Լրահոս
Օրվա լրահոսը

«Թե՛ լրագրողների, թե՛ ցուցարարների դեմ բռնությունները եղել են նպատակաուղղված և նախօրոք ծրագրավորված». ՄԱԱ

Հուլիս 31,2016 11:01

Մամուլի ազգային ակումբի հայտարարությունը

Մամուլի ազգային ակումբը (ՄԱԱ) խոր վրդովմունքով խստորեն դատապարտում է  հուլիսի 29-ի ուշ երեկոյան Երևանում ՀՀ ոստիկանության՝ լրագրողների դեմ իրականացրած  բռնությունները:

Արձանագրելով, որ

-լրագրողների դեմ բռնությունները նպատակաուղղված էին կանխելու ոստիկանների կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ իրականացված անօրեն վայրագությունների մասին տեղեկատվության տարածումը և դրանց հանրայանցումը;

Վկայակոչելով՝

-բռնությունների ենթարկված ԶԼՄ-ների լրագրողների (A1+, 1.in.am, «Ազատություն» ռադիոկայան, «Արմենիա» հեռուստաընկերություն և այլն) տեսանյութերը և հրապարակումներն առ այն, որ ոստիկանների և քաղաքացիական հագուստով անձանց կողմից իրականացված բռնությունները եղել են ուղղորդված;

Մամուլի ազգային ակումբը հայտարարում է, որ

– թե՛ լրագրողների, թե՛ ցուցարարների դեմ բռնությունները եղել են նպատակաուղղված և նախօրոք ծրագրավորված:

Մամուլի ազգային ակումբը վստահություն չի տածում իրավապահ մարմինների հավաստիացումների հանդեպ, թե նման վայրագությունները կատարողները պատասխանատվություն կկրեն. նախորդ փորձերը ցույց են տվել, որ հասարակության և լրագրողների նկատմամբ ոստիկանների կազմակերպած հանցավոր բռնությունները երբևէ չեն պատժվել։

Մամուլի ազգային ակումբն իր զորակցությունն է հայտնում Հայաստանում ստեղծված գերբարդ ներքաղաքական իրավիճակում իրենց մասնագիտական գործունեությունը խիզախորեն իրականացնող այն լրագրողներին, ովքեր հավատարիմ են մասնագիտական սկզբունքներին և իրենց գործունեությունն իրականացնում են ի շահ հասարակության՝ տեղեկացնելով Հայաստանի, միջազգային հանրությանը և Սփյուռքին Հայաստանում իրականացվող վայրագությունների մասին՝ դրանով իսկ  ի ցույց դնելով  ՀՀ իշխանությունների գործունեության մեթոդները, գործելակերպն ու դեմքը:

Մամուլի ազգային ակումբը դիմում է՝

-խոսքի և մամուլի ազատության հարցերով նախանձախնդիր միջազգային բոլոր կազմակերպություններին, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանություններին՝ կոչ անելով նրանց վրդովմունքի ձայն բարձրացնել լրագրողների և խաղաղ ցուցարարների դեմ իրականացվող բռնարարքների դեմ և հանդես գալ ի պաշտպանություն Հայաստանում ժողովրդավարական ազատությունների և մարդու իրավունքների:

Մամուլի ազգային  ակումբ
31.08.2016 թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031