Axper karoche, duq saxt piti poxoc helneq txeqi hmar, ov c@helav, vaxkot a u azgi davajan. Կարդացե՞լ եք համացանցում նման կոչեր, որոնք ստորագրվում են, օրինակ` glendel azgi nahatak: Նահատակվում է մարդը ԱՄՆ Գելնդեյլ քաղաքում: Ես ամենեւին էլ դեմ չեմ, որ նա կամ որեւէ մեկը փողոց դուրս գալու կոչեր անի: Ուրիշ բանի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել: Մարդը, նույնիսկ Գլենդեյլում գտնվելով, վախենում է իր անուն ազգանունը գրել, բայց ուրիշներին խիզախության կոչ է անում: Սիրտը ցավո՞ւմ է, հոգով հայրենիքի հե՞տ է` շատ լավ է: Հնարավորություն չունի՞ Հայաստան վերադառնալու եւ մասնակցելու պայքարին` էլի հասկանալի է: Բայց դեմքը թաքցնելով խիզախության եւ վախկոտության մասին դատողություններ անելը` գտնվելով Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու, ապահով երկրում, դա ինձ համար անբացատրելի է:
Միակ բանը, որը ես կարող եմ ենթադրել, այն է, որ մարդիկ սովոր են ոչ մի բանի, նաեւ իրենց բառերի համար պատասխանատվություն չկրել եւ, համենայնդեպս, էլի փորձում են իրենց ապահովագրել: Խորհրդային մատնագրեր գրելու ոճը շարունակում է իր յուրահատուկ դրսեւորումն ունենալ համացանցում: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այդ «քաջերը» կշտամբում են, օրինակ, ինձ, թե ինչու ես նրանց հետ բանավեճի մեջ չեմ մտնում: Բայց նրանք գիտեն ոչ միայն իմ անուն- ազգանունը, ոչ միայն կարող են տեսնել իմ նկարը, այլեւ ծանոթ են իմ ընտանիքի կազմին, տեղյակ են, որտեղ եմ ես ապրում եւ աշխատում: Ինչո՞ւ ես պետք է բանավիճեմ օրինակ хпарт хайух-ու հետ: Գուցե դա Շմայսի ֆե՞յքն է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լրիվ ճիշտ եք։ Խեղճ Գլենդեյլ։ Ե՛վ հայատառ և՛ լատինատառ տառասխալով։ Երևի օգտատերը Glendale չի տեսել, բայց շատ է լսել։
Ճիշտ եք: Սկե Գլենդեյլ բառը ճիշտ չի գրել