Խոշտանգումների զոհերի միջազգային վերականգնողական խորհրդի հայտարարությունը
Խոշտանգումների զոհերի միջազգային վերականգնողական խորհուրդը (IRCT) խորապես մտահոգված է ոստիկանության ներկայիս կամայականությունների վերաբերյալ զեկույցներով, Հայաստանում քաղաքացիների նկատմամբ խոշտանգումներով և վատ վերաբերմունքով և կոչ է անում իշխանություններին՝ զերծ մնալ հետագա կամայականություններից և իրականացնել բոլոր մեղադրանքների անաչառ ու արդյունավետ քննություն՝ միջազգային չափանիշներին և Ստամբուլյան արձանագրությանը համապատասխան:
Խոշտանգումների դեպքերի վերաբերյալ հաղորդումները ներկայացվեցին, երբ Հայաստանի մայրաքաղաք Երևանում հուլիսի 17-ին տեղի ունեցավ զինված հարձակում և պատանդների գերեվարում, ինչը հանգեցրեց մեծ ծավալով բնակչության հավաքների և ցույցերի, որոնք պահանջում էին երկրում քաղաքական փոփոխություն: Համաձայն Հայաստանում IRCT անդամ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի (ԸԻԿ)՝ Հայաստանի ոստիկանությունը խաղաղ ցույցերին արձագանքել է ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի գործադրմամբ: Բազմաթիվ տեսանյութեր են հրապարակվել, որոնք ցույց են տալիս, որ ցուցարարները ծեծի և վատ վերաբերմունքի են արժանացել ցույցերի ընթացքում:
ԸԻԿ-ը ներկայացրել է մանրամասն հաշվետվություն՝ հայտնաբերված դեպքերի և մարդու իրավունքների նկատմամբ ազդեցության վերաբերյալ:
Կարդացեք նաև
Կան նաև հաղորդումներ ծեծերի և խոշտանգումների բազմաթիվ դեպքերի վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել մարդկանց բերման ենթարկելու և ոստիկանության բաժիններ տեղափոխելու ընթացքում:
Միայն մեկ դեպքի ժամանակ շուրջ 150 մարդ բերման է ենթարկվել և տարվել ոստիկանության զորքեր ու պահվել մարզադահլիճում՝ առանց ջրի, սննդի, զուգարանի և թարմ օդի հնարավորության: Նկարագրված այս իրավիճակում խոշտանգումների բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: Երևանի ավագանու անդամներից մեկը ստացել է ուղեղի ցնցում ոստիկանության բռնի գործողությունների արդյունքում, իսկ մյուսների վրա թքել են ոստիկանության աշխատողները և հարկադրել են համբուրել վերջիններիս կոշիկները:
Հավելելով նշենք, որ իրավական և ընթացակարգային երաշխիքների, ներառյալ իրավաբան ունենալու իրավունքի բացակայության վերաբերյալ բազմակի հաղորդումները շատ մտահոգիչ են: Ոստիկանների կողմից անգամ միջոցներ են ձեռնարկվել՝ խոչընդոտելու լրագրողների մասնագիտական գործունեությանը և դեպքերի լուսաբանում իրականացնելուն՝ կիրառելով անհամաչափ ուժ և անգամ բռնագրավելով ու ոչնչացնելով լրագրողների սարքավորումները: Այս գործողությունները մեծապես նպաստում են անպատժելիության մթնոլորտի ստեղծմանը, որը կարող է խթանել խոշտանգումները և համապատասխանաբար բարդացնել հետաքննությունների և զոհերի փոխհատուցման իրականացումը:
«Ցավոք Հայաստանում նման իրականությունը նորություն չէ: Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) բազմաթիվ զեկույցներում ներկայացվել են ապացույցներ ոստիկանության կողմից մշտապես իրականացվող խոշտանգումների վերաբերյալ, անգամ ներկայիս բողոքի ակցիաները սկսվելուց առաջ: Չնայած ԵՄ, ԵԱՀԿ և տարածաշրջանային ու միջազգային այլ կազմակերպությունների կողմից տասնամյակներ շարունակ իրականացվող ոստիականական համակարգի բարեփոխումներին՝ սա հստակ ցուցանիշ է, որ խոշտանգումը համակարգային խնդիր է, որը դեռևս արմատախիլ չի արվել Հայաստանում:
Մինչ դա կիրականանա, շատ կարևոր է, որ Հայաստանն իրականացնի արագ և արդյունավետ հետաքննություն խոշտանգումների բոլոր դեպքերի վերաբերյալ, իրավախախտներին պատասխանատվության ենթարկի և ապահովի խոշտանգումների բոլոր զոհերի փոխհատուցումը և վերակագնումը»,-ասաց IRCT Եվրոպայի հարցերով գրասենյակի ղեկավար Մուշեղ Եկմալյանը:
IRCT-ն շարունակելու է մշտադիտարկել իրավիճակը՝ համագործակցելով ԸԻԿ-ի հետ և գործադրելու է բոլոր ջանքերը՝ աջակցելու խոշտանգումների զոհերին՝ իրականացնելով խոշտանգումների դեպքերի փաստաթղթավորում և վերականգնում հետագա հետաքննության ու փոխհատուցման համար: