Ցուցարարները դեռ Բաղրամյան պողոտայում՝ փշալարը հանվեց: Ոստիկանները առաջանում են: Ոստիկանությունը կոչ արեց ցուցարարներին դադարեցնել հակաիրավական գործողությունները, այն է՝ սահմանափակել այլ մարդկանց իրավունքները, ազատել ճանապարհի երթեւեկելի հատվածը եւ վերադառնալ Ազատության հրապարակ: Հակառակ դեպքում՝ ոստիկանությունը հատուկ միջոցներ կձեռնարկի:
Բաղրամյան պողոտայում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ շատ դժվար է ենթադրություններ անել, սակայն օրենքի տեսանկյունից այդ գործողությունները կատարվում են հավաքը դադարեցնելուց առաջ. «Ֆորմալ առումով հավաքը դադարեցնելուց առաջ պետք է հայտարարություն հնչի օրենքով, բայց հայտարարություն անելուց հետո պարտադիր չէ հավաքը դադարեցնել: Այնպես որ՝ ամեն դեպքում դժվար է կռահել»:
Անդրադառնալով ոստիկանության կիրառած հատուկ միջոցներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում պետք է այդ պրակտիկան վերանա: Նա հավելեց, որ չնայած պարզ չէ, թե արդյոք ոստիկանությունը ցուցումներո՞վ է օգտագործել հատուկ միջոցները, թե՞ ոչ: «Ոստիկանությունը պատշաճ ծառայություն իրականացնելու պարագայում որեւէ նման հատուկ միջոց կիրառելու անհրաժեշտություն չէր ունենա, որովհետեւ երեկ մենք տեսանք, որ ուղղակի նախապես պլանավորած էր այդ ամեն ինչը՝ այդ քաղաքացիական հագուստով անձինք, այդ անհասկանալի շարժը, տարօրինակ գործընթացները: Բայց մյուս կողմից էլ ես կարծում եմ՝ կազմակերպիչները կամ նրանք, ովքեր հանդես են գալիս որպես այդպիսին, պետք է հաշվի առնեն իրավիճակը եւ ապահովեն հավաքի՝ քաղաքացիների համար անվտանգ ընթացքը: Իհարկե՛, ամեն ինչ չէ, որ կախված է հավաքների կազմակերպիչներից, բայց գոնե հավաքի կազմակերպիչները ամեն ինչ պետք է անեն դրա համար»:
Ցուցարարներն ազատեցին փողոցը, Բաղրամյանում երթեւեկությունը վերականգնվեց:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ