Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի Արամ Հակոբյանի եւ Գագիկ Եղիազարյանի դատաբժշկական փորձաքննությունը անհիմն ուշացնում են

Հուլիս 31,2016 12:59

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Հակոբյանի եւ Գագիկ Եղիազարյանի իրավունքների պաշտպանությունը ստանձնած փաստաբան Լուսինե Հակոբյանը նշում է, որ իր պաշտպանյալների դեմ հարուցված քրեական գործը քաղաքական որոշման արդյունք է։

Lusine Hakobyan

Լուսինե Հակոբյանի նկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից

Նա Aravot.am-ին փոխանցեց, որ ուրբաթ օրը նրանց մեղադրանք է առաջադրվել, ըստ որի` մեղադրվում են ապօրինի զենք, զինամթերք կրելու, պահելու եւ շենք, շինություններ զավթելու կազմակերպված խմբի կազմում լինելու մեջ: «Քննիչը միջնորդեց դատարանին, որ խափանման միջոցը կալանք ընտրել: Երկուսի գործով էլ նույն դատավոր Էդիկ Ավետիսյանն էր, եւ չնայած երկու քննիչներն էլ նույն` անհիմն միջնորդությունն էին ներկայացրել՝ առանց միջնորդությունը հիմնավորելու որեւէ ապացույցի»,-ասաց փաստաբանը:

Միակ հիմնավորումն ըստ Լուսինե Հակոբյանի` այն է եղել, որ նշել են՝ «Կալանավորումը անհրաժեշտ է, քանի որ կթաքնվեն նախաքննությունից, կամ հանցանք կկատարեն, անօրինական ազդեցություն կգործադրեն քրեական գործոմ ներգրավված այլ անձանց հետ», բայց այդ պատճառաբանությունները հիմնավորող որեւէ նյութ, ըստ փաստաբանի՝ չէին ներկայացրել:

Լուսինե Հակոբյանը նշեց՝ որպեսզի կալանքը հիմնավոր լինի ըստ Եվրոպական դատարանի դիրքորոշման` հիմնավոր կասկածի առկայությունը միայն բավարար չէ. «Պետք է նաեւ այլ հիմնավոր եւ անհրաժեշտ պայմաններ բավարարվեն՝ քննիչը նաեւ իր պատճառաբանությունը պետք է ապացույցներով հիմնավորի»:

Փաստաբանի խոսքերով՝ երկու պաշտպանյալն էլ՝ Գագիկ Եղիազարյանը եւ Արամ Հակոբյանը, բերման ենթարկվելուց բռնության են ենթարկվել: Թեպետ փաստաբանը նշում է, որ քրեական գործի նյութերում որեւէ նշում չկա այն մասին, որ իրենք հանձնվել են, բայց ԱԱԾ-ի պաշտոնական կայքում գրված է նրանց հանձնվելու մասին լուրը. «Քանի որ մեզ ներկայացված քրեական գործում չկա որեւէ նշում այն մասին, որ նրանք հանձնվել են, ես ուղղակի ենթադրում եմ, որ այդ հայտարարությունը քարոզչական նպատակ է հետապնդել»:

Լուսինե Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է բողոքարկել դատավորի կալանքի որոշումները. «Բողոքարկման ժամկետը 5 օր է. մինչեւ չորեքշաբթի բողոքարկած կլինեմ»:

Նա նաեւ նշեց՝ հետամուտ է լինելու, որ վերջապես  դատաբժշկական փորձաքննություն անցկացվի. «Մի քանի օր առաջ միջնորդել եմ՝ դեռեւս չի անցել: Հնարավոր է` ինչ-որ վնասվածքներ արդեն պարզորոշ չարտահայտվեն եւ հնարավոր չլինի դրանք արձանագրել, դրա համար դատաբժշկական փորձաքննությունը արագ են անում, իսկ այս պահի դրությամբ դեռեւս արված չէ»:

Մեր այն հարցին, թե ի՞նչն է դատաբժշկական փորձաքննության ուշացման պատճառը, փաստաբանը նշեց. «Ասում են փորձագետների հետ կապվել ենք, ծանրաբեռնված են, ինչը անընդունելի է ուղղակի»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031