Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎՍԴՀԿ-ն դատապարտում է ոստիկանական բռնությունները

Հուլիս 31,2016 01:09

Երեկ՝ հուլիսի 29-ի երեկոյան և լույս 30-ին իրենց բողոքն արտահայտող խաղաղ և անզեն ցուցարարները ոստիկանության ուժերի կողմից ենթարկվել են աննախադեպ բռնությունների և հետապնդումների: Ոստիկանները բողոքավոր քաղաքացիների նկատմամբ կիրառել են զենք և հատուկ միջոցներ, դաժան ծեծի ենթարկել բազմաթիվ մարդկանց: Մեծ թվով ցուցարարներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, քաղաքի տարբեր մասերում ապօրինի կերպով բերման են ենթարկվել տասնյակ քաղաքացիներ, այդ թվում մարդիկ, ովքեր առնչություն չեն ունեցել բողոքի գործողության հետ: Ոստիկանության ապօրինի գործողությունների զոհ են դարձել նաև իրենց մասնագիտական գործառույթներն իրականացնող բազմաթիվ լրագրողներ: Ոստիկանները չեն խորշել անգամ երեխաների նկատմամբ բռնություն գործադրելուց:

Իրավապահների այս դժնի և քաղաքակիրթ պետությանն անհարիր գործողությունները փոթորկել են ողջ հասարակությանը և խորացրել անվստահությունն իրավապահների և ընդհանրապես բոլոր պետական ինստիտուտների նկատմամբ: Նման զարգացումների շարունակման դեպքում ներքաղաքական ճգնաժամը երկրում էլ ավելի կխորանա՝ երկիրը կանգնեցնելով քաղաքացիական պատերազմի նախաշեմին:

Իշխանությունը, լինելով ներքին համերաշխության և կայունության ապահովման գլխավոր պատասխանատուն, պետք է գիտակցի, որ երկրում ստեղծված լարված մթնոլորտի հիմնական պատճառը ոչ միայն և ոչ այնքան ՊՊԾ գունդը գրաված զինված խումբն է, այլ տարիներով կուտակված և լուծում չստացած լրջագույն համակարգային քաղաքական, սոցիալ-տնտեսական և իրավական խնդիրները: Որքան էլ, որ զինյալների գործողություններն անիրավաչափ են, դրանք հասարակության ոգու ճիչն են՝ ուղղված իշխանություններին, որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէ: Հետևաբար իշխանությունը պետք է կանխի կոնֆրոնտացիայի հետագա խորացումը և վերսկսի երկխոսությունը ինչպես զինված խմբի, այնպես էլ ողջ հասարակության հետ՝ սկիզբ դնելով արմատական համակարգային փոփոխությունների: Այդ փոփոխությունների նախանշան կարող են հանդիսանալ երեկվա ոստիկանական ապօրինությունների հեղինակների և հրաման տվողների հայտնաբերումը և խստագույն պատասխանատվության ենթարկելը: Ներքաղաղաքական այս թնջուկի հանգուցալուծումը կարող է տեղի ունել միմիայն խաղաղ, քաղաքական ճանապարհով, և բռնությունն այստեղ տեղ չունի:

Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը խստորեն դատապարտում է երկրում տիրող ոստիկանական բեսպրեդելը և կոչ է անում իշխանություններին անհապաղ ձեռնարկել իրավիճակի լիցքաթափմանն ուղղված քայլեր՝ազատ արձակել երեկվա դեպքերի առնչությամբ անօրինական և անհիմն բերման ենթարկված քաղաքացիներին, անցկացնել ոստիկանության գործողությունների անկախ և արժանահավատ քննություն ու պատժել բոլոր մեղավորներին, վերսկսել երկխսությունը «Սասնա ծռեր» զինված խմբի հետ՝ ստեղծված փակուղային վիճակի ողջամիտ լուծում գտնելու համար:

 

Վերակազմյալ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031