Թե վերջին 13 օրերին ինչ է տեղի ունենում Հայաստանում, այսպես թե այնպես բոլորս ենք ականատես, սակայն այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 29-ի գիշերը, վեր է բոլոր տեսակի երևակայություններից: Արդեն տարիներ ի վեր ոստիկանությունն ամեն առիթ օգտագործում է ժողովրդին՝ կին, տղամարդ, երեխա, աղջիկ, ծերունի, հաշմանդամ, նվաստացնելու, ծեծելու, բառիս բուն իմաստով ոչնչացնելու համար: Փաստացի, ոստիկանությունը՝ քաղաքացիական և ոստիկանական համազգեստով, օլիգարխների թիկնապահների հետ ուս-ուսի տված՝ բառիս բուն իմաստով պատերազմ էին հայտարարել խաղաղ ցույց իրականացնող հայ ժողովրդին և զենքով, մահակներով ու այլ գործիքներով անխղճաբար ծեծում, նվաստացնում և համատարած բերման էին ենթարկում՝ ով կհանդիպեր:
Կատարվող իրադարձություններն այլ կերպ որակել, քան իսկական պատերազմ, անհնարին է: Ովքեր փորձում էին հեռանալ, ոստիկանները՝ զույգ-զույգ, երեք-երեք մեծ արագությամբ վազում էին նրանց ետևից, շատ կոշտ առևանգում և բերման ենթարկում, որպեսզի հերթական անգամ նվաստացնեն և հավերժական վախ ներարկեն մեկ առ մեկ բոլորի մեջ: Իրադարձություններն ընթանում էին գիշերով և օգտվելով պատեհ խառնաշփոթ վիճակից` դարաններից ոստիկաններին էին միանում քաղաքացիական հագուստով օլիգարխների թիկնապահները, ովքեր առանց խտրականության՝ զենքերով և այլ տարաբնույթ միջոցներով, գազանաբար հարձակվում էին խաղաղ ցուցարարների վրա և ամենավերջին ձևով ծեծում և բերման ենթարկում նրանց:
Չգիտեմ, թե ինչ անուն կարելի է տալ այս ամենին, այնուամենայնիվ, կարծում եմ, որ սա իսկական պատերազմ է իշխանություն-օլիգարխիա-ոստիկանություն տանդեմի և ժողովրդի միջև: Քանի որ սահմանադրությամբ իշխանությունն է ժողովրդի անվտանգության երաշխավորը, նա էլ ինչպես ուզում, այնպես վարվում է ժողովրդի հետ, քանզի նրան համարում է իր ստրուկը: Եթե անկեղծ լինենք, ապա ժողովրդի այն անհամեմատելի մեծամասնությունը, ովքեր տներից կամ զվարճանքի վայրերից ծիկրակելով հետևում են ընթացող զազրելի իրադարձություններին, ոչ ավել, ոչ պակաս, քան սրուկ որակվել չեն կարող:
Եթե ոչ Տիրոջ, ապա նրանք մի օր ժողովրդի առաջ պատասխան են տալու այս ամենի համար: Չեմ ցանկանում ինչ-ինչ նոտաներ մտցնել հուլիսի 29-ից լույս 30-ին տեղի ունեցած գազանական /որքան փնտրեցի, ավելի մեղմ բառ չգտա/ իրադարձությունների մեջ, սակայն այդ օրը Հայաստանում տեղի էր ունենում ազգային եղեռն, որն այսուհետ՝ արյունոտ տառերով տեղ է գտնելու օրացույցի համապատասխան էջում: Դա հայ ժողովրդի մեծագույն ամոթն է, որն այսքան տարիների՝ նրա հանդուրժողականության հետևանքն է: Այսօր մենք հնձում ենք այն, ինչ ցանել ենք…:
Կարդացեք նաև
Սովորաբար պատերազմների ժամանակ հակառակորդ երկու կողմերն էլ զինված են լինում, սակայն այն, ինչին ականատես եղանք հուլիսի 29-ի գիշերը Սարի Թաղում և Խորենացի փողոցում, մեծաքանակ զինված հրոսակախմբերի բիրտ հարձակում էր անզեն ժողովրդի վրա: Միջազգայնորեն ընդունված օրենքներով նման արարքները դիտարկվում են որպես եղեռնագործություններ: Այս դեպքերից հետո հանգիստ խղճով, այլևս կարելի է Թուրքիայի դեմ ցեղասպանության պահանջ չդնել, քանզի …:
Այս ամենի համար ապացույցներ հարկավոր չեն, քանզի ամբողջ աշխարհն ականատես եղավ կատարվածին…Հավանաբար նման և ավելի բիրտ վայրագություններ շատ են եղել մարդկային կյանքի ընթացքում, սակայն մի առանցքային տարբերությամբ, որ դրանք եղել են օտար երկրների և ժողովուրդների նկատմամբ…
Մենք՝ ապրողներս, ունակ չենք, սակայն երկնքում թափառող մեր անմեղ, անվախ զոհերի հոգիները մի օր անպայման շանթահար կանեն մեղավորներին…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ