշված չլուծված հարցերի բանակցային որևէ փուլում, երբ նրանք ստացած կլինեն 5 շրջանները, կոշտ դիրք գրավել և ի վերջո համաձայնության չգալ (կամ պարտադրել հայկական կողմին ստրկացուցիչ պայմաններ)` կրկին վախեցնելով իրենց ռազմական բյուջեով և խնդիրը պատերազմով ավարտելու իրենց ցանկությունը պնդելով կամ իրագործելով: ԼՂՀ պաշտպանական 5 շրջանները հանձնած լինելուց հետո Ադրբեջանը հեշտությամբ կարող է իրագործել իր սպառնալիքները:

ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ

Հաշվի առնելով ապրիլյան քառօրյա պատերազմական իրադարձությունները և մեր մարդկային կորուստները, զինված ուժերում բացահայտված որոշ թերությունները, որոշ մարդկանց (այդ թվում` իշխանության ներկայացուցիչների) մոտ էլ մտահոգություններ են առաջացել, որ միգուցե ադրբեջանական ռազմական ագրեսիային հայ ժողովուրդը չկարողանա դիմակայել: Սակայն քրիստոնեությունն առաջինն ընդունած մեր ժողովրդի պատմական հիշողությունը և ինքնապաշտպանական բնազդը հուշում են, որ եթե ուզում ես խաղաղ ապրել, պատրաստ եղիր պատերազմի:

Այս իրավիճակի շուրջ շատ մարդկանց կրքեր բորբոքվեցին:

ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԼՈՒԾՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Կարծում եմ առավել արդյունավետ կլիներ, որ ԼՂՀ կարգավորման հարցը, օրինակ` ՀԱՄԱՁԱՅՆ Է ԱՐԴՅՈՔ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԼՂՀ ՀԱՐՑԻ ՓՈՒԼԱՅԻՆ ԼՈՒԾՄԱՆ ԱՌԱՋԱՐԿԻՆ, ԹԵ` ՈՉ, ներկայացվեր հանրաքվեի, որպեսզի ժողովուրդը որոշեր այդ հարցը:

Հանրաքվեն կարելի է անցկացնել միաժամանակ և ՀՀ-ում և ԼՂՀ-ում: Հանրաքվեի կազմակերպչական աշխատանքները պետք է լինեն թափանցիկ, իսկ հանրաքվեն պետք է անցկացվի առանց խախտումների, նախապես ապահովելով քարոզչությունը, թե կողմ, թե դեմ տարբերակների:

Եթե ժողովուրդը որոշեց, որ պետք է մերժի փուլային տարբերակով ԼՂՀ հարցի կարգավորման առաջարկը (համոզված եմ, որ այս տարբերակի կողմնակիցները մեծամասնություն են կազմում), ապա գնդակը կմնա Ադրբեջանի դաշտում: Եվ եթե Ադրբեջանը կորոշի պատերազմով լուծել այդ հարցը, ապա դա կլինի ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ որոշումը և ՄԵՐ ԻՄԱՍՏՈՒՆ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ պատրաստ կլինի իր ընդունած որոշման համար պատասխան տալ: Ժողովրդի լեգիտիմ որոշումը մեծ զորություն ունի և կարող է համախմբել ամբողջ սփյուռքահայերին:

Կարծում եմ հանրաքվեի ճանապարհը կբավարարի երկրի ներսում տարբեր կրքեր ունեցող անձանց և խմբերին, քանի որ դա հնարավորություն կտա ժողովրդին լուծել կենսական նշանակություն ունեցող կարևոր հարցը:

Երկրի ներսում ստեղծված իրավիճակը, իշխանություններին էլ կտա հիմնավոր պատճառաբանություն, արտաքին ուժերին բացատրել հանրաքվեի գնալու անհրաժեշտության մասին:

Չի բացառվում, որ` ժողովրդի որոշումից հետո` ա) Ադրբեջանը գնա զիջումների, կամ բ) նոր պատերազմ սկսելու դեպքում Ադրբեջանը լուրջ կորուստներ կրի:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031